Այս հարցում էլ Վրաստանից հետ մնացինք

Այս հարցում էլ Վրաստանից հետ մնացինք

Վերջին օրերին սոցցանցերում հայ օգտատերերի կողմից մեծ ափսոսանքով ու միաժամանակ ոգեւորությամբ քննարկվում է Վրաստանի համար Եվրոպա մուտքի վիզաների ազատականացման հարցը։ Մեր հարեւանները կկարողանան առանց «շենգեն» վիզայի մուտք գործել Եվրոպա, իսկ մենք այս հարցում էլ հետ մնացինք նրանցից, որից ժամանակին առաջ էինք շատ հարցերում։ Բայց Վրաստանը կարողացավ ժամանակին ճիշտ կողմնորոշվել ու բռնել եվրաինտեգրման ուղղությունը, իսկ մեր իշխանությունները որոշեցին վերադառնալ «սովետական դարաշրջան»՝ անդամակցելով ԵԱՏՄ-ին։ Այսօր մենք մաս ենք կազմում մի միության, որի անդամներն են մուսուլմանական Ղազախստանն ու Ղրղզստանը, դեմոկրատիայից ու լիբերալ արժեքներից դեռեւս շատ հեռու Բելառուսն ու Ռուսաստանը։ Արդյունքում ՀՀ քաղաքացիները սկսել են երազել Վրաստանի քաղաքացիություն ձեռք բերելու մասին, այնինչ մինչ օրս հակառակն էր։



ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մեզ հետ զրույցում փորձեց հուսադրել, որ մենք էլ ենք հիմա նման ճանապարհով գնում, ինչ Վրաստանը։
Նա, խոսելով այժմ ՀՀ-ի ու ԵՄ-ի միջեւ նոր համաձայնագիր կնքելու շուրջ ընթացող բանակցությունների մասին, ասաց․ «Փաստաթղթի նոր իրավական շրջանակը, անշուշտ, կարտացոլի նաեւ Ռիգայում ձեռք բերված երկուստեք հանձնառությունը՝ կապված վիզաների ազատականացման երկխոսությունն սկսելու առումով։ Երկխոսություն ասելով՝ մենք հասկանում ենք այն գործողությունների ծրագիրը, որը մեզ պետք է տանի վիզային ռեժիմի ընդհանրապես ազատականացման ճանապարհով, ինչպես որ եղավ Վրաստանի ճանապարհով»։



Թե ինչ է դա իրենից ներկայացնում, պարոն Նազարյանն այսպես բացատրեց․ «Խոսքը գործողությունների ծրագրի իրականացման մասին է՝ հետագա երեք տարիների կտրվածքով։ Դա ռեֆորմ պարունակող գործընթաց է։ Խոսքը նաեւ նախկինում ստորագրված եւ ուժի մեջ մտած վիզաների ազատականացման եւ հետընդունման համաձայնագրի իրականացման գործընթացի մասին է։ Հուսամ, որ ապագա տարիների ընթացքում մեզ նույնպես հնարավորություն կընձեռվի գալ նույն կարգավիճակին, ինչ որ ձեռք բերեց Վրաստանը, այն է՝ այսօր Վրաստանի քաղաքացիները կարող են ազատ ճամփորդել Եվրամիության երկրներ»։



Հիշեցնենք, որ 2014 թ․ հունվարից Հայաստանը վիզաների դյուրացման մի համաձայնագիր ստորագրեց ԵՄ-ի հետ, որով առանձին խմբերի համար շենգեն գոտու երկրների վիզա տրամադրելը համեմատաբար ավելի հեշտ պետք է լիներ։ Մենք նկատեցինք, որ մինչ օրս դեռ դժգոհություններ կան այս հարցում, որ խնդիրներ են առաջանում ԵՄ վիզա ստանալու հարցում, եւ այդ դյուրացումն իրականում չի նկատվում։ Նազարյանը չհերքեց այս իրողությունը․ «Գիտե՞ք, ցավոք սրտի, մենք լսել ենք նման բարդ փորձառությունների մասին, որ մեր քաղաքացիներն ունեցել են վիզաների կենտրոն այցելելիս, ես կխնդրեի, որ նման դեպքերում ուղղակի անուն-ազգանունով այդ մասին մեզ տեղեկացնեին։ Մենք կփորձենք հետամուտ լինել»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ