Հարավային Կորեայում արտահերթ նախագահական ընտրություններ են

Հարավային Կորեայում արտահերթ նախագահական ընտրություններ են

Հարավային Կորեայում այսօր տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ: Հիշեցնենք, որ Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն պաշտոնանկ արվեց այն բանից հետո, երն վերջինիս մեղադրեցին կոռուպցիոն սկանդալի հետ կապ ունենալու համար; Պակ Կըն Հեն նաեւ զրկվեց անձեռնմխելիությունից եւ հանձնվեց արդարադատությանը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, ընտրությունների ակտիվությունը բավական բարձր է ինչպես մայրաքաղաք Սեուլում, այնպես էլ շրջաններում:



Սեուլում ընտրատեղամասերը հիմնականում տեղակայված են տեղական կառավարչական գրասենյակներում: Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ ֆավորիտ է համարվում Մուն Չժե Ինը: Նա առաջարդված է Դեմոկրատական կուսակցությունից եւ նրա օգտին ըստ սոցհարցումների, կքվեարկի ընտրողների 42,4%-ը: Մյուս թեկնածուները զգալիորեն զիջում են նրան իրենց հնարավոր քվեների տոկոսային հարաբերակցությամբ: Մուն Չժե Ինի կողմնակիցները հույս ունեն, որ հնարավոր կլինի արմատախիլ անել կոռուպցիան հարավ-կորեական հասարակությունից եւ բարելավել հարաբերությունները Փհենյանի հետ:



Սրանք հիմնականում երիտասարդներն են ու միջին տարիքի քաղաքացիները, մինչդեռ ավելի տարեցները ձգտում են պահպանողականության եւ չեն ցանկանում սերտացնել հարաբերությունները Փհենյանի հետ: Նախագահական արտահերթ ընտրությունների վրա կծախսվի ընդհանուր առմամբ 274 միլիոն ԱՄՆ դոլար կամ 311 միլիարդ հարավ-կորեական վոն: