ՀՀԿ-ն կո՞ղմ է ապօրինի հարստացմանը

ՀՀԿ-ն կո՞ղմ է ապօրինի հարստացմանը

Երեկ Ազգային ժողովում քվեարկության դրվեց Նիկոլ Փաշինյանի հեղինակած՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծն այս նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։ Հանձնաժողովը պետք է ուսումնասիրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների ձեւավորման աղբյուրները, ինչպես նաեւ նրանց գույքային վիճակը, դրամական միջոցների եւ գույքի աղբյուրների օրինականությունը, նրանց դրամական միջոցների եւ գույքի ձեւավորման հետ կապված հնարավոր կոռուպցիոն երեւույթները: Նշենք, որ նմանատիպ օրենք արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ ընդունվել է, բայց այստեղ բավականին լուրջ խնդրահարույց կետեր կային, մասնավորապես այն, որ օրենքը հետադարձ ուժ չունի։ Եվ Փաշինյանը, թերեւս լրացնելու համար այս բացը, առաջարկում էր հանձնաժողով ստեղծել, որ ուսումնասիրեին հավանական ապօրինի հարստացածների եկամտի աղբյուրները։ Նախագծին գրեթե բոլոր ուժերը կողմ արտահայտվեցին, բացի ՀՀԿ-ից։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե իրենք դեմ են «ձեւական բաներին», հետեւաբար, դեմ են քվեարկելու։ Նախագծին կողմ քվեարկեց 39 պատգամավոր, դեմ՝ 56, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։ Արդյունքում՝ նախագիծը չընդունվեց։ Անգամ հարցն օրակարգ չի մտնի, քանի որ ՀՀԿ-ական օլիգարխները թաքցնելու եւ վախենալու լիքը բան ունեն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ