Հայաստանի օդային երթևեկության կարգավարներն ինքնամեկուսացել են կորոնավիրուսից

Հայաստանի օդային երթևեկության կարգավարներն ինքնամեկուսացել են կորոնավիրուսից

Հայաստանի օդային երթևեկության կարգավարներն ինքնամեկուսացել են կորոնավիրուսից, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն, ով նախկինում Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղարն էր: 

«Պաշտոնապես՝ կորոնավիրուսից ինքնամեկուսացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար: Կորոնավիրուսով վարակման վտանգի պատճառով աշխատակիցները ինքնամեկուսացվել են Ընկերության վարչական շենքում:

Որոշումը կայացվել է համատեղ՝ Առողջապահության նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից։

Հարկադիր նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Էջմիածնում Ընկերության աշխատակցի կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման կապակցությամբ: Երկրի օդային երթևեկության շարունակական սպասարկումն ապահովելու համար շենքում ներկա պահին գտնվում են Ընկերության ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանի գլխավորությամբ, ավիակարգավարների, ինժեներատեխնիկական մասնագետների անհրաժեշտ նվազագույն 75-հոգանոց անձնակազմը:

Ընկերության ղեկավարությունը հրատապ կազմակերպել և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները կարանտինի տակ գտնվող անձնակազմի շարունակական աշխատանքը և հանգստը, ի սկզբանե 14 օր տևողությամբ, ապահովելու համար:

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող ընկերության վարչական շենք ոչ ոք չի կարող մուտք գործել, ինչպես նաև լքել այն:

Այս որոշումը կապահովի անխափան օդային երթևեկությունը Հայաստանի Հանրապետության օդային տարածքում, ինչպես նաև երկրի երկու միջազգային օդանավակայաններում», - գրել է Գրձելյանը: