Կա՛մ դեսպանի խոսքն են սխալ թարգմանել, կա՛մ նրան սխալ տեղեկատվություն են տվել

Կա՛մ դեսպանի խոսքն են սխալ թարգմանել, կա՛մ նրան սխալ տեղեկատվություն են տվել

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը վերջերս քննադատեց ՀՀ կառավարությանը, որ նրանք արդյունավետ չեն ծախսում կոռուպցիայի դեմ պայքարի համար հատկացված գումարը, որը մոտ 800 մլն․ դոլար է կազմում։ Այն տրամադրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։ «Մինչ այժմ Հակակոռուպցիոն խորհուրդն այնքան առաջընթաց չի ունեցել, որքան հույս ունեինք, եւ այս պահի դրությամբ վերջինիս աջակցելու համար նախատեսված միջոցների 2.5 տոկոսից պակասն է փաստացի հատկացված: Հուսով եմ՝ այս փաստը կփարատի բազմաթիվ մարդկանց այն կասկածները, որ ԱՄՆ ՄԶԳ-ն այս գումարը պորտֆելի մեջ դրած՝ ամբողջությամբ հանձնել է խորհրդին: Մենք ԱՄՆ կառավարությունն ենք ներկայացնում, մենք Ջեյմս Բոնդը չենք: Մենք վարչապետին հայտնել ենք, որ կարիք ունենք տեսնել կոնկրետ առաջընթաց խորհրդի կողմից, եւ ես տեղյակ եմ, որ նա ուզում է վերակազմավորել խորհուրդը եւ վերանայել վերջինիս աշխատանքը: Վարչապետի հետ մեր քննարկումների հիման վրա մենք որոշում կկայացնենք հետագա քայլերի, այդ թվում՝ խորհրդին հետագա աջակցություն ցուցաբերելու կամ այդ միջոցներն այլ հակակոռուպցիոն մեխանիզմների ուղղելու վերաբերյալ»,-իր խոսքում ասել էր դեսպան Միլսը։



ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ Դավիթ Հարությունյանն ԱՄՆ դեսպանի այս քննադատությանը երեկ մեր զրույցում այսպես արձագանքեց․ «Ես անգիր Ձեզ չեմ ասի՝ մինչ այժմ ինչքան գումար է փոխանցվել, ինչքան է ծախսվել, բայց այդ 2.5 տոկոսը, ինձ թվում է, կա՛մ դեսպանի խոսքի անհաջող թարգմանության արդյունք է, կա՛մ դեսպանին ինչ-որ մեկը ոչ ամբողջական տեղեկատվություն է տվել։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ գումարների մասին բարձրաձայն խոսվել է, այդ թվում՝ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ։ Այդ գումարների հիմնական մասն ուղղված էր լինելու միջազգային փորձագետներ հրավիրելուն, որոնք պետք է այդ բնագավառում խորհրդատվություն մատուցեին, ինչը, ի դեպ, քննադատվում էր նաեւ Ազգային ժողովի կողմից։ Պետք է վարձվեին նաեւ տեղական մասնագետներ»։



Նրա խոսքով՝ տեղական մասնագետներն արդեն վարձվել են եւ կատարում են իրենց աշխատանքները, միջազգային փորձագետները պահանջել են այնպիսի անասելի գումար, որ, ըստ Հարությունյանի, ԱՄՆ ՄԶԳ-ի տրամադրած գումարներն ուղղակի չեն բավարարել։ «Եվ, իրենց գիտությամբ, նրանց հետ պայմանագիր չի ստորագրվել, որովհետեւ, եթե իրենք ենթադրում էին իքս միավոր գումար երկու փորձագետի համար, ապա մեկ փորձագետը պահանջել է շատ ավելի մեծ գումար, քան թե նախատեսում էին երկու փորձագետի համար։ Եվ գումարները չեն բավարարել միմիայն այդ պատճառով»,-ասաց Դավիթ Հարությունյանը։ Մեր հարցին, թե իրենք պաշտոնապես պարզաբանե՞լ են այս հարցը դեսպանին, Հարությունյանն ասաց, որ դեսպանի հետ մոտ օրերս հանդիպում կլինի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ