Անոնիմկա «Քաղաքացի դիտորդի» դեմ, դատախազության հակահարվածը ընտրական իրավունքի պաշտպաններին

Անոնիմկա «Քաղաքացի դիտորդի» դեմ, դատախազության հակահարվածը ընտրական իրավունքի պաշտպաններին

ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով վարչության պետի տեղակալ, հարակից պատասխանողի ներկայացուցիչ Կարեն Բիշարյանն անսպասելի հայտարարություն արեց, որ իրենք դիմում ունեն մի տեղական դիտորդից, որին «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» եւ «Իրավունքի Եվրոպա» կազմակերպությունները խոստացել են վճարել, բայց ձգձգում են գումարների վճարումը։ Դիմողի անունը Գլխավոր դատախազության ներկայացուցիչը չհայտնեց։ «Անոնիմկայի» մասին ՍԴ-ում բարձրաձայնելով, նա նշեց, որ քաղաքացին իրենց է վստահում դատախազությանը եւ չի վստահում դիտորդական կազմակերպություններին։ Իրավական հարցերը կոորդինացնող «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանն ասում է, որ 28 հազար տեղական դիտորդներից միայն «Անկախ դիտորդ» դաշինքի եւ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներից են բողոքներ ստացվել, այդ թվում՝ օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների մասին։ «Այս կոնտեքստում ակնհայտ է, որ պետական ողջ մեքենան մոբիլիզացվել է «Քաղաքացի դիտորդի» դեմ, որովհետեւ այն փաստերը, որ մենք ներկայացրել ենք պետությանը, լուրջ անախորժություն են պատճառում պետական մարմիններին։ Իսկ մեր կազմակերպություններից բացի, դիտորդություն են իրականացրել մի 20 հազարից ավելի դիտորդներ, որոնք լռում են ու իրենց լռությամբ ասում են, որ ամեն ինչ լավ է, նրանց ֆոնին մեր նախաձեռնության դիտորդները դարձել են պետության աչքի փուշը, եւ ամեն ձեւով փորձ է արվում դիմադրության այս մի օջախն էլ ամեն կերպ մարել»։ 



- Ի՞նչ գումար է ստանում դիտորդը, ի՞նչ չափի եւ ինչի՞ համար։



- Դիտորդը չի կատարում աշխատանք որեւէ կազմակերպության համար, այդ թվում՝ եւ մեր։ Մենք աշխատանքային հարաբերությունների մեջ չենք դիտորդների հետ, ոչ էլ նրանք մեզ ծառայություն են մատուցում։ Դիտորդը ծառայություն է մատուցում հասարակությանը, ծառայում է հանրային շահին կամավորական հիմունքներով։ Այլ բան է, որ մեր կազմակերպությունները նախատեսում են դիտորդության դիմաց օգնություն, որը մենք անվանում ենք ֆինանսական խրախուսանք։ Այն սիմվոլիկ է՝ 15 հազար դրամ։ Սա չի կարող աշխատավարձ դիտարկվել։ Այո, այդ խրախուսանքի խոստումը եղել է, եւ դա վճարվում է դիտորդներին, ուղղակի դրանց վճարումը տեխնիկական պատճառներով՝ բանկային եւ այլ խնդիրների պատճառով, մի փոքր ձգձգվել է։ Չմոռանանք, որ մեր առաքելությունը մոտ 3 հազարից ավելի դիտորդներ է ունեցել, եւ տեխնիկապես բարդ է բանկերի միջոցով արագ կազմակերպել վճարումը։ Հանրաքվեի ժամանակ մենք այդ նույն խնդիրներն ունեինք բանկերի հետ, երեք անգամ քիչ էին դիտորդները, եւ համարյա մեկ ամիս պահանջվեց վճարումը կատարելու համար։ Բոլորն ստացան իրենց գումարները, հիմա էլ կստանան։



- Իսկ դուք ստուգե՞լ եք, որքանո՞վ են արդյունավետ աշխատում այս 3 հազարից ավելի դիտորդները։



- Մենք քննարկում ենք, որոշակի սանդղակներ ներմուծում ապագայի համար, որպեսզի դիտորդների շրջանում էլ պահպանվի արդարությունը։ Իրականացնում ենք ստուգումներ երկրորդական զանգերի միջոցով, որովհետեւ մեծ թվով դիտորդներից ընտրության օրը տեղեկություն չենք ունեցել ու զանգերի միջոցով ենք պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել իրենց տեղամասերում։ Մենք նպատակ ունենք բյուրեղացնել դիտորդական առաքելությունը։ Հանրաքվեից հետո դա չարեցինք, ինչը սխալ էր։ Այսօր ունենք մի պատկեր, երբ կան անբարեխիղճ դիտորդներ։ Ապագայում այս ստուգումների համակարգը մենք կկիրառենք, իսկ խրախուսական վճարը կտրվի տարբերակված մոտեցումով, որպեսզի այն դիտորդները, որոնք բարեխղճություն են ցուցաբերել, չխրախուսվեն նույնկերպ, ինչ նրանք, ովքեր գնացել են, հորանջել են կամ կեսից լքել են ընտրատեղամասը։



- Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ՀԱԿ-ի դիմումի քննարկման ժամանակ սա հայտարարվեց, ի՞նչ կապ ուներ անոնիմ բողոքը ՀԱԿ սահմանադրական բողոքի հետ։



- Շատ հնարավոր է, որ դատախազության ներկայացուցիչը ճիշտ չի հասկացել, թե ՍԴ-ում ինչ դիմում է քննվում, եւ ինչի շրջանակներում է ինքը հրավիրվել այնտեղ։



- Հիմա ի՞նչ եք սպասում, քրեական հետապնդո՞ւմ են սկսելու «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի եւ «Իրավունքի Եվրոպայի» դեմ։



- Ինֆորմացիան շատ քիչ է, բայց, նկատի ունենալով այն ակտիվությունը, որ մեր դիտորդները դրսեւորել են, կազմակերպվածությունը, որով մեր իրավաբաններն աջակցել են դիտորդներին իրենց դիմումները ձեւակերպելու եւ համապատասխան հանձնաժողովներ ներկայացնելու հարցում, ակնկալիքն այն է, որ ամեն ինչ անելու են, որ դիմադրության այս օջախն էլ վերացնեն։



ՀԳ Ինչ խոսք, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» ՀԿ-ն, «Իրավունքի Եվրոպան», «Իրազեկ քաղաքացիների միավորումը», այլ դիտորդներ ու դիտորդական կազմակերպություններ հարամեցին ՀՀԿ-ի հաղթանակը։ Եթե չլիներ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի բողոքը Սահմանադրական դատարան, որի հիմքը նաեւ դիտորդական կազմակերպությունների հավաքած փաստերի ու ապացույցների բազան էր, իշխանությունը գուցեեւ կարողանար արձանագրել, որ, ահա, այս անգամ մաքուր ընտրություն անցկացրեց։ Բայց չստացվեց։ Հիմա էլ «Քաղաքացի դիտորդը» դեռ չի ավարտել ընտրությունների արդյունքների շուրջ իրավական գործընթացը։ Դեռ երկար պրոցեսներ կան վարչական դատարաններում, ՍԴ-ում, ՄԻԵԴ տարվելիք խնդիրներ կան դիտորդների իրավունքների վերաբերյալ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ