Փնտրվում է եւս 13 համարձակ պատգամավոր

Փնտրվում է եւս 13 համարձակ պատգամավոր

Երեկ խորհրդարանում ստորագրահավաք էր։ ՀԱԿ խմբակցությունը ձեւաթուղթ էր կազմել, որպեսզի պատգամավորների ստորագրություններ հավաքեն եւ դիմեն Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելու հարցը։ Այս թեման առաջինը բարձրաձայնել էր «Ազատամարտիկների դաշինքը», հետո դրան հայտարարության տեսքով ընթացք տվեց «Համախմբում» կուսակցությունը։ Այս կուսակցությունից Էլինար Վարդանյանը գտավ օրենքի այն կետերը, որոնցով, իրենց կարծիքով, խախտվել է սահմանադրական նորմը, եւ առաջարկեցին փոխել ընտրության օրը, որը պետք է լինի ապրիլի վերջին տասնօրյակում։ Դրան միացավ նաեւ ՀԱԿ-ը, եւ այս ամենի վերջնակետը եղավ այն, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը որոշեց նախաձեռնությամբ հանդես գալ՝ դիմելու Սահմանադրական դատարան։



Նշենք, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր փոխել ընտրության օրը՝ հետաձգելով այն 4-5 օրով, «եթե բոլոր քաղաքական ուժերը գային համաձայնության»։ Սարգսյանը շեշտը դրեց ընտրության օրվա էմոցիոնալ կողմի վրա, որ այդ օրն ապրիլյան պատերազմի օրն է, եւ պետք է հարգել պատերազմում ընկած մեր հերոսների հիշատակը, այլ ոչ թե գնալ ընտրության։ Մինչդեռ, ՀԱԿ-ն ու «Համախմբումը» շեշտը դնում են իրավական ասպեկտի վրա՝ ապրիլի 2-ին ընտրություններ նշանակելը Սահմանադրության խախտում է նշանակում, եւ այն պետք է վիճարկվի։ Բայց Սերժ Սարգսյանն իր ելույթում վստահեցրել էր, որ եթե որոշեն փոխել ընտրության օրը, ապա իր իրավաբանները դրա արդարացման օրինական հիմքերը կգտնեն։ Այս ելույթից հետո Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ իրավաբան, Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության հեղինակ Դավիթ Հարությունյանը գտավ այդ իրավական «արդարացումը», բայց չհամոզեց քաղաքական ուժերին։



«Մեր հայցում 10 էջ հիմնավորումներ են գրված։ Հակասություն կա Սահմանադրության եւ սահմանադրական օրենք Ընտրական օրենսգրքի միջեւ, ինչի մասին Դավիթ Հարությունյանը չխորշեց, ասաց»,-մեզ հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ իրենց չեն բավարարել Դավիթ Հարությունյանի հիմնավորումները, ինչպես չի բավարարում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե կարող է 4-5 օրով հետաձգել ընտրության օրը․ «Ոչ, սա դրա հետ կապ չունի, սա իրավական հակասությունների մասին է, մեր խնդիրն էս պահին իրավական դաշտում է»։



Մեր դիտարկմանը, թե նախընտրական շրջան է, եւ սա արդեն շահարկվում է այն տեսանկյունից, որ քաղաքական դիվիդենտներ են փորձում շահել այս պրոցեսից, պարոն Մանուկյանն ասաց․ «Դուք կարո՞ղ եք ասել ավելի բարձր արժեք պատգամավորի համար, քան օրենքը եւ Սահմանադրությունն է։ Մենք ասում ենք, որ այստեղ որեւէ բառ չկա պատերազմի մասին, սա մաքուր իրավաբանական փաստաթուղթ է»։ Ըստ Մանուկյանի, եթե իրենց հայցը բավարարվի, ապա ընտրության օր պետք է հայտարարվի ապրիլի 20-21-ը։



Օրվա վերջում ընդամենը 14 ստորագրություն էր հավաքվել, բայց ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 պատգամավորի ստորագրություն։ Մանուկյանը դժվարացավ ասել՝ կգտնվի՞ եւս 13 պատգամավոր, որ կմիանա այս նախաձեռնությանը, թե՞ ոչ։ Նա ասաց, որ իրեն մոտ տասը պատգամավոր եւս խոստացել է, թե որքանով այդ տասը հոգին կկատարեն իրենց խոստումը, դժվար է ասել։ Այս պահին ստորագրել են ՀԱԿ խմբակցության հինգ պատգամավոր, «Համախմբում» կուսակցությանն անդամակցած եւս հինգ պատգամավոր, որոնք դե յուրե ԲՀԿ խմբակցության անդամ են, ԲՀԿ-ից երեք պատգամավոր եւ «Ժառանգություն» խմբակցության դե յուրե անդամ Թեւան Պողոսյանը։
Եթե չստացվի հավաքագրել այսքան ստորագրություն, ի՞նչ են անելու, Արամ Մանուկյանը չգիտի՝ առայժմ պրոցեսի մեջ են, պլան Բ չունեն որոշած։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ