Ժարիտ Գրիշն ու իր վետերանները՝ ընտրություններին ընդառաջ

Ժարիտ Գրիշն ու իր վետերանները՝ ընտրություններին ընդառաջ

Երեկ տեղի ունեցավ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների՝ ՄՀՆՋ վարչության հինգերորդ համագումարը։ Այն մեկնարկեց յուրահատուկ արարողակարգով՝ նախ հնչեց շեփորի երգը, ապա ՀՀ պետական օրհներգը, եւ նախագահության երկու կողմերում տեղադրվեցին վարչության դրոշն ու հայոց եռագույնը։ Դահլիճը կիսադատարկ էր, ներկաները հիմնականում միլիցիայի վետերաններ էին, որոնք, անսալով վարչության կոչին, ներկայացել էին համազգեստով։ Բոցաշունչ ելույթով հանդես եկավ, կարելի է ասել՝ ժարիտ արեց ՄՀՆՋ վարչության նախագահ Գրիշա Սարգսյանը՝ Ժարիտ Գրիշը։ Նա նախ հիշեցրեց իրենց վարչության անցած ուղու, կատարած աշխատանքների ու հայրենիքին մատուցած ծառայությունների մասին։ Նա իր խոսքում նաեւ քննադատական շեշտադրումներ արեց գործող իշխանությունների եւ կոնկրետ անձանց հասցեին։ Ընթացքում զերծ չմնաց նաեւ լիրիկական զեղումներից՝ ցիտելով Չարենցին ու Իսահակյանին։



«1990թ․ հոկտեմբերի 29-ին Մինիստրների խորհրդի թիվ 447 որոշմամբ ներքին գործերի նախարարության համակարգում ստեղծվեցին Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ, որոնք անցան փառապանծ մարտական ուղի, եւ որոնց հիմքի վրա կազմավորվեց հայոց անպարտելի, հզոր, հաղթանակած բանակը»,-ՄՀՆՋ կազմավորման մասին հիշեց Գրիշա Սարգսյանը, ապա անցավ բուն նյութին։ Նա նշեց, որ իրենց ջոկատների անդամներն 90-ականներին անցան հերոսական մարտական ուղի՝ մասնակցելով արցախյան գոյամարտին․ «Հերոսաբար հաղթելով արտաքին թշնամուն, համարելով իրենց գործը՝ հայրենիքի սրբազան պաշտպանությունն ավարտված, Իսահակյանի խոսքերով ասած՝ մեր սուրը փառքով դրեցինք պատյան։ Եվ հայրենիքի կառավարումը հանձնեցինք, այսպես կոչված, վայ քաղաքական գործիչներին»։ Սարգսյանի խոսքով՝ այսօր իրենք չեն կարող չմտահոգվել եւ չպահանջել, որ մեր իշխանություններն ուշադրության արժանացնեն վետերան ազատամարտիկներին, նրանց խնդիրները։



«Թիվ կա աստղերին, թիվ չկա ԱԺ-ի կողմից ընդունված օրենքներին, որոնք ոչ թե ծառայում են ի շահ ժողովրդի, այլ ի դեմ ժողովրդի։ Օրինակ՝ պարտադիր կուտակայինի մասին օրենքը, աղանդավորների մասին օրենքը, որը պառակտում է Հայ առաքելական եկեղեցին, իսկ մեր հոգեւոր այրերը լռում են, շրջանառության մասին օրենքը, համայնքների խոշորացման մասին օրենքը, որը դատարկում է մեր գյուղերը։ Երկրապահ կամավորականի մասին օրենքը, որն ընդունեցին, շըփ-թըփ արեցին, եւ այնտեղ ներկա էր փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը եւ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, եւ մեր պատգամավորներն առանց քննարկումների ընդունեցին այդ օրենքը»,-զայրացած նկատեց Գրիշա Սարգսյանը։ Ապա ավելի ծավալվեց՝ սրելով շեշտադրումները։



«Երկրապահ կամավորականի մասին այդ օրենքը չի վերաբերում ուժային կառույցներից ռազմաճակատ մեկնած այն աշխատակիցներին ու ծառայակիցներին, որոնք մասնակցել են մարտական գործողություններին։ Չէ՞ որ նրանք ոստիկանության ծառայողներն էին, նրանք հրամանով մեկնել են իրենց ծառայողական պարտականությունները կատարելու։ Այդ նույն հիմունքներով մասնակցել են նաեւ Ազգային անվտանգության հատուկ ջոկատների տղաները, բայց նրանք այսօր դուրս են մնացել։ Մի՞թե էդքան բութ են, որ չեն քննարկում, որովհետեւ շըփ-թըփ արեցին, չեմ հասկանում՝ վախենալով Մանվել Գրիգորյանի՞ց։ Ինչի՞ համար չքննարկեցին, որ օրենքը լիակատար իր ուժն ունենար բոլոր ոլորտներում, որպեսզի դուրս չմնային ուժային կառույցի ներկայացուցիչները»։ Ժարիտ Գրիշն իր խոսքն ամփոփեց Մխիթար Գոշի առակներից մեկով՝ ցորենի ու ոսկու մասին, եւ իրենց՝ ազատամարտիկներին, համեմատեց ցորենի հետ։



Ինչպես եւ նախօրեին մեզ հետ զրույցում խոստացել էին, ՄՀՆՋ վարչությունն իր համագումարում քաղաքական հայտարարությամբ հանդես չեկավ, թեպետ հայտնել էին ընտրություններին իրենց մասնակցության մտադրության մասին։ Մենք տեղեկություն ունեինք, որ Գրիշա Սարգսյանն ու իր վետերանները որոշում ունեն սատարելու Գագիկ Ծառուկյանին։ Երեկ նաեւ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ համագումարն էր, որը ՄՀՆՋ վետերանների համար պետք է որոշիչ նշանակություն ունենար։ Գրիշա Սարգսյանը երեկ հայտնեց, որ իրենք ունեն պայմանավորվածություն ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու եւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, որպեսզի իրենք դիտորդի կարգավիճակում ապահովեն Հայաստանում ազատ, արդար ընտրությունների գործընթացը։



«Մենք ունենք բավարար ուժ, կամք եւ հզորություն, որ կարողանանք ապահովել։ Բացի դրանից, շուտով՝ երեք օր հետո, տեղի կունենա ՄՀՆՋ հրամանատարական խորհրդի նիստ, որը կհայտարարի, թե ում ենք սատարելու, որ քաղաքական ուժի կողքն ենք կանգնելու, որպեսզի կարողանանք կերտել արդար, ազատ ընտրությունների լիակատար հաղթանակը»,-իր խոսքն ավարտեց Գրիշա Սարգսյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ