Կարո՞ղ է այդ վաշինգտոնյան քարտեզներով պարզվի, որ Ներքին Հանդը «հինավուրց ադրբեջանական տարածք» է 

Կարո՞ղ է այդ վաշինգտոնյան քարտեզներով պարզվի, որ Ներքին Հանդը «հինավուրց ադրբեջանական տարածք» է 

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում Հայաստանի պահանջով ռուս իրավապահների կողմից ձերբակալված ադրբեջանցի բլոգերին արտահանձնեցին Բաքու։ Այս քայլը ոմանք բացատրեցին ՌԴ-ի կողմից՝ Հայաստանի արևմտամետ քաղաքականությանը համարժեք պատասխան։

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Հրապարակի» հետ զրույցում, սակայն, նկատում է, որ եթե Ռուսաստանը հայերին պատժելու ցանկություն ունենար, ապա ոչ էլ կձերբակալեր ադրբեջանցի ռազմական հանցագործին։ 

«Ինչին մենք ականատես եղանք, որ Հայաստանի պետական մարմինները պաշտոնական հաղորդագրություններ` ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ամբողջ օրվա ընթացքում չէին տարածում։ Այսինքն, եղավ մեկնաբանություն՝ լրատվամիջոցներից եկած հարցերին դատախազությունից և ոստիկանությունից, բայց պաշտոնական հաղորդագրություն, որ, այո, այս մարդը հետախուզվում է մեր կողմից, այսպես, այսպես, իրեն պետք է ձերբակալեն՝ նման հայտարարություններ չեն եղել։ Այստեղ է, որ պետք է հասկանանք, իսկ Հայաստանի իշխանությունները ցանկություն ունեի՞ն, որ այդ մարդուն արտահանձնեին Հայաստանին, թե ոչ»,- նկատում է Մաթևոսյանը։ 

Չի կարելի բացառել այն տարբերակը, որ ձերբակալելով այդ ադրբեջանցուն, ռուսական կողմը, նույնիսկ շրջանցելով Հայաստանի գործոնը, Ադրբեջանին ուղերձ էր հղում առ այն, որ իրենց համար Ադրբեջանի պահվածքն անընդունելի է, Ռուսաստանում կան հազարավոր ադրբեջանցիներ և կան բազմաթիվ պատրվակներ, որոնց հիման վրա իրենք կարող են նրանց ձերբակալել, եթե ադրբեջանցիների քաղաքականությունը որոշակի կարմիր գծեր հատեն։ «Մենք տեսնում ենք, որ ռուսական կողմը շահագրգռված է, որ խաղաղապահները շարունակեն մնալ Արցախի Հանրապետության տարածքում։ Միգուցե այս քայլից հետո իրենք ստիպեն Բաքվին ավելի լոյալ, ավելի ճիշտ բանակցություններ վարել Մոսկվայի հետ այս հարցի վերաբերյալ։ Դրա համար ասել, որ իրենք մեզ պատժում են կամ Ադրբեջանի նկատմամբ լոյալ են՝ ես այդքան էլ այդպես չեմ կարծում»,-ասաց քաղաքագետը։ 

Վերջինս հիշեցնում է, որ Ադրբեջանին հանձնված ականապատ տարածքների քարտեզները Փաշինյանը հումանիտար ժեստ էր որակել՝ միգուցե ադրբեջանցի մարդասպանին Բաքվին արտահանձնելը և՞ս հումանիտար ժեստի դրսևորում է եղել։ 

ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը կիրականացվի Ալմա-Աթայի համաձայնագրով։ Գրիգորյանը հայտարարել էր նաև, որ Պրահայում հանդիպման ժամանակ, թե Ադրբեջանը, թե Հայաստանը համաձայնել են հենց այդ հռչակարգրով սահմանված սահմաններով կատարել դելիմիտացիան։ Քաղաքագետը, սակայն, նշում է, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը վերջին ասուլիսներից մեկի ժամանակ ասել է, որ Վաշինգտոնում կան ինչ-որ քարտեզներ, որոնք կողմերին ներկայացվում են որպես սովետական գենշտաբի քարտեզներ։ «Եթե այդ քարտեզներն իրական են, ես կարող եմ տրամաբանորեն ենթադրել, որ դրանք Բալթյան երկրների գլխավոր շտաբներից կարող էին հայտնվել ամերիկացիների մոտ։ Չմոռանանք, թե ինչ կապ ունեին այդ երկրները Սովետական միության հետ, բայց, միևնույն է, նույնիսկ այդ պարագայում հարց է առաջանում, իսկ արդյոք այն քարտեզները, որոնք կախված են վաշինգտոնյան գրասենյակներում, դրանք ինչ-որ կապ ունե՞ն իրականության հետ։ Դրանք լեգիտի՞մ քարտեզներ են, թե՞ ոչ, թե՞ այնպիսի քարտեզներ են, որոնցից մենք կպարզենք, որ, օրինակ, Ներքին Հանդն էլ է «հինավուրց ադրբեջանական տարածք»։ Դա է պատճառը, որ այդ քարտեզների լեգիտմիության հարցը շատ լուրջ հարց է։ Հայաստանի իշխանությունները շատ լուրջ մտածելու տեղիք ունեն՝ այդ քարտեզներով դելիմիտացիա իրականացնելու հարցում, որովհետև հաշվի առնելով ադրբեջանական պետության բնույթը, մենք կարող ենք հանգել նրան, որ այդ քարտեզների հիման վրա դելիմիտացիա, դեմարկացիա իրականացվի ու հետո Ադրբեջանում ասեն՝ մենք գտանք ճիշտ քարտեզները, նախորդ դելիմիտացիան-դեմարկացիան, իրականությանը չի համապատասխանում։ Ես դրա համար եմ ասում, որտեղից իշխանություններին երաշխիք, որ ԱՄՆ-ում եղած քարտեզները, որոնցով իրենք պատրաստ են գնալ դելիմիտացիայի՝ լեգիտիմ քարտեզներ են»,- ուշադրություն հրավիրեց այս հարցի վրա Մաթևոսյանը։ 

Ինչ վերաբերում է զորքերի հայելային հետքաշմանը, ապա Ներքին Հանդում փետրվարի 13-ի դեպքերը ապացուցեցին մի բան, որ ադրբեջանցիները հարձակվել են մեր դիրքերի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից։ Այսինքն, նախկինում ադրբեջանցիները եկել ու տեղակայվել էին ՀՀ տարածքում, ու այդտեղից էլ հարձակում են իրականացրել մեր տարածքների վրա՝ ի՞նչ հայելային հետքաշման մասին է խոսքը։ 

«Այսինքն ադրբեջանցիները պետք է հետ գնան և լավագույն դեպքում հասնեն իրենց սահմանները և մենք էլ նույն Ներքին Հանդում պետք է հետ գնանք, հասնենք մեր քաղաքացիների տնե՞րը, այնտե՞ղ սահման կառուցենք։ Ի՞նչ են այս մարդիկ խոսում ընդհանրապես, ի՞նչ կապ ունեն իրենց առաջարկները իրականության հետ»,-ասաց քաղաքագետը։ Խաղաղության պայմանագրի բանակցություններում և առհասարակ հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց չի լինելու այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը չզգա, որ Հայաստանը վերականգնել է ռազմաքաղաքական-ռազմավարական բալանսը տարածաշրջանում։ 

«Ուղիղ այնքան ժամանակ, մինչև իրենք հստակ տեսնեն, որ Հայաստանը աշխարհաքաղաքական առումով որբ է, իրենք մեզ համար դրական բնույթի ոչ մի բանակցությունների մեջ չեն մտնելու»,-ասաց վերջինս։ Հայաստանի իշխանությունները քաղաքական գործընթացի մեջ են մտել, որի տրամաբանական ավարտը լինելու է ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանից հանելը։ Այս ճանապարհին հայկական կողմը տարբեր գործընթացներով է անցնելու՝ այդ թվում նաև տեղեկատվական, օրինակ քաղաքացիներին պիտի համոզի, որ ռուսական ռազմական ներկայությունը մեզ ընդհանրապես պետք էլ չի՝ եվրոպացի դիտորդներն ավելի նախընտրելի են։ «Փաշինյանի՝ հակառուսական հայտարարությունները հենց այս համատեքստում էլ պետք է դիտարկել»,- իր խոսքը եզրափակեց Բենիամին Մաթևոսյանը։