Մոռացեք, որ ԱՄՆ դեսպանը որեվէ մեկին աջակցություն կցուցաբերի

Մոռացեք, որ ԱՄՆ դեսպանը որեվէ մեկին աջակցություն կցուցաբերի

ԱՄՆ նախագահի փոփոխությունը, ասում են, այդքան էլ նպաստավոր իրավիճակ չի ստեղծել ամերիկյան ֆինանսավորմամբ գոյատեւողների, այդ թվում՝ դրամաշնորհներ ստացող հայաստանյան հասարակական կազմակերպությունների համար։ Այլեւս այդքան հեշտ չի լինելու գրանտային ծրագրեր իրականացնելը։



Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) եւս ԱՄՆ-ից դրամաշնորհ է ստանում։ Ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նման մտավախություն ունե՞ն, հնարավո՞ր է՝ ԱՄՆ-ից այլեւս ֆինանսավորում չստանան։ Սաֆարյանը, ի դեպ, մտադիր է արեւմտամետ ուղղվածությամբ եւ ԱՄՆ դեսպանատան հետ ջերմ հարաբերություններ ունեցող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին։ «Մենք ունենք միջազգային պարտնյորներ, դրանցից մեկը, որը ես չէի անվանի բացառիկ ամերիկյան, իհարկե՝ կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ում, բայց ես այդպիսի խնդիրներ չունեմ, մեր հարաբերությունները պարզապես վերին աստիճանի բարձր մակարդակի վրա են։ Ավելին ասեմ, հենց նույն Թրամփի նախագահության շրջանում հաստատվել է նաեւ 2017 թ․ մեր համատեղ ծրագիրը»,-ասաց պարոն Սաֆարյանը։



- Հայտնի է, որ «Ազատ դեմոկրատները», որի հետ պատրաստվում եք մասնակցել ընտրություններին, եւս ունի արեւմտամետ ուղղվածություն, ԱՄՆ դեսպանատնից, Արեւմուտքից ձեզ այս ընտրություններին որեւէ աջակցություն լինելո՞ւ է։



- Դավանել եվրոպական կամ արեւմտյան ցիվիլիզացիայի արժեհամակարգ, դա դեռեւս չի նշանակում լինել, այսպես ասած, պրոտեժեի կարգավիճակում։ Մոռացեք, որ Միացյալ Նահանգների դեսպանը կամ դեսպանատան որեւէ աշխատակից որեւէ մեկին աջակցություն կցուցաբերի։ Դա պարզապես արգելված է միջազգային օրենքներով։ Այո, նրանք եւ մենք տարիներ շարունակ Հայաստանում ժողովրդավարության զարգացման եւ այլ հարցերում ունեցել ենք վերին աստիճանի կանխատեսելի եւ հուսալի հարաբերություններ։



- Իսկ Ռուսաստանը պրոռուսական ուժերին աջակցություն ցուցաբերո՞ւմ է։



- Ոչ, ոչ մի երկիր չի կարող, առավել եւս՝ դեսպանատան միջոցով։ Ես անձամբ իմ օրինակով գիտեմ, որ սկսած իմ ամերիկյան գործընկերներից, վերջացրած ԱՄՆ դեսպանատնով, երբեք ինձ չեն պարտադրել անել որեւէ բան, որը ես չեմ պատկերացնում, կամ մի բան, որն իմը չէ։ Մինչդեռ մենք ակնհայտ տեսել ենք ճիշտ հակառակը՝ Ռուսաստանի դեսպանատան կողմից, որը շատ հաճախ եղել է բացահայտ մեր ներքին հարցերին միջամտության միջոցով։ Օրինակ, երբ որ Ռուսաստանի դեսպանը 100-ից ավել ՀԿ-ների հռչակեց որպես հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրող։ Միացյալ Նահանգների դեսպաններից որեւէ մեկը նախկինում իրեն թույլ չի տվել նման հայտարարություն։



- Գուցե իրենք էլ թույլ չեն տվել, այլ ուղղակի արել են՝ խրելով իրենց սեպը հայ-ռուսական հարաբերությունների մեջ։



- Չէ, ես լավ իմանալով քաղաքական դաշտը, լավ իմանալով Ռուսաստանի վերաբերմունքը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, պարզապես մի բան ասեմ՝ նրանք ուղղակի սովոր չեն այլախոհությանը, այլակարծությանը, չեն ընդունում դա։ Եթե մի բան գովք չէ Ռուսաստանի կամ իր նախագահի մասին, դա սեպ խրել է եւ այլն։ Այսինքն՝ հստակ հասկանում եմ, թե ինչ կոնտեքստով եւ ինչ շարժառիթներով են այդ հայտարարություններն արել։



- Այդուհանդերձ, ԱՄՆ-ն արդեն նոր նախագահ ունի։ ԱՄՆ իշխանությունը հայաստանյան ընտրություններում, ըստ Ձեզ, որեւէ հետաքրքրություն կամ միջամտություն կարո՞ղ է ունենալ։



- ԱՄՆ-ն ունի շահեր Հարավային Կովկասում, որը որեւէ նախագահ չի կարող փոխել, որովհետեւ դրանք օբյեկտիվ գործոններով պայմանավորված շահեր են։ Ինչ վերաբերում է քաղաքական պրոցեսներում տեսնել որեւէ քաղաքական ուժի, ես ուղղակի կարող եմ իմ ընկալումն ասել, որ ԱՄՆ-ն կուզենա, իհարկե, տեսնել այնպիսի ուժեր, որոնք կարեւորում են, գիտակցում են հայ-ամերիկյան հարաբերությունների նշանակությունը Հայաստանի համար, որոնք կանխատեսելի են։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ