ՀՀԿ-ի սահմանադրական նվերը՝ Փաշինյանին

ՀՀԿ-ի սահմանադրական նվերը՝ Փաշինյանին

ՀՀ Սահմանադրական դատարանն ապրիլի 22-ին Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ի առաջարկած ու ընդունած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» աղմկահարույց օրենքը։ Հեղինակը ՀՀԿ խմբակցությունն էր՝ ի դեմս այն ժամանակվա ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի։ Օրենքի ընդունումն անցավ լարված ու պայթյունավտանգ մթնոլորտում։ Հեղափոխականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պաշարել էին ԱԺ շենքը եւ փորձում էին կանխել այս օրինագծի ընդունումը՝ ընդհուպ խոչընդոտելով պատգամավորների ելումուտը։ Բայց նրանց մեծ մասը, որոնք հակված էին «կողմ» քվեարկել այս օրենքին, կարողացել էին ժամանակից շուտ մտնել շենք։ ԱԺ «Ելք» խմբակցությունն այն ժամանակ այս օրենքի փոփոխությունը համարում էր հակասահմանադրական, բայց այն ընդունվեց, ու ամեն ինչ մնաց նախագահ Արմեն Սարգսյանի ուսերին։ Նախագահը 21-օրյա ժամկետում կա՛մ պետք է ստորագրեր օրենքը, կա՛մ դրա սահմանադրականությունը վիճարկեր ՍԴ-ում։

Ամեն Սարգսյանը, իհարկե, ընտրեց երկրորդ ճանապարհը՝ որոշեց գցել իր վրայից աղմկահարույց օրենքի հաստատման պատասխանատվությունն ու այն փոխանցեց ՍԴ տիրույթ։ ՍԴ-ն էլ՝ նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի նախագահությամբ, օրերս սահմանադրական ճանաչեց ՀՀԿ-ի ընդունած օրենքը։

Իսկ ինչի՞ մասին էր այդ օրենքը, եւ ինչո՞ւ էին Փաշինյանն ու նրա թիմակիցներն այդքան վախենում այս օրենքի ընդունումից, որ նույնիսկ արյան գնով պատրաստ էին կանխել դրա ընդունումը։ Այս օրենքի ընդունմամբ ՀՀԿ-ականները մեկ նպատակ էին հետապնդում՝ ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով հնարավոր չլինի ապահովել ԱԺ նիստի բնականոն ընթացքը կամ նիստի գումարման համար անհրաժեշտ քվորումը։ Ավելի պարզ ասած, եթե, օրինակ, ինչ-որ ուժեր պաշարում են ԱԺ շենքն ու արհեստականորեն խոչընդոտում պատգամավորների մուտքը խորհրդարան, այս օրենքով նիստը համարվում է ոչ թե չկայացած, այլ ընդհատված, մինչեւ վերականգնվում են նիստի բնականոն ընթացքի նախադրյալները։ Բայց ՀՀԿ-ի «մտքի գիգանտներն» իրականում այլ հետին նպատակ էլ էին հետապնդում այս օրենքի ընդունմամբ՝ տապալել Նիկոլ Փաշինյանի պլանները։  

Փաշինյանն այն ժամանակ խնդիր էր դրել ցրել խորհրդարանն ու գնալ արտահերթ ընտրությունների։ Իսկ դրա համար կար մեկ սահմանադրական ճանապարհ․ վարչապետի հրաժարականի պարագայում, եթե 2 անգամ վարչապետի թեկնածուն չի ընտրվում, ապա խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է։ Հետեւաբար, ՀՀԿ-ականները, որ այդ ժամանակ մեծամասնություն էին խորհրդարանում, կարող էին ընտրել վարչապետին, նա ընտրվեր, ու խորհրդարանը չցրվեր, կամ կարող էին վարչապետի իրենց թեկնածուին առաջադրել եւ ընտրել մեկ ուրիշին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, եւ Փաշինյանի պլանները՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու, ջուրը գցեին։ Դրա համար այս օրենքն ընդունեցին, որ եթե նույնիսկի խոչընդոտվի իրենց մուտքը խորհրդարան, նիստը համարվի դադարեցված, ոչ թե չկայացած, որ չստացվի՝ նիստ գումարեցին, քվորում չլինելու պատճառով այն չկայացավ, հետեւաբար՝ վարչապետ չընտրվեց, ուրեմն խորհրդարանը կարելի է ցրել։ Նիկոլականների միակ մտավախությունը դա էր։ Բայց ՀՀԿ-ականները նույնիսկ այս օրենքի ընդունումից հետո չգնացին վա-բանկ եւ շարժվեցին այն սցենարով, որն իրենց պարտադրել էր Փաշինյանը։

Բայց ամենաուշագրավն այստեղ այն չէ, որ ՍԴ-ի որոշմամբ պարզվեց՝ «ՀՀԿ-ականները ճիշտ էին, Նիկոլը՝ սխալ»։ Այլ այն, որ սա հերթական նվերն է լինելու Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀԿ-ականներից։ Փաշինյանն ու նրա թիմակիցներն այս ընթացքում լիարժեք օգտվեցին ՀՀԿ-ականների նախկինում ընդունած բոլոր օրենքներից, օրինակ՝ սուպերվարչապետական համակարգ, Սահմանադրության փոփոխություններ, «Ապօրինի հարստացման մասին» օրենք, որոնք հեղինակել էին Հրայր Թովմասյանը, Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը եւ այլ ՀՀԿ-ականներ։ Հիմա Փաշինյանն այս օրենքների հիման վրա աջ ու ձախ նախկին իշխանության օլիգարխներին «փռում է ասֆալտին»՝ նրանց վրա գործեր հարուցելով, վայելում է սուպերլիազորություններ, նշանակում է կադրեր, արտաքին քաղաքականություն է որոշում եւ այլն։ Կամ՝ Ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային համակարգով, որն ուզում էին փոխել, բայց «պատահականորեն» մեկ ձայնի տարբերությամբ չընդունվեց, եւ Փաշինյանն իր թիմի հետ գնաց ռեյտինգային ընտրության՝ դրանով ապահովելով իր բացարձակ հաղթանակն ընտրություններում, իսկ մյուս ուժերը բացառապես տուժեցին դրանից։ 

Հիմա էլ այս օրենքն է գործելու Փաշինյանի օգտին, եթե մի օր պատմությունը կրկնվի, ու մարդիկ դուրս գան փողոց ընդդեմ իշխանության, ԱԺ-ն էլ, ասենք, փորձի անվստահություն հայտնել իրեն։ Կարճ ասած՝ Սերժ Սարգսյանի համար «կարած կոստյումն» ու նրա իշխանությունն ապահովելուն միտված սահմանադրական երաշխիքները հիմա լիարժեք ծառայում են Նիկոլ Փաշինյանին։ Սա եւս մեկ նվեր է ՀՀԿ-ականներից Փաշինյանին։ Այստեղ են ասել՝ փոս փորողն ինքն է իր փորած փոսն ընկնում։ 

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց, թե չի կարող ասել, որ այս օրենքը նախորդ իշխանությունների օգտին է, որովհետեւ, ըստ նրա, նախորդ իշխանություն չկա։ 

«Եթե օգտվի, պետք է օգտվի նոր իշխանությունը։ Բայց խնդիրը դրանում չէ, իհարկե։ Միշտ էլ դժվար է ընկալել, համաձայնել Սահմանադրական դատարանի որոշումների հետ, որովհետեւ մի մասի մոտ կանխավարկած կա, որ էդպես պետք է լինի։ Բայց, իրականում, պետք է ելնել օրենքի սահմանադրական լինելու կանխավարկածից։ Օրենքը կարող է քաղաքական առումով նպատակահարմար լինել կամ չլինել։ Քաղաքական առումով որոշում է պառլամենտը, մենք իրավական գնահատականն ենք տալիս։ Էնպես որ՝ այս պահին կարող է որոշ քաղաքական ուժերի համար նպատակահարմար չլինել, բայց իրավական առումով ճիշտ լինել»,- ասաց տիկին Գյուլումյանը՝ ըստ էության հաստատելով այն թեզը, որ այս օրենքը հիմա կարող է գործել արդեն նոր իշխանությունների օգտին։

Իսկ իրավական անվտանգության տեսանկյունից սա օգտակա՞ր օրենք է։ Ալվինա Գյուլումյանն ասաց․ «Իրավական անվտանգության տեսակետից Սահմանադրական դատարանը գնահատականը տվել է։ Դուք գիտեք, որ մենք մեր որոշումներում անդրադառնում ենք նաեւ իրավական անվտանգությանը։ Ամեն դեպքում, դա օրենք էր, որը միտված էր Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելուն»։

Դիտարկմանը, թե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը նախորդ իշխանության ներկայացուցիչ է եղել, ՀՀԿ անդամ է, գուցե նաեւ դա՞ է «նպաստել», որ այս օրենքը սահմանադրական ճանաչվի, ՍԴ անդամն ասաց․ «Եկեք ենթատեքստեր չփնտրենք մեր հասարակության բնականոն զարգացումն ապահովելու համար։ Ոչ մի ենթատեքստեր մի՛ փնտրեք։ Սա օրենք է, որի սահմանադրականության հարցը ՍԴ-ում քննվել է, եւ գտել ենք, որ այն սահմանադրական է»։

Ի դեպ, ՍԴ որոշման մեջ մեկ հատուկ կարծիք է եղել, եւ դա եղել է ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանի կարծիքը, որը դեռ չի հրապարակվել։