DVB-T2 ընդունիչներն ու նախընտրական քարոզարշավները

DVB-T2 ընդունիչներն ու նախընտրական քարոզարշավները

Այս օրերին հեռուստալսարանը մեծացել է, նախընտրական քարոզարշավ է, քաղաքական անցուդարձի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է: Թերևս դա է պատճառը, որ քաղաքացիները բողոքում են հեռուստատեսության որակից՝ ավելի կոնկրետ DVB-T2 ձեւաչափի ընդունիչներից, որոնք ձեռք բերեցին ամիսներ առաջ թվային հեռուստատեսության անցնելու համար:



Մեզ դիմած քաղաքացին՝ Աշոտ Ավետիսյանը, 4 ամսվա ընթացքում երկրորդ թվային ընդունիչ սարքն է գնել: «Թանգ ու կրակ առա, 8500դրամ մեկ, 9000 դրամ երկրորդ անգամ տվեցի: Ամիս ու կես աշխատավ, հիմա երկրորդն ինչքան կձգի՝ տեսնինք: Երկրորդ հարցը՝ ազդակը նորմալ չէ: Կադրն հա կկայնե, մինչև մե բան կնայիս, ներվերդ կելնե», -դժգոհում է նա:



Իսկ ահա մյուս զրուցակիցս՝ Սարգիսը, չի վստահել եւ ապրանքը ձեռք է բերել ոչ թե Գյումրիում առկա տեխնիկայի խանութներից, այլ հասել է մայրաքաղաք:«Ինձ ըսեցին՝ Երևան՝ Մալացիա շուկայում ամերիկյան արտադրությանն է, չինական չկա: Էնդեղից առա, բայց ըսեմ, հեչ գոհ չեմ, կադրն էլի պահե գը»:



Պարզվում է՝ սարքերի աշխատանքից շատերն են դժգոհում: «Ձմեռն էլի կհասկնայինք, եղանակն էն չէ, հըբը հըմի: Քարոզարշավներ են, կուզինք նորմալ հետևենք, հասկնանք ով ով է: Մեծ մարդ եմ տնից ելնել չեմ կըրնա, նորմալ տելեվիզոր նայել կուզեմ»,-ասում է տարեց անցորդը:



Մասնագետների կարծիքով՝ եթերների խափանման հիմնական պատճառը հեռուստաաշտարակից հեռու լինելն է, DVB-T2 ընդունիչների ազդակները թույլ են գործում, եթերը կանգ է առնում: Սակայն նշենք, որ Գյումրու Վ. Սարգսյանի անվան փողոցի բնակիչները, որտեղ տեղակայված է Շանթ հ/ը հեռուստաաշտարակը, նույնպես արտահայտեցին իրենց դժգոհությունը:



Հիշեցնենք, որ ՀՀ –ում ներդնելով եվրոպական փորձը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «ՀՀՌՑ» ՓԲԸ- ի կողմից իրականացվեց եթերային «հեղափոխություն»՝ անալոգային հեռարձակումից անցնելով թվայինի: Հայաստանի բնակչության ունեցած հեռուստացույցների մեծ մասը թվային չէր։ Քաղաքացիներն ստիպված էին հեռուստացույց գնել կամ ձեռք բերել սարքեր, որը թվային ազդանշանը կդարձնի անալոգային։ Սոցիալապես անապահով խավի մի մասին էլ այն բաժանվեց անվճար:



Արևիկ ՀԱԿՈԲՅԱՆ