Մեզ դիմում են նյութական, մինչեւ անգամ հոգեբանական աջակցության խնդրանքով․ ԲՀԿ ՇՄ կանանց խորհրդի նախագահ

Մեզ դիմում են նյութական, մինչեւ անգամ հոգեբանական աջակցության խնդրանքով․ ԲՀԿ ՇՄ կանանց խորհրդի նախագահ

Hraparak.am-ի զրուցակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` Շիրակի մարզի կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանն է:


-Տիկին Վիրաբյան, մոտ մեկ տարի է, ինչ  բացվել է  ԲՀԿ ՇՄ կանանց խորհրդի գրասենյակը,  նախագահը դուք եք, ինչո՞վ է տարբերվում ձեր գործունեությունը ԲՀԿ մարզային գրասենյակի գործունեությունից:Արդյո՞ք քաղաքական պահանջ չէր նոր գրասենյակ ունենալը:

-Ինչպես եւ գրասենյակի անվանումից հասկանալի է, ԲՀԿ Շիրակի մարզի կանանց խորհրդի աշխատանքը, ԲՀԿ ընդհանուր գործունեության շրջանակներում առավել իր ուշադրության կենտրոնում պահում է մեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Խոսքն ընդ որում, ոչ միայն կուսակցական կամ կուսակցությանը համակրող կանանց ու աղջիկների մասին է, այլ առհասարակ՝ մարզի եւ Գյումրի քաղաքի կանանց ու աղջիկների։ Իսկ նրանց խնդիրները քիչ չեն։ Մեզ դիմում են ամենատարբեր հարցերով ու խնդիրներով՝ նյութական աջակցության հետ կապված խնդրանքներից մինչեւ պարզ մարդկային շփում եւ հոգեբանական աջակցություն։ Իհարկե, գրասենյակը բացվեց, քանի որ  կուսակցության ներսում վերադասավորումների, թարմացման , ուժերը կենտրոնացնելու շրջան էր, նաև կուսակցության պահանջն էր ։

-Միայն կանայք են իրենց խնդիրներով դիմել ու դիմո՞ւմ, թե՞ ... 

- Դիմում են բոլորը։ Ու չնայած արդեն ասացի, որ մենք Կանանց խորհուրդն ենք ներկայացնում, սակայն աշխատում ենք ոչ մեկին չմերժել եւ մեր ուժերի ներածին չափով աջակցել բոլորին։ 

-Եթե ամփոփեք այս մեկ տարվա գործունեությունը, ինչպես կբնութագրեք, սպասվածից հե՞շտ էր, թե՞ դժվար նման պատասխանատու պաշտոն զբաղեցնելը: 

-Այն իրականությունը, որը կա այսօր մեր Հայրենիքում եւ որում մենք ապրում ենք, արդեն իսկ «հուշում է», որ որեւէ մակարդակում՝ պետական համակարգ, թե կուսակցական համակարգ, պաշտոն զբաղեցնող անձի համար դյուրին չի կարող լինել։ Եթե այդ անձը իր պաշտոնին վերաբերվում է ամենայն լրջությամբ եւ փորձում է օգտակար լինել հասարակությանը, ժողովրդին։ Ինձ համար էլ, թե որպես կնոջ, թե որպես բազմազավակ մոր համար դյուրին չէր։ Սակայն բարդությամբ հանդերձ, հաղթահարելի էր։ 

-Սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն իր մասնակցությունն ունեցավ, բայց կրկին շոշափելի արդյունք չգրանցեց, ինչո՞վ էր պայմանավորված հերթական քաղաքական նահանջը, վերադասավորումները չօգնեցի՞ն։

-Քաղաքական ուժի համար ընտրությունները, կապ չունի՝ ՏԻՄ կամ համապետական մակարդակի, իհարկե կարեւոր են, սակայն առանցքային չեն։ Մեզ համար՝ որպես ԲՀԿ կուսակցություն, որպես կուսակցության ստորաբաժանում, կարեւորը, ինչպես որ մեր կուսակցության նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանն է բազմաթիվ անգամներ ասել, ժողովրդին ծառայելն է։ Ու մենք անկախ որեւէ ընտրության արդյունքներից, շարունակում ենք կատարել մեր գործը՝ պատասխանատու եւ պարտաճանաչ կերպով։ Ընտրողը ժողովուրդն է, ու մենք ժողովրդի ընտրությանը մոտենում ենք հարգանքով, սակայն միշտ առաջնորդվելով այն սկզբունքով, որ մենք ծառայում ենք այս ժողովրդին՝ անկախ ամեն ինչից, անշահախնդրորեն։

-Խոսենք մի քիչ առաջիկա անելիքների, նոր տարում նոր սպասելիքների մասին։

-Ինչպես ասում են՝ մենք պլանավորում ենք, սակայն Աստված տնօրինում է։ Իհարկե առաջիկայում շատ անելիքներ ունենք։ Դա թե 2022 թվականին իրականացրած մեր ծրագրերի շարունակությունն են լինելու, թե նոր ծրագրեր ենք իրականացնելու։ Բայց չեմ ուզում, ինչպես ասում են՝ «Աստծուց առաջ ընկնել» ու մանրամասներ ասել։ Ժամանակը կգա, կանենք, թող ժողովուրդն էլ գնահատի։ Միայն կուզեմ վերջում իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու ամենաբարի մաղթանքները հղել Շիրակի մարզի եւ Գյումրի քաղաքի ազգաբնակչությանը եւ առհասարակ մեր Հայ ժողովրդի բոլոր զավակներին՝ գալիք Նոր Տարվա ու Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Տա Աստված, որ գալիք տարին լինի հնարավորինս քիչ խնդրահարույց, եւ ամենքս ապրենք խաղաղության, բարեկեցության մեջ ու արժանապատիվ կյանքով։