Նախատոնական եռուզեռ Հրազդանում (տեսանյութ)

Նախատոնական եռուզեռ Հրազդանում (տեսանյութ)

Ամեն դեկտեմբերին, կարելի է ասել, ողջ ամիսը Նոր տարվա առեւտուրը դառնում է ժողովրդի գլխավոր օրակարգը: Եվ ահա հաշված օրեր են մնացել Ամանորին, Հրազդանում նոր -նոր սկսել է առեւտրի եռուզեռը: Մարդն ինչ հոգեպահուստ ունի, տալիս է ուտելիքի, չեղած դեպքում՝ պարտք է վերցնում, գնում խանութից խանութ, փնտրում ամենաէժանն ու միաժամանակ ամենից որակովը:



Հարցումներ կատարեցինք Հրազդան քաղաքի շուկաներից մեկում, թե ինչպես է առեւտուրը ընթանում, եւ ինչպես են մարդիկ պատրաստվում Նոր տարվան: Առեւտրականներն ստիպված են դիմել այս տարբերակին՝ թեկուզ Ամանորի նախաշեմին, այս ցուրտ եղանակին շուկայում բացօթյա առեւտուրն ընդլայնվում է: Դրանով զբաղվողները դժգոհ են այս տարվա ցուցանիշներից: «Հրազդանում էլ մարդ չի մնացել, մնացողների ձեռքին փող չկա, առեւտուր որտեղի՞ց լինի: Առավոտվանից կանգնել եմ այս սառնմանիքին, 7000 դրամ առեւտուր եմ արել»,- ասաց առեւտրականներից մեկը, ապա հավելեց,- «Էնքան ցուրտա ապրանքը, որ չծածկենք, կփչանա, էս դոշակները իրիկունը տանում եմ ես եմ վրան քնում, առավոտը բերում եմ կանաչիները փակում»:



Առեւտրից դժգոհ էին գրեթե բոլոր առեւտրականները, ստիպված ամբողջ օրը կանգնում են՝ հույս ունենալով, որ առեւտուր կանեն: Հրազդանցիներից ոմանք արդեն պատրաստվել են Նոր տարվան, կատարել գնումները, սակայն մի ստվար զանգված գնումները կատարում է նպաստը ստանալուց հետո, ոմանք էլ սպասում են «խոպանի փողերին»:



Պատրաստվո՞ւմ են Նոր տարվան․ հարց ուղղեցինք հրազդանցիներին, հնչեցին տարբեր պատասխաններ. «Չենք կարողանում գազի, լույսի վարձ վճարել, էլ ինչ Նոր Տարի, կարեւորը առողջ լինենք, Հիսուսի հետ լինենք, ամեն դժվարություն կհաղթահարենք»,-ասաց զրուցակիցս:



Մանրամասները՝ տեսանյութում:



Նելլի Կարապետյան