ՀՀԿ-ական կանանց տարօրինակ առաջարկները

ՀՀԿ-ական կանանց տարօրինակ առաջարկները

Ազգային ժողովում երեկ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ներկայացնում էր օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը, հռչակել նաեւ պետական խորհրդանիշների օր: Նրա խոսքով՝ աշխարհի 56 երկրում նմանատիպ օրենքներ կան: Քննարկումն անցնում էր ոչ թե կիսադատարկ, այլ գրեթե դատարկ դահլիճում։ Ներկա էին հիմնականում միայն ՀՀԿ-ականներ։ Իսկ այս օրենքի քննարկմանն ակտիվ էին գրեթե միայն ՀՀԿ-ական կանայք։ Դե, մշակութային թեմա է, տղամարդիկ թողել էին, որ կանայք այստեղ իրենց դրսեւորեին։ Ու դրսեւորեցին։ Մշակույթի փոխնախարարի ներկայացրած այս նախագիծը խթանել էր ՀՀԿ-ական կանանց ֆանտազիան, որի արդյունքում մեկը մյուսի հետեւից «գլուխգործոց» մշակութային առաջարկներ հնչեցին նրանց կողմից։ Մի իսկական մշակութային ու ռազմահայրենասիրական հրավառություն՝ ՀՀԿ-ական տիկնանց կողմից։



ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը հարց ուղղեց փոխնախարարին․ «Արդյոք բավակա՞ն եք համարում, որ մենք սահմանափակվենք այս օրենքի նախագծով, ինչ որ Դուք բերել եք, եւ արդյոք Դուք բավարա՞ր եք համարում այն միջոցառումները, որ մինչ օրս կատարվել են կամ կատարվում են։ Ըստ Ձեզ՝ պետք չէ՞, որ մենք նախ շարունակենք եւ շատ հետեւողականորեն լինենք մեր գործողություններով այս դաշտում, եւ երկրորդը, ես կասեի՝ նաեւ առավել ակտիվ, առավել ագրեսիվ քաղաքականություն վարենք»։ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը կարծում է, որ այս հարցում պետք է ագրեսիվ քաղաքականություն վարել։ Մինչդեռ, վատ չէր լինի, եթե, օրինակ, տնտեսության զարգացման, մոնոպոլիաների պայքարի, արդարադատության հարցերում ակտիվ ու անգամ ագրեսիվ քաղաքականություն վարեր մեր պետությունը։



ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը նշեց, որ ավելի ողջունելի կլիներ, որ պետական խորհրդանիշների օրն առանձին օր լիներ սահմանված, ինչը Սահմանադրության օրվա խորհուրդն ավելի պարզ եւ ցայտուն կպահպաներ։ Հետո նա առաջարկեց, որ պետական խորհրդանիշներով աքսեսուարներ արտադրվեն, տպագրվեն, եւ այդպիսի տպագրությունը խրախուսման, պարգեւատրման ձեւով լինի։ Բայց երիտասարդ պատգամավորի առաջարկներն այսքանով չավարտվեցին։ Նա նաեւ մի շշմեցուցիչ տեխնոհայրենասիրական առաջարկ արեց․ «Գեղեցիկ կլինի, երբ դպրոցականները շարադրության մրցույթ շահելիս ստանան հեռախոսի պատյան՝ դրոշով եւ գերբով»:



Փաստորեն, Նաիրա Կարապետյանը կողմ է, որ աշակերտներն իրենց հետ հեռախոս տանեն դպրոց, որոնցով կարող են խաղալ, շեղվել դասերից, «շպարգալկաներ» պատրաստել, դաս խանգարել եւ այլն։ Ու ռազմահայրենասիրության զարգացման ուղին տիկին Կարապետյանը հենց դրա՝ Հայաստանի դրոշով ու գերբով հեռախոսների պատյանների մեջ է տեսնում։ Ոչինչ, որ մինչեւ հիմա շատ աշակերտներ թուրքական «Okul defteri» մակնշմամբ ու արտասահմանյան աստղերի պատկերներով տետրեր ու օրագրեր են օգտագործում, կարեւորը՝ իրենց I Phone-ի պատյանը հայրենական ոճով լինի։ Սա, ինչ խոսք, կտրուկ կխթանի ռազմահայրենասիրական ոգին մեր մատաղ սերնդի գիտակցության մեջ։



ՀՀԿ-ական կանանցից Մարգարիտ Եսայանն էլ այս օրենքի նախագիծը համարեց ուշացած կամ արդեն կատարված փաստի արձանագրում․ «Որովհետեւ մեր հասարակությունը պետական խորհրդանիշները սիրում ու գնահատում է, եւ բոլոր տոներին մենք դրանով ենք զբաղված։ Մեր դպրոցներում, ինստիտուտներում դրանով են զբաղված, մենք էստեղ ամեն նստաշրջանից առաջ պետական օրհներգը կատարում ենք»։ Այստեղ տիկին Եսայանը մի աննախադեպ առաջարկ արեց, որը, վստահաբար, ոչ բոլոր պատգամավորների սրտով կլինի․ «Եթե մենք պետական խորհրդանիշների մասին հատուկ օրենք ենք ընդունում, ես ուզում եմ խնդրել, որ հաջորդ խորհրդարան ովքեր որ կգան պատգամավորներ, անգիր անեն ՀՀ պետական օրհներգը։ Ու երբ որ կսկսվի նիստը, խնդրում եմ բոլորը երգեն»։



Այստեղ են ասել՝ բոլոր երգերը երգել էինք, մնացել էր սարի սմբուլը։ Վատ չէ, իհարկե, որ ՀՀ քաղաքացիներն իմանան եւ երգեն պետական օրհներգը։ Բայց մեր երկրում այնքան կանոնակարգելու բան կա, որ օրհներգն անգիր անելն ու երգելը հազարերորդական տեղում են։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ