Ադրբեջանական խնձորի համար ՊԵԿ աշխատակիցներ կդատվեն

Ադրբեջանական խնձորի համար ՊԵԿ աշխատակիցներ կդատվեն

Պետական եկամուտների կոմիտեն երեկ հաղորդեց, որ քրեական գործ է հարուցված ադրբեջանական խնձորի ներկրման առիթով։ «Տեղական շուկայի տարբեր վաճառակետերում, այդ թվում՝ սուպերմարկետներում եւ ՍԱՊԾ-ի տրամադրած այլ հասցեներում, ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու դեպքի մանրամասները ճշտելու նպատակով իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր առեւտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահմանը, մաքսային ձեւակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության որոշ աշխատակիցների կաշառք տալու միջոցով ակնհայտ առեւտրային քանակ հանդիսացող գյուղմթերքը ներկրել են հանրապետություն:



ՊԵԿ աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի՝ կաշառք ստանալու հատկանիշներով: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաեւ մի շարք քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստերի վերաբերյալ, որոնց հիման վրա Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով եւս հարուցվել է քրեական գործ»,- հայտնում է կոմիտեն՝ առանց անուններ նշելու։ Փաստորեն, ադրբեջանական խնձորը հերոինից էլ վտանգավոր էր։ 2014 թվականի հունվարին ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը համատեղ ջանքերով մոտ մեկ տոննա հերոին էին բռնել Մեղրու սահմանի վրա։ Ի՞նչ եղավ այս գործը, ի՞նչ ընթացք ստացավ, եւ ո՞ւր է հերոինը, ո՞ւմ ձեռքը գնաց ոչնչացնել այն, եւ արդյո՞ք այն ոչնչացվեց։ Ոչ ոք չիմացավ։ Գիտենք միայն, որ բեռնատարի վարորդ է դատվել։ Բայց, ահա՝ ադրբեջանական խնձորից մի կաթիլ մեղրը սարքեցին։ Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, խնձորի որակի ստուգում իրականացրած պետական մարմինները վախենում են հայտարարել, որ այն միանգամայն անվնաս է եղել՝ կանխատեսելով, թե ինչ ազգայնական վակխանալիա կտեղա նման հայտարարություն անողների գլխին։ Հայտնի է նաեւ, որ ադրբեջանական խնձորն առաջինը հայտնաբերվել է Մալաթիայի առեւտրականների մոտ, եւ շուկայի ղեկավարությունն անձամբ է հետեւել, որ ոչ մի կիլոգրամ խնձոր չփրկվի ոչնչացումից։ 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ