Որտեղով քայլում եք՝ անցնում է թշնամուն

Որտեղով քայլում եք՝ անցնում է թշնամուն

Էլ ուրիշ թեմա չկա, որ հեռուստաալիք միացնում ես՝ կամ ողբերգական երաժշտությամբ Տաթևի վանքն է, կամ  Խնձորեսկը,  Սյունիքի Իշխանասարը, Սև լիճը, Լոռին, Ջերմուկը․․․Սահմանամերձ մեր շրջաննները տեղանք առ տեղանք, թուփ առ թուփ ներկայացնում են։ Նման մանրակրկիտ աշխատանք կես դարվա ընթացքում չեմ տեսել։ Հիմա կասեք՝ դե լավ է, մեր սահմանամերձ տարածքներն են ներկայացնում։ Բայց ես դրա մեջ այլ քաղաքականություն եմ տեսնում։ Էն որ տանը մնացած աղջկան ուզում են սրան, նրան ցույց տալով «տեղաց անել է՜» նման վիճակ է։ Գուցե հաղորդավարները կամ ծրագիր վարողներն իրենք էլ չեն պատկերացնում, որ  դրա մեջ  ամփոփված է մեր պետական քաղաքականությունը։ Այս իշխանության քաղաքականությունն է՝ սահմանամերձ տարածքների ամենաչերևացող ծալքերն անգամ ցույց տալ։ Եթե մտածում եք, որ դա մեզ համար է արվում, չարաչար սխալվում եք։ Շատ հաղորդումներ որ նայում եմ, մտածում եմ, որ, հազար ներողություն, այս իշխանությունը «ապրանք է գովում»:  

Ոնց որ բաց դուռ լինենք։ Դրսից ով ինչ ուզի՝ կիմանա Հայաստանի մասին։ Քթներիս տակ Ադրբեջանն է, շնչես՝ կլսի… Տեղի-անտեղի՝ տվյալներ են հաղորդվում, տեղից ելնողը ինչ որ գիտի, մեյդան է հանում… Հրա՜շք է, հրա՜շք, Տաթևը, Սատանի կամուրջին նայեք, հրա՜շք է Խնձորեսկը, Տեղ գյուղը, Ակները, Խնածախը, Խոզնավարը, Վաղատուրը, Շուռնուխի անտառները, Որոտանը,  Ջերմու՜կը, Լոռին, Գեղարքունիկը․․․ Ու ամենամեծ «հրաշքը» գիտե՞ք որն է, որ նշածս գյուղերի տարածքներում շնթռկած է թշնամին ու դուրս չի գալիս։ Սահմանամերձ բոլոր հատվածները թշնամու կրակակետի տակ են, ռազմավարական, մարտական  կարևոր բարձունքներ է վերցրել, նշածս գյուղերից թշնամին պոկել է ամենայուղոտ հողատարածքները, իսկ մեր հեռուստատեսությունն այդ գյուղերը տուն առ տուն, թաղ առ թաղ ներկայացնում է։

 Պատերազմի մեջ գտնվող երկիրն առաջին հերթին պիտի մոբիլիզացնի իր ռազմական լրատվությունը, որպեսզի արտահոսք չլինի, որպեսզի ինֆորմացիան ծառայեցվի իր օգտին։ Տարբեր լրատվամիջոցներով սահմանամերձ տարածքների վերաբերյալ անվերահսկելի տեղեկատվությունն ու տեսանյութերով դիրքերը, տարածքները, աղբյուրները, գրավիչ վայրերը  ցուցադրելը, կարծում եմ, ամենամեղմ արտահայտությամբ՝ «թշնամուն ռազվեդկա տալ է նշանակում»։ Պատկերացնո՞ւմ եք այն օգնությունը, որ մատուցում ենք հակառակ կողմին։ Սահմանամերձ, թիրախային կետերը պետք է դառնան փակ գոտի, ինֆորմացիայի ոչ մի արտահոսք, ավելին՝ դեզինֆորմացիայով մոլորեցնել թշնամուն։ Այնինչ չեմ հասկանում, թե սա ի՞նչ ապրանք ,, սղացնելու,, քաղաքականություն է, երբ գովազդներին անգամ մեր սահմանամերձ տարածքների  վանքերն են ցուցադրվում, հարցազրույցներ վերցվում։ Մեզ պատմությու՞ն եք սովորեցնում, երբ հայոց պատմությունն անգամ արհամարհեցիք, եկեղեցի, հավա՞տ եք ոգեկոչում, երբ աղանդավորական խմբորով դուրս եկաք եկեղեցու դեմ։ Ի՞նչ եք ուզում ասել այն տարածքների մասին, երբ որտեղով դուք մտնում, անցնում է թշնամուն։

Հիշեցնե՞մ։ Ո՞ր մեկը հիշեցնեմ։  Մի մասը հանձնել եք թշնամուն, մի մասի գովքն էլ անում եք։ Ու այդքանից հետո իբր թե լրտեսնե՞ր եք փնտրում։ Ի՞նչ կարիք կա լրտեսության, երբ թշնամու կողմից գրավված տարածքների մասին չեք խոսում՝ լռում եք, իսկ մյուս տարածքները բաց ցուցահանդես եք սարքել՝ ճանապարհներով, հնամենի վանքերով, գլգլացող աղբյուրներով, մշակույթի օջախներով։ Որտեղով քայլում եք՝ անցնում է թշնամուն։

Արցախը հորով- մորով արեցիք, հիմա էլ հերթը Հայաստանի՞նն է․․․