Ինչպե՞ս են բաշխվելու մանդատները թեկնածուների միջեւ

Ինչպե՞ս են բաշխվելու մանդատները թեկնածուների միջեւ

Նոր ընտրական օրենսգրքով բավականին բարդացել է ոչ միայն քվեարկության գործընթացը, այլեւ դրանից հետո ձայների հաշվարկն ու մանդատների բաշխումը։ Նոր օրենսգրքով նոր հաշվարկային մեխանիզմներ են ամրագրված։ Եվ այդ հաշվարկների արդյունքում կարող է տարածքային կամ, ինչպես ընդունված է ասել, ռեյտինգային թեկնածուները շատ ձայն հավաքելով հանդերձ՝ չանցնեն խորհրդարան։ Նույն կուսակցությունից մի ընտրատարածքում կարող է մեկը 5 հազար ձայն հավաքել, մանդատ չստանալ, մյուս ընտրատարածքից մեկ ուրիշը 1000 ձայնով դառնալ պատգամավոր։ Այս՝ առաջին հայացքից անարդար ու անհավասար մոտեցման տրամաբանությունը փորձեցինք հասկանալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ։



Նախ, մինչեւ մանդատների բաշխումը, պետք է պարզել, թե որ քաղաքական ուժը որքան ձայն է հավաքել։ Կախված հավաքած ձայների քանակից՝ պարզ կդառնա, թե որին որքան մանդատ է հասնում։ Նաեւ կգումարվեն ազգային փոքրամասնությունների մանդատները։ Այս փուլում կորոշվի նաեւ՝ կոալիցիաներ կազմվո՞ւմ են, թե՞ ոչ, եւ եթե չկազմվեն, արդեն ընտրությունների երկրորդ փուլ կհայտարարվի։ Եթե քաղաքական ուժերից մեկը հավաքած լինի 50 տոկոս ձայն, բայց ոչ ավել, քան 54 տոկոսը, ապա ստիպված կլինեն ձեւավորել կոալիցիաներ, որպեսզի խորհրդարանում ձեւավորվի մեծամասնություն՝ ձայների առնվազն 54/46 տոկոս հարաբերակցությամբ։ Սա է պառլամենտարիզմի սկզբունքը։ Իսկ եթե մի քաղաքական ուժ հավաքած լինի ձայների, ենթադրենք, 70 տոկոսը, ապա այս հարցը չի առաջանա։



Դրանից հետո կսկսեն օրենքով նախատեսված մեխանիզմով հաշվել, թե խորհրդարան անցած քաղաքական ուժերի թեկնածուներից ովքեր են ստանալու մանդատ։
«Այստեղ օրենքն ամրագրել է կանոն՝ մանդատների կեսը բաշխվելու է համամասնական ընտրական ցուցակում, իսկ մյուս կեսը՝ տարածքային ընտրական ցուցակների միջեւ։ Այս պարագայում, եթե մանդատների քանակը կենտ թիվ է, այդ մեկ լրացուցիչ մանդատը հասնում է համամասնական ցուցակին։ Դրանից հետո անցնում ենք տարածքների միջեւ մանդատների բաշխմանը։ Այս դեպքում կիրառվում է բանաձեւային մոդել։ Այն մոտավորապես հետեւյալն է․ նախ հաշվարկվում է, թե որ ընտրատարածքում որքան ձայն է ստացել տվյալ կուսակցությունը, եւ այդ ձայներին համապատասխան իրականացվում է հաշվարկ։ Այսինքն՝ որտեղ ամենաշատ ձայները հավաքած կլինի տվյալ կուսակցությունը, այդ տարածքից առավել մեծ թվով թեկնածուներ կստանան մանդատ»,-ասաց պարոն Մուկուչյանը։ Նրա ներկայացրած բանաձեւի համաձայն՝ ամեն ընտրատարածքում ստացած ձայները նախ բաժանվում են երկուսի, դրանից գոյանում է մեկ մանդատ, հետո՝ երեքի, որից եւս գոյանում է մեկ մանդատ, այդ ձայները զուգահեռաբար համեմատության մեջ են դրվում մյուս ընտրատարածքների ձայների հետ, եւ դրանց նկատմամբ ունեցած առավելություններից էլ կրկին որոշվում է մանդատների քանակն ամեն տարածքում։ Նշենք, որ տարածքային ցուցակներում օրենքով ամրագրված է, որ պետք է նվազագույնը հինգ թեկնածու լինի։



Այս խրթին ու ոչ պարզ մաթեմատիկական բանաձեւի ընդհանուր տրամաբանությունը հետեւյալն է․ պետք է կուսակցությունները հնարավորինս շատ ձայն հավաքեն ամեն ընտրատարածքում, միայն իքս տարածքում տարածքային թեկնածուներից մեկի բերած շատ ձայնը դեռ իր համար մանդատ չի կարող ապահովել։ Դրա համար թիմային աշխատանք է պետք։ Օրինակ՝ մեկ ընտրատարածքում նույն կուսակցության իքս անդամը կարող է հավաքել, ենթադրենք, 5 հազար ձայն, իր հետ նույն ուժի համար «մրցակցող» մյուս 4 անդամներն էլ միասին վերցրած՝ 1000 ձայն։ Ստացվեց՝ այդ հինգ հոգով իրենց կուսակցության համար տվյալ ընտրատարածքում ապահովեցին ընդհանուր 6 հազար ձայն, որից միայն 5 հազարը՝ մեկ հոգի։ Մյուս ընտրատարածքում կարող է նույն կուսակցության հինգ անդամները միասին տարածքում ապահովեն ընդհանուր 9 հազար ձայն։ Եվ այդ թեկնածուներից որեւէ մեկը 5 հազար ձայն հավաքած չլինի, մեկը լինի 3 հազար, մյուսը՝ 2 հազար, երրորդը՝ նույնպես 2 հազար, այն երկուսն էլ՝ 1000-ական ձայն։ Բնականաբար, այս տարածքից այդ կուսակցությունը կստանա ավելի շատ մանդատ։ Եվ այստեղ կարող է այդ 2 հազար կամ 3 հազար ձայն հավաքած թեկնածուն ստանա մանդատ, իսկ մյուս ընտրատարածքից 5 հազար մանդատ ստացածը չդառնա պատգամավոր, քանի որ իր տարածքում ձայների ընդհանուր թիվը քիչ է եղել, ըստ այդմ էլ՝ այդ տարածքին, օրինակ, մանդատ առհասարակ չի հասել կամ շատ քիչ է հասել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ