Ծառերի մի մասը կվերականգնվի, մի մասը՝ ինչ-որ թուփի նման մի բան կլինի. Կարինե Դանիելյան

Ծառերի մի մասը կվերականգնվի, մի մասը՝ ինչ-որ թուփի նման մի բան կլինի. Կարինե Դանիելյան

«Դա էտի տպավորություն չի թողնում, դա ինչ-որ գերէտ է, որ վաղուց Երևանում չի իրականացվում, այնքան խորն են կտրած ծառերը, տեղեր կան, որ հողից համարյա 20-30 սանտիմետրի ընդամենը բուն է մնացել։ Դա ուղղակի բարբարոսություն է ծառի նկատմամբ».-կարծիք է հայտնում բնապահպան, հասարակական գործիչ, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը։



Դավթաշենի 23 բարդիները շարունակում են «ալեկոծել» հասարակական դիսկուրսը՝ բարդիներն էտե՞լ են, թե՞ հատել։ Հիշեցնենք, որ Դավթաշեն վարչական շրջանում 23 բարդի հատելու համար ձերբակալված անձը ազատ էր արձակվել, իսկ ավելի ուշ քննիչի միջնորդությամբ՝ կալանավորվել:



Բնապահպան Կարինե Դանիելյանը պատմեց, որ եղել է տեղում. «Նախ էտը կատարում է քաղաքապետարանի կանաչապատման վարչությունը, կամ իրենց համապատասխան բաժինն այդ տարածքում, իրենք էտ չեն կատարել։ Իհարկե ծառերի մի մասը կվերականգնվի, բայց մի մասը, որը նկարագրեցի, ինչ-որ թուփի նման մի բան շատ տարիների ընթացքում կլինի»։ Տիկին Դանիելյան, իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք նախագահի արձագանքը, չէ՞ որ հենց այս իշխանությունների օրոք բազմաթիվ ծառեր են հատվել. «Ես դրական եմ վերաբերում, այն առումով, որ վերաբերմունքը փոխվել է կանաչ ծառերի նկատմամբ, հույս ունեմ, որ դա այդպես է։ Բայց որ առհասարակ քաղաքաշինությունը Երևանի ուղղակի սպանում է Երևանն էկոլոգիական տեսանկյունից, և ամբողջ անկախության տարիների ընթացքում քաղաքաշինությունն ուղղակի բոլոր նորմերը ջարդեց, Երևանում մենակ թե մի քանի մարդիկ հարստանան, այդպես է եղել».- պատասխանում է Կարինե Դանիելյանը։



Բնապահպանի խոսքերով՝ վերջերս ուսումնասիրվել է ծառերի վրայի փոշին և առհասարակ փոշին Երևանում, արդյունքում հայտնաբերել են ծանր մետաղներ. «Երկու խնդիր ունենք՝ քաղաքաշինությունը, որ կանաչ տարածքների, բակային տարածքների հաշվին խտացրեցին-խտացրեցին դարձավ իսկական ասֆալտբետոնային անապատ, և քաղաքի շուրջը գործում են կարծեմ 21 հանքավայր և մեկն ուղղակի կենտրոնում՝ Երիտասարդական պալատի տեղը, այդպիսի քաղաք, առավել ևս մայրաքաղաք, ես չեմ ճանաչում աշխարհում»։



Ամեն տարի գարնանը Երևանում տեղի ունեցող ծառատունկերը Կարինե Դանիելյանը խնդրի լուծում չի համարում. «Իրենք իրենց ծառերը չեն աճի, որովհետև մեր բնակլիմայական պայմանները դա կիսաանապատ է և իհարկե մեր խնամքի կարիքն ունեն։ Ծառեր տնկվում են, բայց կպչողականությունն այդքան բարձր չի, և իրոք մեծ խնամքի կարիք կա։ Ես մի քանի անգամ մասնակցել եմ ծառատունկի, տնկում ենք ծառերը, հետո չկան, հետո նորից ենք տնկում։ Խոսք չկա, մեծ աշխատանք կանաչապատման իրոք արվում է, և ծաղկապատումը լավ է արվում քաղաքում, բայց մեծ կանաչի կարիք ունի քաղաքը։ Իմ աչքի առաջ օրինակ, ես Խանջյանում եմ ապրում, այդ սարի լանջն ամբողջն անտառ էր, այն վատ տարիներին կտրվեցին, իսկ հետո ուղղակի բաժանվեց դա օլիգարխներին, որպեսզի իրենք այնտեղ վիլաներ կառուցեն կառավարության որոշումով։ Ես ամեն անգամ դրա մասին ասում եմ, որ այդտեղ սովորույթի վտանգ կա և միշտ կոչ եմ անում օլիգարխներին նվիրել քաղաքին այդ տարածքը»։



Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Հիշեցնենք, որ այս դեպքին արձագանքել է նաեւ ՀՀ նախագահը՝ կատարվածը բարբարոսություն որակելով: Ի դեպ, մամուլը գրում էր, որ ծառերն էտած անձն ինքն է տնկել այդ բարդիները և տարիներ շարունակ խնամել դրանք։



Սիրան Հունանյան