Ինչ գրքերի համար է մշակույթի նախարարությունը վճարել 23 մլն դրամ

Ինչ գրքերի համար է մշակույթի նախարարությունը վճարել  23 մլն դրամ

ՀՀ մշակույթի նախարարությունը ձեռնամուխ է եղել 2017 թվականին հրատարակվելիք գրականության ցանկերի ձեւավորմանը: Եւ այդ նպատակով 2017 թվականի մարտի 14- 20-ը ընկած ժամանակահատվածում բավական թանկարժեք պայմանագրեր է կնքել՝ ընդհանուր գրքերի համար վճարելով 22.720.000 ՀՀ դրամ։



Այսպես՝ մարտի 17-ին մշակույթի նախարարությունը «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչության հետ կնքել է 12.200.000 ՀՀ դրամ արժողությամբ պայմանագիր։ Ըստ այդմ, ձեռք է բերվել «Հայկական երաժշտական հանրագիտարան»-ի 500 օրինակ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 8400 ՀՀ դրամ։ Ընդհանուր հաշվով՝ նախարարությունը վերոնշյալ գրքի համար վճարել է 4.200.000 ՀՀ դրամ։ Սույն պայմանագրով նախատեսված՝ ձեռք է բերվել նաև «Հովհաննես Թումանյան» հանրագիտարանային աշխատության 1000 օրինակ՝ 8.000.000 ՀՀ դրամ արժողությամբ։ Այսինքն՝ մեկ օրինակի գինը կազմում է 8000 ՀՀ դրամ։



Նույն օրը մեկ այլ՝ «ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ» հիմնադրամի հետ մշակույթի նախարարությունը կնքել է մեկ այլ պայմանագիր՝ 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ։ Ըստ պայմանագրի՝ նախարարությունը ձեռք է բերել Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» աշխատության 200 օրինակ։ Գրքի մեկ օրինակի արժեքը կազմում է 5000 ՀՀ դրամ։ 



Արդեն մարտի 17-ին 7.150.000 ՀՀ դրամի պայմանագիր է կնքվել մշակույթի նախարարության կողմից բավական «սիրելի» «Առեդիտ» ՍՊ -ի հետ։ Վերջինիս հետ նախարարությունը պարբերաբար՝ 2014, 2015 թվականներին ևս պայմանագրեր է կնքել՝ խոշոր գումարներով։



Ձեռքբերված գրքերի առաջին չափաբաժինը ընդգրկում է 200 օրինակ հանրագիտարանային, դասագրքային, տեղեկատվական, բառարանային բնույթի աշխատություն՝ ««Իզմ» մշակութային հանրագիտարան-բառարան (2 հատորով)»։ Գրքի մեկ օրինակի արժեքը կազմում է 19.750 ՀՀ դրամ, 200 օրինակի դիմաց նախարարությունը վճարել է 3.950.000 ՀՀ դրամ։ 2-րդ չափաբաժնում ընդգրկված է Այվազովսկու կյանքը, գործունեությունը ներկայացնող գիրք-ալբոմ` «Հովհաննես Այվազովսկի» անվամբ։ Գրքի մեկ օրինակի արժեքը կազմում է 10.667 ՀՀ դրամ։ 300 օրինակի դիմաց նախարարությունը վճարել է 3.200.100 ՀՀ դրամ։



Նույն օրը նախարարությունը 1.600.000 ՀՀ դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Արևիկ» հրատարակչության հետ։ Ըստ այդմ, ձեռք է բերվել Դավիթ Հովհաննեսի «Ութը տող» աշխատությունը, որի մեկ օրինակի արժեքը կազմում է 8000 ՀՀ դրամ։ Ընդհանուր 200 օրինակի դիմաց նախարարությունը վճարել է 1.600.000 ՀՀ դրամ։



Մշակույթի նախարարության թանկարժեք գնումներն այսքանով չեն ավարտվում։ Ավելի վաղ՝ մարտի 14-ին, նախարարությունը «ԴԱՐԱԿ» ընկերության հետ պայմանագիր է կնքել՝ 970.000 ՀՀ դրամ արժողությամբ։ Ըստ այդմ, ձեռք է բերվել Զորայր Խալափյանի «Այսքան բան» աշխատությունը՝ 200 օրինակով։ Մեկ գրքի համար նախարարությունը վճարել է 4.850 ՀՀ դրամ։



Վով Մուշեղյան