Մարինե Հակոբյանը չպետք է աշխատի, իմ երեխան չկա, թող մյուսներն էլ չընկնեն նրա ձեռքը.ծնողները մեղադրում են բժշկին (տեսանյութ, ֆոտոշարք)

Մարինե Հակոբյանը չպետք է աշխատի, իմ երեխան չկա, թող մյուսներն էլ չընկնեն նրա ձեռքը.ծնողները մեղադրում են բժշկին (տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվարի 7-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնից «Արաբկիր» ԲԿ տեղափոխված և այնտեղ մահացած 11-ամյա Գեղեցիկ Սոնջյանի տատը՝ տիկին Գեղեցիկը, պնդում է, որ թոռնուհին մահացել է Հրազդանի ԲԿ-ի բժշկուհու Մարինե Հակոբյանի սխալ բուժման պատճառով. «Երկու օր երեխան իրեն թույլ էր զգում, երեխային տարանք տեղամասի բժշկուհու մոտ, ով ասավ, որ երեխան անգինա ունի: Թոռանս գլանները 6 տարի առաջ էինք հանել, երեխան ուներ ջերմություն, տեղամասի բժշկուհին դեղեր նշանակեց: Դեղերն առել ենք, բայց 1 օր խմեց, տեսանք՝ ջերմությունը չիջավ, ավելի բարձրացավ, տարանք Հրազդանի հիվանդանոց: Երեխան այնտեղ կաթիլային ա ստացել աթոռին նստած, բժշկուհին ասավ, որ հիվանդանոցը ցուրտա, կաթիլայինը կընդունի կտանեք տուն, հաջորդ օրը նորից կբերեք: Անալիզներ են վերցրել ռոեն (Էրիթրոցիտների՝ արյան կարմիր գնդիկների նստեցման արագությունը) եղել ա 50: Երեխային սուր բրոնխիտի դեմ 7 օր բուժել ա, էմուֆիլին, դեքսամետազոն է ներարկել, դա հորմոնա, որից հետո երեխայիս վիճակն ավելի է վատացել», -պատմում էր Գեղեցիկ Գեւորգյանը:



Երեխայի մայրը՝ Գայանեն, մեզ հետ զրույցում ասաց, որ աղջիկը դպրոցում գերազանց էր սովորում, շատ լավ նկարում էր. «Վերջին երկու օրը երեխան բոյովացել էր, եւ այնքան էր չաղացել, ոնց, որ հասուն մարդ լիներ: Վերջին օրն երբ տեսավ, որ լացում եմ, ասաց, մամ ինչու էս լացում»: Մահվանից հետո ծնողները սպասել են դիահերձման եզրակացության պատասխանին, որ իմանան` ինչից է մահացել իրենց երեխան, միգուցե այլ թաքնված հիվանդություն է ունեցել, սակայն պարզվել է, որ երեխայի մոտ եղել է մոնոնուկլեոզ. «Ասացինք, որ մինչեւ հերձման պատասխանը չստանանք, չենք կարող անմեղ տեղը որոշենք, որ ինքն ա մեղավոր, բայց դիահերձման պատասխանը եկավ, որ Էպշտեյն -Բարրի հիվանդություն է, դա ինֆեկցիոն մոնոնուկլեոզն էր: Այդ վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, եթե ճիշտ բուժեին, իմ երեխան կփրկվեր: Ամեն բան կանենք, որ Մարինե Հակոբյանը չաշխատի, մեր երեխայի կյանքը խլեց, թող ուրիշներին չխլի: Ես դիմում եմ առողջապահության նախարարությանը, որ նման կադրերը պետք է ազատվեն աշխատանքից»: Հարցին՝ դատարան կդիմեն, տիկին Գեղեցիկը պատասխանեց. «Իհարկե, ուզում ենք դատարան տալ, սակայն հարցն հետեւյալն է, Մարինե Հակոբյանի վրա մեկ դատական գործ կա, 2 տարի ազատազրկեցին, հիմա նորից աշխատում է, նորից մեկի կյանք խլեց: Ասենք՝ մենք դատի տվեցինք, նորից աշխատեց, որ ինչ, նա չպետք է աշխատի ու վերջ»:



Զրուցեցինք նաեւ Հրազդանի ԲԿ-ի բժշկուհու՝ Մարինե Հակոբյանի հետ:



-Երեխան ի՞նչ վիճակում է ընդունվել հիվանդանոց:



Երեխան հիվանդանոց է ընդունվել ջերմությունով, հազով: Հետազոտություններ է կատարվել, արյան ընդանուր անալիզ, լեյկոֆորմա, սոնոգրաֆիա, ռենտգենոգրաֆիա: Ռենտգենը երեխայի մոտ տվել ա բրոնխիտ, իսկ արյան անալիզը տվել է 50 ռոե: Ես երեխային բուժել եմ, որպես սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա, բարդացած բրոնխիտով, կատարվել է ջերմիջեցում, դեզիտոքսիկացիա, անտիբիոտիկո եւ հորմոնալ թերապիա: 3 օր ես բուժել եմ երեխային: 2-րդ օրը ջերմությունը իջավ, քանի որ անալգին դիմեդրոլ էր ստացել: Երեխան իրեն լավա զգացել, ցավերն անցել են, վերջույթներում ցավեր էլ ուներ: Երրորդ օրը կրկին երեխան ջերմեց, անալիզ ենք կրկնել ռոեն իջել էր 14: Ես զարմացա, մեծ փոփոխության վրա, հազը թեթեւացել էր, անալիզները կրկնեցի 5-րդ օրը, որ համոզվեմ իրոք ռոեն 14 է , դրանից է երեխայի վիճակը լավ, 5-րդ օրվա անալիզը ռոեն 40 տվեց: Առաջին ու վերջին արյան անալիզը կատարվել է երակից, 2-րդ արյան անալիզը մատից ենք վերցրել:



-Իսկ արյան ո՞ր անալիզն է հստակ որոշել ռոեն՝ մատից վերցրած անալի՞զը, թե՞ երակից:



Չեմ կարող ասել:



-Հնարավո՞ր էր, որ երկրորդ անգամ մատից անալիզը սխալ ցույց տար, միգուցե ռոեն ընդանրապես չէր իջել:



Հնարավոր էր, որ իջած չլիներ:



-Ինչո՞ւ հենց նույն օրը դուք երակից արյուն չվերցրիք, քանի որ զարմացել էիք, որ ռոեն այդքան իջավ:



Ամեն օր հո անալիզ չե՞նք անի, երեխան լավ էր, ուտում-խմում էր:



-Երբ տեսաք, որ 5-րդ օրն է, ռոեն չի իջնում, ի՞նչ արեցիք:



Ուղեգրով ուղարկեցինք Երեւան Արաբկիր բժշկական կենտրոն:



-Ծնողները Ձեզ են մեղադրում երեխային մահվան մեջ, ծանո՞թ եք մահվան էպիկրիզին, ի՞նչ կասեք:



Ես կասեմ, որ իրենց երեխան ունեցել է բազմաթիվ հիվանդություններ, ավելի ծանր ընթացքով:



-Կխնդրեինք մեկ երկու հիվանդություններ նշեիք: Երեխայի տատը եւ մայրը ասում են, որ Արաբկիրում իրենց երեխան հետազոտվել է, եւ դիահերձումն էլ տվել է, որ իրենց երեխան լրիվ առողջ է, ու ձեր բուժումներից է մահացել:



Ես կարդացել եմ էպիկրիզ, որտեղ գրված ա եղել  որ երեխան ունեցել է Էպշտեյն -Բարրի հիվանդություն՝ դա ինֆեկցիոն մոնոնուկլեոզն էր, ունեցել է սեպսիս, բռոնխիտ-թոքաբորբ:



-Դատալեքսից տեղեկացանք, որ ձեզ ազատազրկել են 2 տարի, սակայն դուք աշխատում եք, իʼնչ կասեք այս մասին:



Դա է պատճառը, որ իրենք այսպես են տրամադրվել իմ հանդեպ: Նրանք Արաբկիր բժշկական կենտրոնի բժիշկներին թող հարց տային, 8 օր երեխան այնտեղ պառկեց, դե թող փրկեին, չէ՞ որ այդ հիվանդանոցը առաջին կարգի հիվանդանոց է, որ բուժելի լիներ, կափսոսեի՞ն բժիշկները:



Նելլի Կարապետյան