Սեյրան Օհանյանից անբասիր մարդ կարա՞ք նշեք հիմա․ Ամարասի Արթուր

Սեյրան Օհանյանից անբասիր մարդ կարա՞ք նշեք հիմա․ Ամարասի Արթուր

Ազատամարտիկ, Սեյրան Օհանյանի մարտական ընկեր Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք իրենց թիմով կաջակցեն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ ինչ ֆորմատով էլ որ նա մասնակցի ընտրություններին։ Բայց նրան դուր չի գալիս, որ իրեն այդքան շատ են հարցեր տալիս Սեյրան Օհանյանի մասին։



«Ես, Սեյրան Օհանյանը, նախկին զինակիցներ ենք եղել, պաշտպանության նախարարության ծառայողներ ենք եղել, բայց դա չի նշանակում, որ մենք անընդհատ պետք է հանդուրժենք ձեր հարձակումները և հարձակողական դիրք բռնենք։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք անընդհատ պաշտպանվում ենք։ Էդպիսի հարցազրույց չի եղել, որ Սեյրան Օհանյանի համար հարձակողական հարցեր չհնչեն»,-ասաց նա։



Ըստ Ալեքսանյանի՝ ինչ եղել, եղել է, ինչ բացթողումներ արվել են, արվել են, պետք չէ դրանք մատի փաթաթան դարձնել։ «Ինձ համար մեկ-երկու անգամ կարող է էսպես շարունակվել, ես չեմ պատրաստվում էլ նման հարցերի պատասխանել կամ չգիտեմ, կարմրենք։ Ինչ եղել, եղել է, առաջ նայենք»,-ասաց նա։



Իսկ ի՞նչ է եղել, հետաքրքրվեցինք մենք։ «Չգիտեմ, Սեյրան Օհանյանի Մարտի 1-ը, չգիտեմ ինչ․․․ Նայեք, էվոլուցիան առանց Մարտի 1-ի, առանց Հոկտեմբերի 27-ի, ցավալի է, որ եղել է, բայց առանց տենց բաների մենք առաջ չենք կարող գնալ։ Ինչ որ եղել ա, դա փորձ ա մեր համար, պիտի հիմա էդ փորձառու մարդիկ մեջտեղ գան, որ կարողանանք առաջ գնալ։ Հերիք ա, մի քիչ էլ դուք զիջողական եղեք»։



Դիտարկմանը, թե ովքեր իշխանությունից դուրս են գալիս, հանկարծ հիշում են թերությունների մասին, դա նորմալ ու բարոյակա՞ն է, պարոն Ալեքսանյանն ասաց․ «Ես Ձեզ՝ որպես նախկինում պետական աշխատող, ուղղակի մի բան ասեմ․ զինվորը երբեք չի կարա հրամանները չկատարի։ Որ օրը չկատարեց, դուռը կբացեն, ճամփու կդնեն։ Երկրորդը, եթե էդքան Սեյրան Օհանյանի անցյալով հետաքրքրված եք, և ինչ-որ ապրիլյան բանը ձեզ դուր չի գալիս, Մարտի 1-ը, չգիտեմ ինչը, ես մի հարց ունեմ՝ էդ նույն Սեյրան Օհանյանը 1992-94 թթ․ Ղարաբաղի ՊԲ շտաբի պետն ա եղել, ինչ որ գրավել ենք, ինքնա կազմակերպել, էդ 800 հազար հեկտարը, որ ազատագրել է ինքը, խի՞ չեք աչքը կոխում»։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե հանրությունը ցանկանում է, որ հնարավորինս անբասիր ու մաքուր անցյալով մարդիկ մտնեն կենսագրություն, որ նոր Մարտի 1-եր և այլ նման երևույթներ չկրկնվեն, Արթուր Ալեքսանյանն այսպես արձագանքեց․ «Սեյրան Օհանյանից անբասիր մարդ կարա՞ք նշեք հիմա»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ