«Գազպրոմը» գումար չունի՞ խողովակներ փոխելու. Լեռնանիստում վտանգը դեռ չի անցել (ֆոտոշարք, տեսանյութ)

«Գազպրոմը» գումար չունի՞ խողովակներ փոխելու. Լեռնանիստում վտանգը դեռ չի անցել  (ֆոտոշարք, տեսանյութ)

Գազի արտահոսքի հետեւանքով խանութի փլուզումից հետո Լեռնանիստ գյուղում վտանգը դեռ չի անցել: Պարզվում է, որ գյուղի տարբեր թաղամասերում, որտեղ կան ստորգետնյա գազի խողովակներ, կրկին գազի արտահոսք է նկատվում: Գյուղացիները մտահոգված են, անգամ վախեցած, քանի որ գազը հողի տակով լցվում է մարդկանց բնակարանները, եւ չգիտես որ պահին ինչ կպատահի: Ասում են՝ աչքը տեսածից է վախենում: Այս օրերին Կոտայքի ԳԳՄ-ի աշխատակիցները աշխատանքներ են իրականացնում գյուղում, իսկ աշխատանքների արդյունքում միայն գյուղացիների զայրույթն ու դժգոհությունն է ավելանում։ Գյուղացիները մեզ պատմեցին, որ գյուղում գետնի տակով անցնող խողովակները ամբողջովին մաշված են, իսկ «Գազպրոմը» փոխարենը հանի գետնի տակից եւ օդային ճանապարհով տանի, իբր հեշտ ու քիչ ծախսատար ձեւ է գտել. «2 օր է՝ գազն անջատել են, գազի աշխատողները աշխատանք են կատարում: Սարքով ման են գալիս, որտեղ արտահոսք կա, այնտեղ ճանապարհը փորում են, գտնում են տեղը՝ որտեղից գազ ա թողում, սվարկում են, ու առաջ գնում: Ամեն 5 մետրի վրա ճանապարհ են փորում ու սվարկում: էդ փտած խողովակը, որ սվարկին, չեն մտածում, որ մի քանի օր հետո էդ սվարկածից 50սմ հեռավորությամբ կարողա նորից գազ թողի: Ասում ենք՝ բերեք, խողովակը փոխեք, ասում են՝ հիմնարկն էդքան փող ունի՞, որ խողովակներ փոխի: Համ ճանապարներն են քանդում, համ էլ իրենց արած գործը հավասար է զրոյի, ինչ է մի հատ էլ դժբախտ դեպք պետք է լինի, նոր «Գազպրոմը» ծախս անի, խողովակ փոխի, -դժգոհում էին բնակիչները ու հավելում,- այդքան, որ գազի արտահոսք է գնացել, հետաքրքիր է, ո՞նց ա հսկիչը էդ թվերը դասավորել՝ դա մեզանից է հանել, թվերն ավելին գրելով, այլապես տարբեր տեղերից գազի հոսքը գնում, գետնի տակ, էդ կորուստը ինչո՞վ են լրացրել: Մենք դուրս ենք եկել, խոսել, ամեն դեպքում պետք է համայնքի ղեկավարը այս խնդրին միջամտի»:



Զրուցեցինք նաեւ Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանի հետ, ով էլ իր հերթին ասաց. «Գազի հիմնարկի հետ խնդիր կա, այդ խնդիրը բարձրացրել ենք հանրապետության Գազպրոմի պետին՝ Թադեւոսյանին, գրություն ենք գրել, որ մոտ 4000մ գազի ստորգետնյա խողովակներ կան գյուղում, որ պետք է դրանք վերանայել, եւ հանել հողի տակից, պատասխան դեռ չեմ ստացել: Հիմա խնդիր ա, որ մի թաղի՝ 7 տան գազաֆիկացումը 2 օր է՝ անջատված է, եւ բացի այդ, իրենց վթարը վերացնելու համար ամբողջ ճանապարհը փորում են, քանդում, իսկ վթարն էլ վերացնում են զոդման միջոցով, եւ դա ես չեմ ընդունում: Գետնի տակի գազի խողովակները մաշված, հիմա կարող է իրենք փորձագետ կանչեն, որ խողովակները նորմալ է, բայց ես ասում եմ, որ այդտեղ խնդիր կա, եւ ես ամեն ինչ անելու եմ, որ գազի խողովակները օդային ճանապարհով տարվեն»: 



-Պարոն Հայրապետյան, կկանգնե՞ք ձեր գյուղացիների կողքին եւ փոխհատուցում կպահանջե՞ք «Գազպրոմից»:



Իրենց ամենաթողության պատճառով մենք կորուստներ ունեցանք, փլուզումը գազից է եղել, եւ «Գազպրոմը» դեռ դրա համար պետք է պատասխան տա: Ես ամեն ինչ անելու եմ, որ «Գազպրոմը» պատասխանատվություն կրի օրենքի չափով, ոնց կհամաձայնեն մեր բնակիչները, իսկ ինչը վերաբերում է գազի խողովակներին, կրկնում եմ, դա պետք է գետնի տակից հանվի:



Փորձեցինք մի քանի հարց ուղղել նաեւ Կոտայքի ԳԳՄ-ի մասնաճյուղի տնօրեն Բորիս Բաղմանյանին, սակայն ապարդյուն: Մասնաճյուղից մեզ պատասխանեցին, որ տնօրենը տեղում չէ, իսկ տնօրենի հեռախոսահամարն էլ իրավունք չունեն մեզ տրամադրել:



Հ.Գ. Կոտայքի ԳԳՄ-ի մասնաճյուղում ամեն ինչ գլխիվայր շրջվեց, երբ 2014թ. մասնաճյուղի պետ նշանակվեց գեներալ Հայկազ Բաղմանյանի եղբայրը՝ Բորիս Բաղմանյանը: Նա պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո կադրային ջարդ սկսեց մասնաճյուղում, ազատվեց նախկին տնօրենի կադրերից՝ տեղերն համալրելով իր մարդկանցով: Այդ օրվանից մինչեւ օրս մյուս աշխատակիցների համար սկսվեցին մղձավանջի օրերը: Բաղմանյանը այնպիսի կարգեր հաստատեց, որ նրա պաշտոնավարումից երկու ամիս հետո մասնաճյուղի աշխատակիցները գործադուլ արեցին, անգամ մարզպետարան գնացին, դիմել էին մարզպետին, որ այլեւս հնարավոր չէ այսպես աշխատել: Մասնաճյուղում շշուկով են խոսում, իսկ մասնաճյուղ մտած քաղաքացիներին, ովքեր որեւէ հարցով պետի մոտ են գնում, տնօրենը չի ընդունում: Բաղմանյանը տարբեր ճանապարհներով գումար է աշխատում, որի ականատեսը անձամբ եղանք, թե ինչպես են խաբում՝ 2000 դրամի փոխարեն 15 հազար դրամ կորզում բնակիչներից: Հարց է առաջանում այսքանից հետո Կոտայքի ԳԳՄ-ն գումար չունի՞ խողովակներ փոխելու:



Նելլի Կարապետյան