Մենք հիմա ապրում ենք կատարյալ հակասահմանադրական քաոսի մեջ

Մենք հիմա ապրում ենք կատարյալ հակասահմանադրական քաոսի մեջ

Հարցազրույց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ

- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը ՍԴ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հետ կապված, ինչպե՞ս կարող է ազդել գործընթացների վրա, հնարավո՞ր է Օնիկ Գասպարյանը հետագայում վերանշանակվի։

- Չեմ կարող ասել, որովհետեւ ՍԴ-ն ունի գործերի քննման իր կարգը։ Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի, եւ այդ որոշումներն ինչ հետեւանքներ կամ ազդեցություն կունենան գործընթացների վրա։

- Բայց որոշումներից մեկը կարո՞ղ է լինել, օրինակ, Օնիկ Գասպարյանի վերանշանակումը, իրավական առումով հնարավո՞ր է նման բան։

- Ես դժվարանում եմ ասել, բայց չեմ կարծում, որ կարող է նման որոշում կայացվել։

- Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ որոշում կարող է կայացվել։

- Գիտեք, հիմա ոչ միայն մեր երկիրը, այլ նաեւ ամբողջ իրավական համակարգն այնպիսի քաոսի է վերածվել․․․ ցավոք սրտի, առողջ տրամաբանությամբ մեր հասարակական կյանքը հնարավոր չէ պատկերացնել եւ մեկնաբանել, որովհետեւ Դուք ասում եք Սահմանադրական դատարան, ես էլ ասում եմ, որ այս ՍԴ-ն տեղով արդեն հակասահմանադրական է։ Եթե այն ՍԴ է, ապա Վահե Գրիգորյանն այնտեղ ի՞նչ գործ ունի, Արման Դիլանյանը ո՞նց է դրա նախագահը, այդ երեք դատավորները ո՞նց են այնտեղ հայտնվել։ Նախ՝ ինքը տեղով հակասահմանադրական մարմին է։ Երկրորդը՝ նախագահն ինքը խախտեց բոլոր հնարավոր տրամաբանությունները, երբ իրեն ներկայացված հրամանագրի նախագիծն առարկություններով ներկայացրեց վարչապետին՝ դրա մեջ նշելով հակասահմանադրականության հանգամանքը։ Վարչապետը նույն րոպեին ետ վերադարձրեց նախագահին, ու վերջինս չդիմեց ՍԴ, օրենքներն ուղարկեց ՍԴ։ Թող «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» օրենքն էլ ուղարկի ՍԴ։ Հիմա վարչապետն անօրինական կերպով հայտարարեց, որ իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցվել են, չես էլ հասկանում՝ նա դա ընդունո՞ւմ է, թե՞ չի ընդունում։ ԶՈՒ մնացած հրամանատարական կազմը մինչեւ հիմա հայտարարում էր, որ վարչապետը պետք է հրաժարական տա, հիմա հայտարարություն են տարածում, որ Օնիկ Գասպարյանի հրամանն են կատարում։ Ո՞նց են նրա հրամանը կատարում, եթե նոր պետ է նշանակվում։ Մի խոսքով՝ մեր հասարակության մեջ մի շերտ չի մնացել, որ հույս դնես, ասես՝ այս մարդիկ ադեկվատ մտածողություն ունեցող են, էս ի՞նչ դժոխքի մեջ ենք հայտնվել, ես չեմ հասկանում։

- Նախագահի դիմելն այդ օրենքի մասով ձեւական բնո՞ւյթ ուներ։

- Ոչ թե ձեւական բնույթ ուներ, այլ, իմ կարծիքով, նախագահն իրեն բնորոշ խորամանկ քայլն է կատարել։ Եվ գուցե ստացվել է, ես վերնագիր տեսա, որ «Նախագահը դիմել է ՍԴ», շատ մարդիկ մտածում են, որ նախագահը դիմեց, բայց լրիվ ուրիշ հարցով է դիմել։ Վիճարկելի նորմը նախագահի հրամանագիրն էր Օնիկ Գասպարյանին գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ, այդ նորմի մասով ինքն անգործություն է դրսեւորել, որը քրեական հանցագործություն է։ Եթե դուք հիմա 10 իրավաբանի էլ հարցնեք, կլսեք 10 տարբեր կարծիքներ, ու դրա պատճառն իրավաբանները չեն, պատճառն այն իրավիճակն է, որ մեր երկրի հասարակական կյանքն այլեւս դուրս է եկել Սահմանադրության եւ իրավահարաբերությունների կարգավորման տիրույթից, մենք հիմա ապրում ենք կատարյալ հակասահմանադրական քաոսի մեջ։

- Կարգն ինչպիսի՞ն է ՍԴ-ում, ի՞նչ ժամկետում պետք է քննի նախագահի դիմումը։

- ՍԴ-ն հայտարարել է, որ ստացել է նախագահի դիմումը, դրանից հետո դատարանի նախագահը դա պետք է մակագրի դատավորներից մեկին, այդ դիմումն ունենա նախնական ուսումնասիրություն, դրա արդյունքներով ներկայացվի աշխատակարգային նիստի, նոր այդ նիստում որոշում կայացվի վարույթ ընդունելու կամ մերժելու մասին։ Ժամկետներ էլ կան, ամեն գործի համար նախատեսվում է, անգիր չեմ հիշում։

- Դուք նշեցիք, որ եթե այս հարցով 10 իրավաբանի հարցնենք, տարբեր մեկնաբանություններ կլսենք, հիմա այս տարակարծությունների ու հակասությունների մթնոլորտում վարչապետը ԳՇ նոր պետ է նշանակում։

- Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը դեռեւս իրավական առումով վիճելի է, այդ պաշտոնում ո՞նց է նոր նշանակում անում։