Չարենցավանում ՀՀԿ-ն շտաբ է բացում, ԲՀԿ-ն շտաբի տարածք ու թեկնածուներ է փնտրում

Չարենցավանում ՀՀԿ-ն շտաբ է բացում, ԲՀԿ-ն շտաբի տարածք ու թեկնածուներ է փնտրում

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը չի բացառում, որ կարող է առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով Կոտայքի մարզում։ Նա, հիշեցնենք, Չարենցավան քաղաքից էր, ժամանակին այս քաղաքի քաղաքապետն է եղել, հետո էլ այստեղից մեծամասնականով պատգամավոր է ընտրվել։ Ու եթե առաջադրվի, թերեւս կաշխատի հիմնականում Չարենցավանի եւ հարակից բնակավայրերի էլեկտորատի վրա։ Այս օրերին նա սովորականից ավելի հաճախ է այցելում հարազատ քաղաք, որտեղ տարածք ունի, որն ընտրական շրջանում մշտապես որպես նախընտրական շտաբ է ծառայում։ Հիմա այստեղ ակտիվ աշխատանքներ են տարվում, Այվազյանն արդեն սկսել է մոբիլիզացնել իր թիմակիցներին՝ պատրաստվելով ապագա քարոզարշավին։ Բայց դեռ հարց է՝ այն իր անձնակա՞ն շտաբը կլինի, թե՞ կուսակցության։ «Ես չեմ բացառում իմ առաջադրվելը նաեւ ռեյտինգայինով։ Եթե դու կուսակցական գործունեությամբ զբաղվել ես, եթե դու որոշակի առումով ընկալում ունես, ապա հնարավոր է նաեւ ռեյտինգայինով դնել, ինչո՞ւ ոչ»,-մեզ հետ զրույցում ասաց Այվազյանը։ Ինչ վերաբերում է նախընտրական շտաբի ակտիվացմանը, Այվազյանն ասաց․ «Այո, ես ասել եմ, որ շտաբը վերանորոգեն, որովհետեւ, անկախ որեւէ բանից՝ ես կլինեմ ռեյտինգային թեկնածու, թե չեմ լինի, ես իմ կուսակցական գործունեությունն իրականացնելու եմ, այս ընտրական պրոցեսին մասնակցելու եմ։ Այսինքն, եթե ոչ իմ, ապա գոնե ՀՀԿ-ի շտաբ որ միանշանակ կլինի»։



Այս տարածքում ՀՀԿ-ից ռեյտինգայինով կառաջադրվի նաեւ Չարենցավանում գործող «Ասկե գրուպ» ընկերության ղեկավար Վահան Հարությունյանը։ Վերջինս Սերժ Սարգսյանի ընկեր, գործարար Միշա Հարությունյանի որդին է եւ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի զարմիկը։ Նա թեպետ Չարենցավանի լայն հասարակությանը հայտնի չէ, բայց արդեն մի քանի ամիս է՝ ակտիվ նախընտրական գործընթացների մեջ է մտել, իր գործարանի աշխատողներին ուղարկում է հանձնաժողովի անդամների դասընթացների, տարբեր բարեգործական «անմեղ» ակցիաներ է անում եւ այլն։ Օրինակ՝ երեխաներին իր հաշվին տանում է իր զարմիկ Միհրան Պողոսյանի կառուցած «Ձմեռային այգի»՝ էքսկուրսիայի։ Խոսվում էր նաեւ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդու առաջադրման մասին՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով, այս տարածքում, սակայն, քանի որ վերջինս Գագիկ Ծառուկյանի փեսան է, ըստ ամենայնի, կառաջադրվի ԲՀԿ-ի կողմից։ Բայց ում կողմից էլ որ առաջադրվի, նա նույնպես հիմնականում կաշխատի Հրազդանի, Աղավնաձորի տարածքի էլեկտորատի վրա, քանզի ծնունդով Աղավնաձորից է։



Ի դեպ, ՀՀԿ-ի համեմատ՝ որոշակիորեն բարդ է Ծառուկյանի դաշինքի կողմից Կոտայքի մարզի այս հատվածից ռեյտինգային թեկնածուների առաջադրման հարցը։ ԲՀԿ-ն այս օրերին ակտիվ փնտրտուքների մեջ է, թե ում առաջադրի ընդդեմ Վարդան Այվազյանի եւ Վահան Հարությունյանի, որ հնարավորինս համարժեք թեկնածուներ լինեն եւ ֆինանսական նույնքան լուրջ ռեսուրսներ ունենան։ Մասնավորապես, խոսք կա ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանի առաջադրման մասին, ով եւս Չարենցավանից է։ Մենք տեղեկացանք, որ նրա առաջադրման հարցն այս պահին դեռ անորոշ է, ԲՀԿ-ից այլ թեկնածուներ էլ են քննարկվում։ Օրինակ, ըստ տեղեկության, ԲՀԿ-ն առաջարկ է արել երիտասարդ գործարար Գարիկ Ղամբարյանին, ով անցյալ տարի ցանկանում էր ընտրվել Չարենցավանի ավագանու անդամ, բայց չհաջողվեց։ Ուշագրավ է, որ նա այս տարիներին մշտապես աշխատել է իշխանությունների համար։ Բայց եթե Ղամբարյանի առաջադրման հարցը դեռ խոսակցությունների մակարդակով է, ապա առավել հստակ է Չարենցավանի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարի՝ Գայանե Գրիգորյանի առաջադրումը, ով ժամանակին եղել է մանկապարտեզի տնօրեն, այժմ էլ Չարենցավանի ռեսուրս կենտրոնի ղեկավարն է: Մենք տեղեկացանք, որ նրա համար արդեն նախընտրական շտաբի տարածք են փնտրում։ Հիմնական «ստավկան» կարող է դրվել այս տարածքից մեծամասնականով ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի վրա, ով, սակայն, Չարենցավանից չէ եւ 2012-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ի ակտիվ աջակցության եւ իր ֆինանսական լուրջ ռեսուրսների շնորհիվ։ Այս ընթացքում, սակայն, նա պասիվ պատգամավոր է եղել, տարածքում էլ չի աշխատել։



Կոտայքի մարզից Ծառուկյանի դաշինքից ռեյտինգային ցուցակով, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի նաեւ ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը։ Նա ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիայի տարիներին զբաղեցրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը։



Այժմյան կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն էլ Կոտայքի մարզի ընտրատարածքում, կոնկրետ Չարենցավանից, նախնական տեղեկությամբ, կառաջադրի Չարենցավանի «տեխնիկումի» տնօրեն Արտակ Գրիգորյանին ու Բաբկեն Եփրեմյանին, ով «Բջնի» ջրերի գործարանում է աշխատում։ Թե որքանով նրանց կհաջողվի մրցակցել ԲՀԿ-ական ու ՀՀԿ-ական թեկնածուների դեմ, դժվար է ասել։



Վերոնշյալ անձինք առաջադրվելու դեպքում, բնականաբար, միայն Չարենցավանի եւ հարակից գյուղերի թեկնածուն չեն լինելու, այլ ամբողջ մարզի։ Պարզապես, նրանք հիմնականում կաշխատեն Չարենցավանի էլեկտորատի վրա, որտեղ ճանաչված են։ Եվ եթե անգամ Չարենցավանի մակարդակով Ծառուկյանի դաշինքի կողմից առաջադրվող հավանական թեկնածուներն իրենց հնարավորություններով զիջեն ՀՀԿ-ի թեկնածուներին, ապա ամբողջ Կոտայքի մարզի մասշտաբով Ծառուկյանի թիմը բավականին շատ ձայներ ունի։ Միայն Գագիկ Ծառուկյանը բավական է, որ ռեյտինգայինով առաջադրվի մարզում եւ տանի ձայների առյուծի բաժինը։ Այս ընտրատարածքում, բացի Շշի Մելոյից, ԲՀԿ-ն մեկ այլ լուրջ թեկնածու էլ ունի՝ Նոր Հաճնի էլեկտորատի վրա կարող է աշխատել հայտնի գործարար Արշակ Մխիթարյանը՝ Բռլյանտի Արշակը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ