Մերկ եւ անարդար

Մերկ եւ անարդար

Կարծում ենք՝ յուրաքանչյուր կնոջ սահմանադրական իրավունքն է մերկանալը։ Իսկ եթե այդ կինը նաեւ դերասանուհի է, ապա այդ իրավունքը տեղավորվում է նրա պրոֆեսիոնալիզմի շրջանակներում։ Բայց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի համար այս իրավունքն այնքան էլ միարժեք չէ։ Նա, օրինակ, կարող է կնոջ մերկանալն ասոցացնել անարդարության, այդ կնոջ կողմից արդարության ընկալման խնդիրների հետ։ Բաբուխանյանին պատկանող «Իրավունք» թերթն օրերս հրապարակել էր 1996թ․ նկարահանված ֆիլմից մի դրվագ, որտեղ հայտնի կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն իր մարմնավորած դերում հանդես է գալիս ամբողջովին մերկ վիճակում։ Iravunk.com կայքում տեղ գտած այս «սենսացիոն բացահայտումը» վերնագրված էր՝ ««Արդար ընտրությունների» համար պայքարող Արսինե Խանջյանը նկարահանվել է ամբողջովին մերկ (18+)»։ Հիշեցնենք, որ Արսինե Խանջյանն ակտիվորեն հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից, նա հատկապես ակտիվ էր ՊՊԾ գնդի գրավման ժամանակ՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» իրականացվող ակցիաներին, եւ այժմ էլ մտադիր է գալ Հայաստան եւ որպես դիտորդ մասնակցել ԱԺ ընտրություններին։ Տեսանյութը քննադատության մեծ ալիք բարձրացրեց մամուլում եւ սոցցանցերում՝ ընդդեմ «այս էժան քայլի», եւ իրականում հակառակ էֆեկտ ունեցավ՝ բոլորը պաշտպանեցին Արսինե Խանջյանին։ Անգամ ծաղրանկարներ հայտնվեցին Բաբուխանյանի եւ Արսինեի նկարներով։ Երեկ Հայկ Բաբուխանյանից մեկնաբանություն փորձեցինք ստանալ։ «Ես որեւէ մեկի հետ խնդիր չունեմ»,- պատասխանեց Բաբուխանյանը եւ նշեց, որ «Իրավունքն» առանձին գործող կազմակերպություն է, իրենց է պետք դիմել, թե ինչու են նման նյութ հրապարակել։ Հարցրինք՝ արդյոք մերկ լինելն անարդարության նշա՞ն է։ «Շատ տարօրինակ հարց եք տալիս, նայած՝ ինչ պայմաններում»,-մեր «տարօրինակ» հարցին տարօրինակ պատասխան տվեց Հայկ Բաբուխանյանն ու շտապ հեռացավ՝ չպատասխանելով այլ հարցերի։ 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ