«Հողաբազարչիների» համարձակությունն ուղղակի սպանում է

«Հողաբազարչիների» համարձակությունն ուղղակի սպանում է

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ համագումարում փորձ էր քաղաքական դաշտում բաժանարար գիծ քաշելու եւ առաջիկա ընտրությունների մասնակիցներին այդ գծի այս ու այն կողմերում կանգնեցնելու: Եթե հիշում եք` Տեր-Պետրոսյանը կոչ էր արել ՀՀ իշխանություններին ստորագրել ազատագրված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու փաստաթուղթը, որպեսզի Ադրբեջանն այլեւս չպատերազմի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստեղծվի վստահության մթնոլորտ, հետո էլ՝ Աստված մեծ է. գուցե Ալիեւի նման ռացիոնալ գործիչը համաձայնի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Այս կոչը Լեւոն Տեր-Պետրոսյանը հնչեցրեց ոչ մերկապարանոց: Նա հստակ հայտարարեց, որ ՀԱԿ-ը հենց այս պլատֆորմով է գնալու ընտրությունների եւ Սերժ Սարգսյանին «դուխ է տալու», եթե նա համաձայնի ստորագրել մադրիդյան, այսպես կոչված, փուլային ղազագիրը:



Տեր-Պետրոսյանը լավ է հասկանում, որ Ղարաբաղի թեման լինելու է առաջիկա ընտրությունների հիմնական քարոզչաթիրախներից մեկը: Անհնար է պատկերացնել այսօր հաջողակ քարոզչություն, եթե քաղաքական ուժը որեւէ կերպ կողմնորոշված չէ ղարաբաղյան հարցում եւ չունի այդ հարցի, եթե ոչ լուծման, ապա, առնվազն, ներկա ստատուս քվոն պահելու իր տեսլականը:



Անցյալ տարի ապրիլին մենք համոզվեցինք, որ պատերազմի ժամանակ մեր ժողովուրդը կռվում է, միաբան է, պատրաստ է ամենամեծ ինքնազոհողությունների: Բավական է, սակայն, հրանոթները լռեն, եւ մեզանում բոլորը փիլիսոփա են դառնում: Այդպիսի ազգեր, հավանաբար, շատ կան աշխարհում, բայց նրանք մեզնից տարբերվում են մի խոշոր առանձնահատկությամբ: Ուրիշ ազգերը, օրինակ՝ հրեաները, խաղաղության պահերին դատում ու փիլիսոփայում են` ունենալով հակառակորդի մասին իրենց հստակ պատկերացումներն ու գնահատականները: Իսկ մենք մոռացկոտ ենք, դասեր չենք քաղում ոչ պատերազմից, ոչ պատմությունից եւ հեշտությամբ ենք վերածվում խեղկատակի: Բավական է թուրքը մի քանի տարի մեզ չկոտորի, եւ մենք հայտարարում ենք, որ Թուրքիան փոխվել է, բավական է Ալիեւը մի քանի օր չկրակի, եւ մեր մեջ հայտնվում են մարդիկ, որ նրան իսկույն ռացիոնալ գործիչ են հռչակում, խորհուրդ տալիս մի բան զիջել, որ էլի չկրակի:



Ահավասիկ, ապրիլյան պատերազմից հետո քաղաքական դաշտում է հայտնվել մի փիլիսոփա, որի համարձակությանն ուղղակի նախանձել կարելի է: Մարդ, որի նախընթաց բոլոր ձեռնարկները փառավորապես ձախողվել են, փորձում է դեպի խորհրդարան ճանապարհ հարթել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության մթնոլորտ ստեղծելու պլատֆորմով, այն է` «հողերը տանք, որ լավ ապրենք» փիլիսոփայությամբ: Նա իր ղեկավարած ուժին կոչ է անում` գնացեք եւ համարձակ քարոզեք ասածներս, քանզի դա ճիշտ ճանապարհն է: Նա ՀՀԿ-ին եւ իշխանություններին կոչ է անում աջակցել Սերժ Սարգսյանին այդ գործում` միեւնույն ժամանակ երաշխիքներ տալիս, որ լինելու է այդ հարցում նախագահի գործիքը:



Տեր-Պետրոսյանն առաջարկում է քաղաքական դաշտի իր բաժանումը` «ոչմիթիզհողականներ» եւ «հողաբազարչիներ»: Ես կասեի` վատ բաժանում չէ: Առնվազն այն ավելի հասկանալի է, քան «արեւմտամետներ» եւ «ռուսամետներ» բաժանումը, ավելի լղոզված չէ, քան այսօրվա դաշինքների «գաղափարաբանությունը»: Տեր-Պետրոսյանի առաջարկած բաժանումն այնքան հստակ է, որ այլեւս ոչ ոք չի կարող կենտրոնում խաղեր տալ: Կամ ուղտ ես, կամ ուղտ չես, կամ տվող ես, կամ տվող չես: Եվ այլեւս հնարավոր չէ ասել` ես տվող եմ, բայց այնքան էլ հեշտ չեմ տալիս կամ այն ձեւով չեմ տալիս, ինչպես կերազեր Ալիեւը:



«Հողաբազարչիների» համարձակությունը հիրավի շշմեցուցիչ է, բայց պակաս շշմեցուցիչ չէ նաեւ ՀՀ իշխանությունների բռնած դիրքը: «Փոխվենք, որ փոխենք»-ը շատ տարբեր է «տանք ու տրվենք»-ից: Այդուհանդերձ` Սերժ Սարգսյանը, զբոսանքի ժամանակ, մի գործիք է հայտնաբերել, որ խոստանում է օգնել իրեն, եթե փոխվի Հայաստանի քաղաքականությունն Ադրբեջանի հարցում: Եվ այդ գործիքը նրան մարդկային լեզվով ասում է` «փոխվիր, որ փոխես»: Համաձայնեք, որ շատ համարձակ պետք է լինել նախագահին ասելու համար` ես տալիս եմ, դու էլ տուր: Եվ այսօր, երբ փլվում են արժեհամակարգերը, երբ քաղաքական դաշտում չկան այլ բաժանարարներ, երբ լիբերալները դարձել են սրսուռ սոցիալիստներ, երբ բոլորը մեծագույն հաճույքով թութակում են լուրջ քաղաքական ուժերի նախկին ու ներկա հայտարարությունները, կարճ` երբ շունը տիրոջը չի ճանաչում, մտահոգություն են պատճառում մամուլ թափանցող լուրերը, թե Սերժ Սարգսյանը խորհրդարան է տանում ՀԱԿ-ին: Դա, առնվազն, կարող է նշանակել, որ Սերժ Սարգսյանը դեմ չէ խորհրդարանում «հողաբազարչիների» ներկայությանը, ավելին՝ շահագրգռված է, որ նրանք էլ լինեն, որպեսզի ԼՂՀ հարցի կարգավորմամբ զբաղվող համանախագահներին ցույց տալու բան լինի, թե ինչպիսի առաջադեմ ուժ ունենք: Տա Աստված, որ ամեն ինչ հենց դրանով ավարտվի, եւ Սերժ Սարգսյանն առանձնապես չոգեւորվի տալու հարցում: Վատ օրինակը վարակիչ է:



ՀԳ. Ի դեպ, մի հարց էլ կա, որ թերեւս արժեր ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին` ո՞ր հանգրվանում է Սերժ Սարգսյանի լեգիտիմության աստիճանի Ձեր արծարծումը: Մի քիչ տարօրինակ չէ՞, արդյոք, ոչ օրինակարգ նախագահին ասել` գնա եւ տուր հողերը: Ասելս այն է, որ մինչեւ նրա լեգիտիմության հարցը չլուծեք, Ձեր տրանսֆորմացիան առնվազն անբարոյականություն է դիտվելու:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ