Ո՞նց անենք, որ վարչապետը կարդա այս հոդվածը

Ո՞նց անենք, որ վարչապետը կարդա այս հոդվածը

Մեր զրուցակից՝ Երեւանի բնակիչ Նատալյա Ավագյանը տասը տարի է՝ պետության ու դատարանների հետ անդուլ պայքարի մեջ է։ Նա 2007 թվականին բնակարան է ձեռք բերել նորակառույց բազմաբնակարան շենքում, վճարել դրա համար 134 հազար դոլար ու մինչ օրս ոչ բնակարանն է ստացել, ոչ էլ իր գումարն է կարողանում հետ վերցնել։ Իր եւ ամուսնու տարիների խնայած գումարը տվել են, որ նորմալ բնակարան ունենան, ու հայտնվել են պետությունից ու անբարեխիղճ մասնավոր ընկերությունից՝ «Գապբնակշինից» քաշվածների ցանկում։ Տիկին Նատալյան, իհարկե, միակը չէ այս երկրում, որ նման անբարեխիղճ ընկերությունների պատճառով հայտնվել է խաբվածի, բնակարանից ու գումարներից զրկվածի կարգավիճակում։ Գրեթե ամեն շաբաթ կառավարության առաջ տասնյակ քաղաքացիներ են իրենց բողոքն արտահայտում՝ պահանջելով իրենց բնակարանները կամ հետ վերադարձնել գումարը։ Բայց մեր կառավարությունը տարիներ ի վեր չափազանց անտարբեր ու թքած ունեցողի մարտավարություն է որդեգրել։ Մեր իշխանություններին չեն հետաքրքրում իր երկրի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, նրանց թեւ ու թիկունք լինելն ու նրանց խնդիրներին լուծում տալը։ Արդյունքում նման անձանց մոտ ատելություն են սերմանում իրենց նկատմամբ՝ կառավարության ամենաստորին մի չինովնիկից մինչեւ երկրի վարչապետ ու նախագահ։



«Մենք 2007 թվականին գնացել ենք՝ նոտարով հաստատված ձեւով «Գապբնակշինում» բնակարան ենք գրվել Արամի 72 շենքում, որը նոր էր կառուցվում։ Դրա համար վճարել ենք 134 հազար դոլար։ Անցավ մի տարի, երկու տարի, չտվին։ Հետո ամուսինս ինսուլտ ստացավ, ես իրենց դիմեցի, որ եթե հնարավոր է, մեկ է՝ տունը դեռ չեք տալիս, գումարս հետ տվեք, ամուսինս ինսուլտ է ստացել, պետք է բուժման տանենք։ Ինձ գրավոր թուղթ տվեց, նույնիսկ դատարանում տվեց, որ այս ժամանակահատվածում ինքն իմ գումարը հետ կտա՝ 20 հազարով, 30 հազարով։ Բայց չտվեց, հա խաբեց։ Տվեցինք դատարան, դատարանում առաջին անգամ վճիռը կայացրին հօգուտ ինձ, ասացին, որ այդ գումարը պետք է վերադարձնեն ինձ։ Բայց չվերադարձրին։ Երկրորդ անգամ նորից դատարան, տվեցինք, երրորդ անգամ ԴԱՀԿ-ն տվեց դատարան, արդեն՝ վճռաբեկ դատարան, նորից ասացին, որ այստեղ խոսք լինել չի կարող, այդ գումարը պետք է վերադարձնել մեզ»,-պատմեց տիկին Նատալյան՝ նշելով, որ այդպես էլ իրենց գումարը չկարողացան հետ վերցնել։



Վերջում պարզել են, որ իրենց բնակարանը վաճառել են միաժամանակ չորս հոգու․ «Մենք դատարանից լսեցինք, որ մեր տունը վերցրել է Գոհար Կոստանյանը, ով նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի հորեղբոր աղջիկն է։ Թե ինչպես՝ ես տեղյակ չեմ։ Ես այս ընթացքում նամակով դիմել եմ Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Կարեն Կարապետյանին, նույնիսկ Սերժ Սարգսյանին էլ ենք նամակով գրել, որ՝ այ մարդ, մարդս հիվանդ է, էդ փողը տվեք, որ ես իրեն բուժեմ, բայց ոչ մի տեղաշարժ չի եղել։ ԴԱՀԿ-ն երկու անգամ կալանքի տակ է դրել այդ բնակարանը, որ գումարը բռնագանձեն ու անպայման վերադարձնեն ինձ։ Բայց մինչեւ այսօր ոչ գումարս եմ ստանում, ոչ բնակարանը»։



Այս ընթացքում դիմել են նաեւ արդարադատության նախարարությանն այս հարցով, բայց, ըստ Նատալյա Ավագյանի, «անհեթեթ» պատասխան է ուղարկել ԱՆ աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը։



«Ո՞նց անենք, որ վարչապետը կարդա, ինձ թվում է՝ իրեն ցույց չեն տալիս»,-իր նամակներից հույսը կտրած՝ դիմում է մեզ տիկին Նատալյան, որ գոնե այս հրապարակումը կգրավի վարչապետի ուշադրությունն ու արձագանքի կարժանանա նրա կողմից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ