Երևան-Բեյրութ առաջին չվերթն ու հայազգի նախարարի խոստովանությունը (ֆոտոշարք)

Երևան-Բեյրութ առաջին չվերթն ու հայազգի նախարարի խոստովանությունը (ֆոտոշարք)

1967 թ․ ապրիլի 9-ին առաջին անգամ օդ բարձրացավ ամերիկյան Boeing ընկերության ամենամասսայական՝ 737 սերիայի առաջին օդանավը։ Դրանից ուղիղ կես դար եւ մեկ օր անց՝ 2017 թ․ ապրիլի 10-ին, պաշտոնապես օդ բարձրացավ հայկական «Արմենիա» ավիաընկերության Boeing 737-ը` կատարելով Երեւան-Բեյրութ իր առաջին ուղիղ չվերթը։ Ու քանի որ այս չվերթի մեկնարկը սպասված էր եւ իրադարձային, «Արմենիայի» ինքնաթիռին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի օդանավակայանում դիմավորեցին հատուկ արարողակարգով՝ այն անցկացնելով ջրային շիթերի կամարի տակով։ Այս ամենն արձանագրելու եւ գնահատելու համար հրավիրվել էին նաեւ լրագրողներ, ոլորտից հյուրեր։ Նույն օրը երեկոյան Բեյրութից հայրենիք վերադարձող կամ Հայաստան այցելող լիբանանահայերով լի օդանավը վերադարձավ Երեւան։ Երեւանից ժամանած պատվիրակությանը նաեւ տոնական ընդունելություն էր սպասվում Բեյրութի օդանավակայանում։ Նախ տեղի ունեցավ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանի եւ Լիբանանի տուրիզմի նախարար, մեր հայրենակից Ավետիս Կիտանյանի համատեղ բրիֆինգը, ապա ելույթ ունեցավ Երեւանից ժամանած պարի համույթը՝ լիբանանահայերին ներկայացնելով «Բերդ» պարը։ Այնուհետեւ հյուրերը փոքրիկ շրջայց կատարեցին Բեյրութում եւ երեկոյան վերադարձան Երեւան։



Բրիֆինգի ժամանակ պաշտոնյաներն ընդգծեցին, որ այս չվերթը երկար սպասված էր լիբանանահայության համար, քանզի այսուհետ Բեյրութ մեկնող ՀՀ քաղաքացիները եթե ոչ առավել հարմարավետ, ապա համեմատաբար մատչելի եւ, ամենակարեւորը, հայկական ավիաընկերության օդանավով ուղիղ չվերթով կմեկնեն Բեյրութ կամ այնտեղից՝ Երեւան։ Մինչ այս եւս մեկ ընկերություն էր այս ուղղությամբ ուղիղ չվերթ իրականացնում՝ լիբանանյան Middle East ավիաընկերությունը։ Հիմա, «Արմենիայի» մուտքով, մրցակցության դաշտ է ստեղծվում մինչ օրս մոնոպոլ համարվող այս տիրույթում։ Իսկ մրցակցության հիմնական շեշտը դրված է հայկականության վրա, քանզի հարմարավետությունն ու սպասարկումը հատկապես հայրենիքին կարոտ մեր լիբանանահայ բարեկամների համար նախեւառաջ ինքնաթիռում հայերեն խոսքը լսելն ու հայկական միջավայրում ճամփորդելն են։ Ի դեպ, հայկական ավիաընկերության կողմից վերջին անգամ Երեւան-Բեյրութ-Երեւան ուղիղ չվերթ իրականացվել է «Արմավիա»-ի ժամանակ։



«Այս նախաձեռնությունը գալիս է ավելի եւս ամրապնդելու Լիբանան-Հայաստան գոյություն ունեցող սերտ հարաբերությունները։ Այս նախաձեռնությունը եղավ Լիբանանի ազգային չվերթի՝ Middle East-ի նախաձեռնությունից երկու տարի հետո, եւ այսօր «Արմենիա» ավիաընկերության նախաձեռնությունն ավելի կամրապնդի այդ գաղափարը»,- ասաց Լիբանանի տուրիզմի նախարար Ավետիս Կիտանյանը։ Նա նշեց, որ նախարար ընտրվելուց հետո փորձել է զարգացնել տուրիզմը՝ Լիբանանից Հայաստան։ Ինքը, լինելով Լիբանանի կառավարության անդամ, ավելի շատ գործում է որպես հայ եւ փորձում է իր հնարավորության սահմաններում նպաստել հատկապես հայկական տուրիզմի զարգացմանը։ Դրա վկայությունն էլ այն է, որ մինչեւ հիմա ավելի շատ Լիբանանից են եկել Հայաստան՝ որպես տուրիստ, այլ ոչ թե հակառակը։
«Ես Ձեզ մի բան ասեմ, ինձ մեկ շաբաթ առաջ հարցրեցին, թե ես, լինելով հայ նախարար Լիբանանում, Հայաստա՞նը կնախընտրեմ, թե՞ Լիբանանը, ես պատասխանել եմ՝ Հայաստանը։ Իբրեւ լիբանանցի նախարար՝ այդ քաջությունն ունեցել եմ ասելու, որ ես Հայաստանը կնախընտրեմ»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց նա։ Կիտանյանը, ի դեպ, Լիբանանի կառավարության միակ հայ պաշտոնյան չէ։ Մենք եւս մեկ հայրենակից ունենք՝ կանանց իրավունքների հարցերով զբաղվող նախարարը։ Լիբանանի կառավարությունում ավելի քան 100 հազարանոց հայ համայնքից անդամ ունենալը Սահմանադրության պահանջն է, մենք միայն նախարարներ չունենք այնտեղ, նաեւ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ։



«Արմենիան» Երեւան-Բեյրութ-Երեւան չվերթն իրականացնում է լիբանանյան «Թալինա թրեվլ» ընկերության հետ համատեղ։ Այն տուրիստական ընկերություն է եւ զբաղվում է Լիբանանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ զբոսաշրջային տուրերով եւ ավիատոմսերի վաճառքի մասով համագործակցում է «Արմենիայի» հետ։ Ի դեպ՝ գների մասին։ Երեկվա չվերթի էկոնոմ կարգի երկկողմանի տոմսն արժեր 320 դոլար։ Ուղեւորներից մեզ ասացին, որ սա լիբանանյան Middle East ընկերության վաճառած տոմսերից 10-30 դոլար էժան է։ «Արմենիան» մինչեւ մայիսի վերջ այս ուղղությամբ չվերթ կիրականացնի շաբաթական մեկ անգամ, ամռան ամիսներին ծրագրում են ավելացնել չվերթների քանակը՝ շաբաթական մինչեւ երեք չվերթ։ Ինչ վերաբերում է սպասարկմանը, ապա «Արմենիա»-ն, բացի հայերեն խոսքից եւ գեղեցկուհի բորտ-ուղեկցորդուհիներից, մի քանի հայկական շտրիխ եւս ունի, որը թերեւս ավելի շատ կգրավի դրսից Հայաստան վերադարձող հայերին։ «Արմենիա»-ի հետ համագործակցում են խմիչքներ արտադրող «Արմենիա վայն» գինիների եւ «Կիլիկիա» գարեջրի գործարանները։ Նրանք իրենց գինին ու գարեջուրն անվճար տրամադրում են «Արմենիա»-ին, որ նրանք անվճար հյուրասիրեն ուղեւորներին՝ տաք ուտեստների հետ միասին։ Հայաստանի հայերին սրանով հազիվ թե գրավես, բայց հայրենադարձներին անգամ անձեռոցիկը, եթե այն հայկական է, շատ է դուր գալիս։



«Արմենիա» ավիաընկերությունն ունի Boeing 737 սերիայի երկու օդանավ, մեկը Boeing 737-500-ն է, մյուսը՝ դրանից երկու մետր ավելի երկար ու մի փոքր ավելի հարմարավետ 737-700-ը։ Երեկվա չվերթն իրականացվեց 737-500-ով, բայց մեզ ասացին, որ հաջորդ չվերթները լինելու են արդեն 737-700 օդանավով։ Boeing 737-ի այս մոդելները բյուջետային դասի, 4-5 հազար կմ երկարությամբ չվերթների համար նախատեսված, ոչ լայն միջանցքով էկոնոմ դասի օդանավեր են, որոնք ամենատարածվածն են աշխարհում եւ մրցակցում են Airbus A319 եւ A320 մոդելների հետ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ