Թրամփին Պուտինը «կերտե՞ց»

Թրամփին Պուտինը «կերտե՞ց»

Սիրիայում ամերիկյան հրթիռակոծման թեման, ամենայն հավանականությամբ, դեռ շատ «ջուր կվերցնի»: Արվում են ամենատարբեր ենթադրություններ եւ կանխատեսումներ: Մի իրողություն, սակայն, կարծես ընդունվում է մեծամասնության կողմից. Թրամփը պետք է ցույց տար, որ ինքը Միացյալ Նահանգների նախագահն է: Իսկ ինչու՞ էր նա հայտնվել մի իրավիճակում, երբ կամ պետք է կամային որոշում ընդուներ, կամ նրա դեմ կարող էր իմփիչմենթի գործընթաց սկսվել:



Հիմնական պատճառն այն է, որ Թրամփը նախագահի պաշտոնն ստանձնեց՝ կրելով ընտրություններին նրա օգտին Ռուսաստանի միջամտության մասին տարածված տեսակետի ծանրությունը: Իշխանությունից հեռացող դեմոկրատներն, այսպիսով, ամեն ինչ արեցին, որպեսզի Թրամփի մանեւրի դաշտը խիստ սեղմվի. կամ ընդունում է այս կամ այն որոշումը, կամ ենթարկվում բանադրանքի՝ որպես Պուտինի «գործակալ»:



Կանխամտածվա՞ծ քայլ էր դա, թե դեմոկրատները պարզապես գնահատականներում զգացմունքային էին, արդեն նշանակություն չունի: Մյուս կողմից էլ Ռուսաստանն ամեն ինչ արեց՝ այս կամ այն մակարդակով անոնսավորել ռուս-ամերիկյան հարաբերությունների շուտափույթ ջերմացում, որպեսզի ԱՄՆ նորընտիր նախագահը գործնականում այդ ուղղությամբ որեւէ քայլ կատարելիս հաշվի նստի հանրային կարծիքի հետ: Եւ ստացվեց, որ Թրամփին «կերտեց» Պուտինը:



Եւ չի բացառված, որ դա քաղաքական խաղի կանոնների մեջ լիովին տեղավորվում է: Քանի որ եթե չկա ԱՄՆ-ի հետ բացահայտ առճակատման սպառնալիք, ապա Մոսկվան եւ Վաշինգտոնը չեն կարող հավասարը հավասարի ձեւաչափով բանակցել եւ հասնել գոնե միջանկյալ լուծումների: Օբամայի հետ «նոր Յալթա» կազմակերպելու Պուտինի բոլոր փորձերն այդպես էլ մնացին անպատասխան: Իսկ ահա Սիրիայում քիմիական զենքի օգտագործումը եւ դրան ի պատասխան ամերիկյան հրթիռակոծումը հնարավորություն տվեցին խոսել միջուկային գերտերությունների միջեւ «իրական առճակատման վտանգի» մասին: Դա այն «կարմիր գիծն» է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը չեն կարող անցնել:



...Ռուս մեկնաբաններից մեկը հատուկ ընդգծել էր ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի վերջերս դրսեւորած պահվածքի եւ նույն ատյանում ԽՍՀՄ առաջնորդ Խրուշչեւի՝ կոշիկով ամբիոն ծեծելու, վարքի նմանությունը՝ համարելով, որ դա վկայում է Ռուսաստանի «դիվանագիտության վախճանը»: Ըստ երեւույքին, ասվածն էլ «խաղի կանոնների» ժանրից է. Խրուշչեւի «բռիությանը» հաջորդեցին խորհրդա-ամերիկյան երկխոսության դժվար փուլերը, որ, ի վերջո, բերեցին Ռեյգան-Գորբաչով համաձայնությունների: Խնդիրն այն է, որ արդյունքում ԽՍՀՄ-ը կազմալուծվեց, իսկ Ռուսաստանն այսօր նահանջի տեղ չունի: Եւ ստացվում է, կարծես, որ «կերտելով» Թրամփին՝ Պուտինը, կամա, թե ակամա, համաշխարհային քաղաքականության օրակարգ է բերել Ռուսաստանի ապագայի հարցը...



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ