Դիմումներ եւ մերժումներ ԿԸՀ-ում

Դիմումներ եւ մերժումներ ԿԸՀ-ում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասերում ձայների վերահաշվարկի չորս դիմում է ստացել, չորսն էլ մերժել է։ Սահմանված ժամկետում թիվ 4, 6, 36 եւ 37 տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել 12 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ:



Մերժման պատճառը եղել է այն, որ, ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, դիմումատուներից որեւէ մեկը սուբյեկտ չի եղել։ Այսինքն՝ քաղաքական ուժեր չեն եղել, այլ եղել են տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուներ։ Օրենքը սահմանում է, որ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կարող է վերահաշվարկի դիմում ներկայացնել, եթե ներկա է եղել տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքներն ամփոփող նիստին։ Իսկ այս թեկնածուները ներկա չեն եղել այդ նիստին։ Ինչն էլ առիթ է տվել ԿԸՀ-ին՝ մերժելու դիմումը։ Ավելի ուշ պարզեցինք, որ դիմումատուները ՀՀԿ, ՀՎԿ, ՀՅԴ կուսակցությունների եւ «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչներն են եղել։



Կոնկրետ տեղամասերում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ էլ չի ստացել ԿԸՀ-ն։ Ինչ վերաբերում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» դիմումին, ապա ԿԸՀ-ից խոստանում են դրա վերաբերյալ նիստ հրավիրել եւ քննել։ Թե երբ, դեռ որոշված չէ։ Նշենք, որ դիմումում դաշինքը պահանջում է ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ իր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում եւ անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե արդյոք կա՞ մատնահետքերի համընկնում, թե՞ ոչ:



Երեկ օրվա վերջում պարզ դարձավ, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը եւս մտադիր է դիմել ԿԸՀ եւ Սահմանադրական դատարան՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ «Կոնգրես-ՀԺԿ դաշինքը որոշել է բողոքարկել ընտրությունների արդյունքների օրինականությունը եւ լիազորել ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին՝ ներկայացնելու Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքը ԿԸՀ եւ Սահմանադրական դատարան՝ 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով»,-ասված է նրանց տարածած հաղորդագրության մեջ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ