Գիտնականները հետաքրքրվեցին նախագահից՝ ինչպես է տեսնում իրենց դերը առաջիկա ընտրություններին

Գիտնականները հետաքրքրվեցին նախագահից՝ ինչպես է տեսնում իրենց դերը առաջիկա ընտրություններին

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի ունեցավ ԳԱԱ տարեկան նիստը, որի մեկնարկից մեկուկես ժամ անց մասնակցեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա հրաժարվեց ելույթով հանդես գալ՝ առաջարկելով հարցուպատասխանի ձեւաչափը, բայց գրված եւ ձեւակերպված հարցերից կարելի էր ենթադրել, որ արդեն իսկ պլանավորված էր, որ այդ ձեւաչափով է լինելու հանդիպումը։



Հնչեցին ամենատարբեր հարցեր՝ գիտության մեծ ու փոքր խնդիրների, ԳԱԱ փակվել-չփակվելու, անգամ ընտրություն մասնակցության մասին, սակայն ոչ մի անդրադարձ «Հաց բերողի» մահվանը, քարոզարշավի օրերին արձանագրված աղմակահարույց դեպքերին։



Ընդ որում՝ հարցերի մեջ բազմաթիվ որակումներ կային՝ անտեղյակ լրագրողներ, չարակամ գիտնականներ։ Նախագահը շտապեց սփոփել նիստի մասնակիցներին՝ նշելով, որ ամենաքննադատվող հաստատությունը նախագահականն է, ամենաքննադատվածն էլ ինքն է, այնպես որ գիտնականները չպետք է նեղսրտեն։



«Ես չեմ կիսում այն մոտեցումը, որ ակադեմիան սպառել է իրեն, իմ ցանկությունն է, որ այն օպտիմալացվի, թղթի վրա հստատություններ, ստորաբաժանումներ չլինեն։ Մի զարմացեք, որ լրատվամիջոցներում շատերը խոսում են այն թեմաներից, որոնցից տեղյակ չեն, սա այն գինն է որ վճարում ենք հասարակությունից բաց հասարակություն անցնելու համար։Հանդուրժող եղեք, ինքներդ խոսեք ձեր հաջողությունների մասին»,-հայտարարեց նախագահը՝ ըստ էության դրժելով քարոզչությանը չանդրադառնալու իր խոստումը։



Գիտնականները հարցրին Սերժ Սարգսյանին, թե ինչպես է տեսնում իրենց դերը առաջիկա ընտրություններին։ Նախագահն էլ անդրադարձավ «շատ կարգին մարդկանց պասիվությանը»՝ հորդորելով նրանց մի քիչ ակտիվ լինել՝ նշելով, որ դուք էլ պետք է փոխվեք մեզ նման։



Լրագրողները հնարավորություն չունեցան հարցեր ուղղելու Սերժ Սարգսյանին, նա դահլիճ մտավ եւ հեռացավ աննկատ ու արագ։