Ուղեւորափոխադրող ընկերությունների լիցենզավորման պահը եկել է

Ուղեւորափոխադրող ընկերությունների լիցենզավորման պահը եկել է

Այսօր տեղի կունենա կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային ընկերությունների լիցենզավորման մրցույթը։ Այն անցկացվելու է Երեւանի հյուսիսային ավտոկայանում։ Այստեղ են հավաքվելու մրցույթին մասնակցող ընկերությունների տրանսպորտային միջոցները՝ մինչեւ 30 եւ 30-ից ավելի տեղ ունեցող ավտոբուսներ եւ միկրոավտոբուսներ՝ մոտ 70-75 միավոր։ Գնահատող հանձնաժողովը, բացի փաստաթղթերից եւ այլ չափանիշներից, զննելու է տվյալ մեքենաների տեխնիկական վիճակը, ստուգելու է, թե որքանով են դրանք համապատասխանում սահմանված չափանիշներին։



Հիշեցնենք, որ կառավարությունը՝ ի դեմս տրանսպորտի եւ կապի նախարարության, կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների վերաբերյալ լիցենզավորման կարգը խստացրեց, նոր օրենքներ ընդունեց 2015 թ․ նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Տուլայի մարզում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից հետո, որի արդյունքում եղան զոհեր եւ վիրավորներ։ Այդ վթարը սթափեցնող ազդակ հանդիսացավ, որպեսզի կառավարությունը քայլեր ձեռնարկի՝ հնարավորինս կանոնակարգելու ոլորտը, որ ամեն պատահած ընկերություն անվտանգության կանոնները խախտելով՝ ուղեւորափոխադրում չկատարի եւ մարդկանց կյանքի հետ չխաղա։ Ցավոք, մինչ նման որոշում կայացնելը այս 2 տարվա ընթացքում էլի մի քանի նման դեպք տեղի ունեցավ՝ կրկին ողբերգական ելքերով։ Վերջին դեպքը մի քանի օր առաջ էր։ Հունվարի 22-ին Հայաստանից ՌԴ մեկնած Mercedes Sprinter մակնիշի միկրոավտոբուսը վթարվել էր ՌԴ-ից վերադառնալիս։ Բարեբախտաբար, զոհեր չեղան, սակայն կան մոտ մեկ տասնյակ վիրավորներ։



Նկատենք, որ Տուլայում վթարված ավտոբուսը պատկանում էր այն ժամանակ դեռ «Քինգ դելյուքս» կոչվող ընկերությանը, որի սեփականատերն աբովյանցի հայտնի գործարար Արթուր Հարությունյանն էր՝ Պալաչը։ Վթարի պատճառների վերաբերյալ տարբեր վարկածներ շրջանառվեցին՝ ավտոբուսի տեխնիկական անսարքությունից մինչեւ վարորդի մեղավորություն, ղեկին քնել եւ այլն։ Թեպետ վարորդին դատապարտեցին ազատազրկման, սակայն մինչ օրս էլ շրջանառվում է ավտոբուսի՝ տեխնիկապես ոչ սարքին լինելու վարկածը, մասնավորապես՝ ընթացային համակարգում խնդիրների առկայությունը։ Ի դեպ, ուշագրավ է այն, որ վթարված ավտոբուսը, որը չինական Higer մակնիշի էր, կարծեմ՝ ընդամենը մեկ-երկու տարվա հնության էր, այսինքն՝ բոլորովին նոր։
Առհասարակ, «Քինգ դելյուքս» ընկերությունը Երեւանից Ռուսաստանի տարբեր քաղաքներ ուղեւորափոխադրումների նպատակով ձեռք էր բերել մոտ մեկ տասնյակ չինական Higer եւ Yutong մակնիշի ավտոբուսներ, որոնք բոլորն էլ նոր էին՝ 2010 թ․ արտադրության։ Այսօր այդ ավտոբուսները պատկանում են «Եվրազիա» ընկերությանը։ Դա նույն «Քինգ դելյուքսն է», որը, Պալաչի հետ կապված հայտնի դեպքերից հետո անցնելով Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի ձեռքը, անվանափոխվեց «Եվրազիայի»։



Այս ավտոբուսները, 2015-ի վթարի ժամանակ մրցակից ընկերությունների նմանատիպ ավտոբուսների համեմատ, կարծես թե ամենաթարմն էին, եւ ենթադրվում էր, որ պետք է նաեւ տեխնիկապես լավ վիճակում լինեին։ Թեպետ եթե մեկ-երկու տարվա ընթացքում պատշաճ տեխսպասարկում չանցնեն մեքենաները, բնական է՝ կարող են շարքից դուրս գալ։ Ամեն դեպքում՝ շուկայում այսօր դրանք ամենանոր ավտոբուսներն են։ Մյուս ընկերությունների ավտոբուսները 10-15, անգամ 20-25 տարվա հնության են։ Այսօր Երեւանից Ռուսաստան ուղեւորափոխադրումներ են իրականացնում 90-ականների արտադրության գերմանական հնամաշ Setra, Neoplan, Mercedes 0404 մակնիշի ավտոբուսներով, որոնց տեսքն արդեն հուշում է իրենց վիճակի մասին։ Դրանց մեջ ավտոբուսներ կան, որոնցով անգամ կարտոֆիլ չես ցանկանա տեղափոխել, ուր մնաց՝ մարդ։ Օրինակ՝ 1993-94 թթ․ արտադրության Mercedes կամ Setra, որոնց նստարանները քրքրված են, սանհանգույցն առհասարակ չի աշխատում, օդորակիչն ու վառարանները կիսատ-պռատ են գործում, լուսարձակները նորմալ չեն լուսավորում, կամ, օրինակ, հետեւի ստոպ-ազդանշաններից մեկը վառվում է, մյուսը՝ ոչ։ Գումարած՝ մշտապես փոշու մեջ կորած են, որովհետեւ վարորդներն ավտոբուսի էսթետիկ տեսքի ու հարմարավետության վրա թքած ունեն։ Էլ չենք խոսում այն մասին, որ այդ ավտոբուսները կարող են ճամփա ընկնել շարժիչների հետ խնդիր ունենալով։ Եվ այս մեքենաները գործակալությունների կողմից գովազդվում են որպես «բարձրակարգ եւ հարմարավետ տուրիստական ավտոբուսներ»։ Ու այս ամենի վրա տարիներ շարունակ հայրենի կառավարությունը աչք է փակել, քանզի դա եղել է բիզնես, որտեղ թերեւս իր բաժինն է ունեցել նաեւ կառավարությունը՝ իր տարբեր չինովնիկներով։ Իհարկե, Հայաստանում կան ընկերություններ, որոնք ունեն նոր, ժամանակակից ավտոբուսներ, բայց դրանք շահագործում են միայն տուրիստական պատվերների դեպքում, քանզի չեն ուզում կանոնավոր ուղեւորափոխադրումների վրա շարքից հանել թանկարժեք տեխնիկան։ Իսկ ուղեւորներ տեղափոխելու գործում ընկերություններին ձեռնտու են որքան հնարավոր է հնամաշ եւ հոգին փչելու վրա գտնվող ավտոբուսները, որովհետեւ մարդը նրանց համար արժեք է այն չափով, ինչ չափով որ վճարում է տոմսի դիմաց։



Տրանսպորտի նախարարությունից մեզ չասացին, թե որ ընկերություններն են այսօր մասնակցելու մրցույթին՝ նշելով, որ դա գաղտնի ինֆորմացիա է։ Որոշել են մինչեւ մրցույթի օրը չհրապարակել այդ անունները, որ դրանք հանկարծ հասանելի չդառնան գնահատող հանձնաժողովի համար։ Սրանով փորձել են կանխել հավանական կոռուպցիոն ռիսկը։ Բայց ասացին, որ մոտ 15 ընկերություն է հայտ ներկայացրել։ Մրցույթն անցկացվելու է ներկայացված յոթ երթուղիների համար, որոնցից վեցը Ռուսաստանի ուղղությամբ են աշխատելու, մեկը՝ Իրանի։ Ամեն երթուղում հաղթող է ճանաչվելու մեկ ընկերություն։ Մեր տեղեկություններով՝ հիմնական չափանիշներին բավարարող ընկերությունը լինելու է հենց Ծառուկյանի մերձավորին պատկանող «Եվրազիան»՝ նախկին «Քինգ դելյուքսը»։ Իսկ եթե որեւէ ընկերություն սահմանված պահանջներին չբավարարի, ի՞նչ են անելու։ Տրանսպորտի նախարարությունից մեզ ասացին, որ կրկին մրցույթ կհայտարարվի, մինչեւ համապատասխան ընկերություն գտնվի եւ հաղթի, բայց չափանիշները չեն մեղմացվի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ