Երբ ռուսական են ոչ միայն իշխանությունները, այլև «ընդդիմությունները»

Երբ ռուսական են ոչ միայն իշխանությունները, այլև «ընդդիմությունները»

Հարցազրույց քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ



- Ղարաբաղյան խնդրի լուծման հարցում պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ կա՞ն հակասություններ։ Տպավորությունն այնպիսին է, որ Երեւանը ձգտում է տանել փոխզիջման ճանապարհով, իսկ Ստեփանակերտը դեմ է։



- ԼՂՀ կարգավորման գործընթացի վերաբերյալ Երեւանի եւ Ստեփանակերտի դիրքորոշումների միջեւ հակասություններ չեն կարող լինել մի շարք պատճառներով: Լեռնային Ղարաբաղը չունի ֆինանսական, ռազմական, դիվանագիտական եւ քաղաքական ռեսուրսներ, որպեսզի հանդես բերի Հայաստանից տարբերվող մոտեցումներ: Բնական է, որ եթե քննարկենք Ղարաբաղը որպես առանձին, ինքնուրույն երկիր, ապա այն պետք է ունենա շահեր, որոնք տարբերվում են հայաստանյանից, սակայն մեր նորանկախ պատմության ընթացքում, անկախ արտահայտվող պաշտոնական դիրքորոշումներից, միշտ Հայաստան-Ղարաբաղ համակարգը դիտարկվել է որպես միասնական, եւ միշտ դոմինանտ է եղել այն տեսակետը, որ Ղարաբաղի անվտանգությունը Հայաստանի անվտանգության կարեւորագույն, որոշիչ բաղադրիչն է: Այս ընկալմամբ է կառուցվել հայաստանյան անվտանգության համակարգը, եւ հիմա դրանք առանձնացնելու ոչ ակնհայտ մոտիվացիա կա Երեւանի իշխանությունների մոտ, ոչ էլ հնարավորություն:



- Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն ընդհանուր դիրքորոշո՞ւմ ունեն։ Իսկ փոխզիջումային տարբերա՞կը, որին ղարաբաղցիք կտրուկ դեմ են արտահայտվում։



- Եթե անգամ Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի մոտեցումներում նկատվեն տարաձայնություններ, ապա դա կլինի արտաքին աշխարհին ուղղված տակտիկական մանյովր, ոչինչ ավելին: Մինչդեռ Հայաստանի ճնշումներով ձեւավորված նման համասեռ դիրքորոշումը չի կարելի արդարացնել, քանի որ, եթե ցանկություն կա Ղարաբաղին վերադարձնել Մինսկի խմբի բանակցությունների սեղանին, ապա նա պետք է ասելու բան ունենա, այլ ոչ թե պարզապես կրկնի Հայաստանի խոսքերը:



- Արտաքին աշխարհին ուղղված տակտիկան նաեւ Ռուսաստանի՞ն է ուղղված։ Ո՞րն է Ռուսաստանի շահը։



- Ռուսաստանը շահագրգռված է կոնֆլիկտի շարունակականության մեջ, քանի որ առանց ռուսական զորք կիրառելու, առանց փող ծախսելու նա կարողանում է տարածաշրջանն ամբողջապես պահել իր վերահսկողության ներքո։ Ավելին՝ որպես բոնուս, նա կարողանում է նաեւ լուրջ փող աշխատել՝ համարյա անսահմանափակ քանակությամբ զենք է ծախում կողմերին, ինչն արդեն անվտանգության համար չի անհրաժեշտ։ Ադրբեջանը գնում է զենքն այն պատճառով, որ Հայաստանն է գնել, իսկ Հայաստանը գնում է այն պատճառով, որ Ադրբեջանն է ձեռք բերել։ Լրացուցիչ կարեւոր արդյունք է Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական էլիտաների վրա բացարձակ վերահսկողությունը, երբ ռուսական են ոչ միայն իշխանությունները, այլեւ «ընդդիմությունները», ինչը բացառում է, թե այս երկրները մոտակա ժամանակում երբեւէ կլուծեն կամ գոնե կբարձրաձայնեն իրենց երկրների անվտանգության հիմնահարցը՝ ռուսական գաղութատիրությունից ազատվելը: Տարածաշրջանում ներդրվելով, Ռուսաստանն իր ազդեցության կարեւոր լծակներ է ձեռք բերում նաեւ Վրաստանի, Թուրքիայի, Իրանի եւ ավելի լայն՝ սեւծովյան եւ մերձավորարեւելյան տարածաշրջանների նկատմամբ: Այնպես որ՝ մտածել, թե Մոսկվան կամովին կգնա կոնֆլիկտի լուծման, միամտություն է:



- Այդ դեպքում ի՞նչ են անում եվրոպական երկրները։ Նրանց է՞լ պետք չէ խաղաղություն մեր ռեգիոնում։



- Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա նա չունի մշակված մանրամասն քաղաքականություն կոնֆլիկտի նկատմամբ, եւ դրա պատճառները բազմաթիվ են: Եվրոպան չափազանց զբաղված է անվտանգության այլ խնդիրներով, ինչպես անջատողականության եւ կոշտ ազգայնականության աճն է, փախստականների խնդիրն է, Ռուսաստանից եկող անմիջական, կոնկրետ սպառնալիքներն են:
Միաժամանակ, Եվրոպայի ընդհանուր դիրքորոշումը ռեգիոնում խաղաղության պահպանումն է եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը: Բրյուսելն անտարբեր չէ ռուսական էքսպանսիոնիզմը ետխորհրդային երկրներում դիմագրավելու հարցում։ Դրա ապացույցը Վրաստանին եւ Ուկրաինային առանց վիզայի ռեժիմ տրամադրելն է: Սակայն նա խուսափում է Հայաստանի հետ երկարաժամկետ ծրագրերից, քանի որ հասկանում է, որ իր հետ հարաբերությունների ցանկացած մանրամասն Երեւանը համաձայնեցնում է Մոսկվայի հետ:



- Խաղաղության գաղափարը, որպես նախընտրական, թեեւ ձայներ չբերեց, բայց լայն քննարկման դրվելով, հեշտացրեց խաղաղության լուծումները։ Ձեր կարծիքով, ո՞րն է այդ լուծումների գլխավոր խոչընդոտը։



- Խաղաղության հարցը նախընտրական քննարկումների ժամանակ բարձրացվեց բավական անհմուտ ձեւով։ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները մնում են այն մակարդակի, որ կային 1996 թ. տապալված ընտրություններից հետո, առանց հաշվի առնելու կողմերի եւ մանավանդ՝ տարածաշրջանի հսկայական փոփոխությունները, ընդհանրապես առանց քննարկելու Ռուսաստանի սարսափելի դերը: Վախենամ ասել, որ նման անհմուտ մոտեցումները նպատակ ունեին ոչ թե խաղաղության քննարկումների, այլ հակազդեցության եւ միլիտարիստական մոտեցումների խորացման:



- Կբացատրե՞ք Ձեր տեսակետը, ինչո՞ւ եք գտնում, որ Տեր-Պետրոսյանը ոչ հմուտ ձեւով է բարձրացրել փոխզիջումների հարցը։



- Տեր-Պետրոսյանի ներկայացրած խաղաղության ծրագիրն իրատեսական չէ, հին է, ներկա պայմաններում չաշխատող, եւ, կարծում եմ՝ նա ինքն էլ է դա հասկանում: Ընտրությունների ժամանակ Հայաստանում ազգայնականության վերելքի պայմաններում, երբ բոլոր ուժերը նոր բառեր էին փնտրում ադրբեջանցիներին հայհոյելու համար, կարգավորման նման թերի ծրագրով հանդես գալն ավելի շուտ հակազդեցություն էր առաջացնելու:



- Մարին Լը Պենի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղի հարցի լուծում կլինի վերամիավորումը Հայաստանի հետ, արդյոք մշակված հայտարարություն չէ՞ր, Ֆրանսիայի դիրքորոշումն արտահայտող, թե՞ զուտ նախագահի թեկնածուի կողմից շողոքորթում էր՝ հայ համայնքին ուղղված, ընտրությունների նախօրեին։



- Լե Պենի հայտարարությանը չարժե անդրադառնալ, քանի որ նա նախ իշխանության մաս չէ, հետո` նա հակաեվրոպացի է, այսինքն՝ նրա հայտարարությունները Եվրոպայի տեսակետը չեն կարող արտահայտել:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ