Շունը, առհասարակ, երբ ուզում ես բռնել, փախչում է. «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ

Շունը, առհասարակ, երբ ուզում ես բռնել, փախչում է. «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ

«Հաղթանակ» զբոսայգու հարակից տարծքների բնակիչները վաղուց է, ինչ ապրում են այգում թափառող շների ոհմակների վտանգավոր հարևանությամբ: Մանավանդ ձմռան օրերին քաղցած կենդանիները հարձակվում են ամեն ինչի վրա, որ շարժվում է: Այգի մտնել չի լինում, պատահում է` ոհմակով հարձակվում են նաև այգին եզրափակող մայթերով քայլող միայնակ անցորդների ու երեխաների վրա:



Խմբագրություն այցելած քաղաքացու խնդրանքով դիմեցինք քաղաքապետարանի մրցույթների «բազմակի հաղթող» «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ին, որտեղից մեզ ուղղակի շշմեցուցիչ պատասխան տվեցին. «Դուք առաջինը չեք, որ այդ հարցով դիմում եք մեզ»: Իսկ ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գևորգյանի հետ զրույցից էլ հասկացանք, որ նաև վերջինը չենք: Նա մեզ տեղեկացրեց, որ այգին իրենց ուշադրության կենտրոնում է. «Մեր աշխատակիցները պարբերաբար այցելում են այգի, հիվանդ կենդանիներին քնեցնում ենք, իսկ առողջներին էլ, եթե հաջողվում է բռնել` ստերիլացնում»:



Հետաքրքիր է, որ հենց ծառայության ղեկավարը մեզ ասաց, որ 21-րդ դարում իրենց ունեցածը ցանցերն են, որոնք, երբ գետինը սառած է, և ծառայության աշխատակիցները չեն կարողանում լավ վազել, այնքան էլ էֆեկտիվ չեն:



Հարցրեցինք` լավ, իսկ ո՞րն է ելքը: Տնօրենը կրկնեց իր նախորդ միտքը, որ այգին իրենց ուշադրության կենտրոնում է, և աշխատակիցները պարբերաբար այցելում են:



-Պարոն Գևորգյան, լավ է, որ ձեր աշխատակիցները պարբերաբար այգի են այցելում, բայց ի՞նչ են անում նրանք այգում, որ շները պակասելու փոխարեն շատանում են:



- Եթե կարողանում են` բռնում են, եթե չեն կարողանում` չեն բռնում,- եղավ պատասխանը, իսկ հետո նա մեզ լուսավորեց, որ շունն առհասարակ շարժուն կենդանի է:



Տնօրենի տրամադրությունը չփչացնելու համար հարցրեցինք.



-Ե՞րբ կարող ենք ձեր որևէ աշխատակցի կամ աշխատակիցների տեսնել այգում, աշխատանքի մեջ` ցանցերով կամ առանց ցանցերի:



-Հենց գնան, ձեզ իմաց կտանք, հեռախոսի համար ասեք,- թեթևակի սպառնալիքով ասաց տնօրենը:



Սիրով փոխանցեցինք մեր հեռախոսահամարը: Հուսանք` առաջիկայում կզանգահարեն և մեզ կհաջողվի հասկանալ, թե, առհասարակ, ինչով է զբաղված մայրաքաղաքում թափառող շների պոպուլյացիան վերահսկող այս կազմակերպությունը, որի անվան մեջ թերևս ամենաբնութագրականը «X» տառն է:



Էդիկ Անդրեասյան