«Գնդապետին ոչ ոք նամակ չգրեց»․կորոնավիրուսը խափանեց նաև հացադուլն ու ջրադուլը

«Գնդապետին ոչ ոք նամակ չգրեց»․կորոնավիրուսը խափանեց նաև հացադուլն ու ջրադուլը

Իրականում՝ վերնագիրը տուրք է մարկեսյան հայտնի վերնագրին, որովհետև ի տարբերություն կոլումբիական քաղաքի ծայրամասում գնդապետի, որը տարիներով սպասում է իր թոշակի վերաբերյալ  կառավարության պատասխանին,  ու նրան ոչ ոք չի գրում, մեր հերոսին՝ նախկին զինվորական Մխիթար Ալումյանին ՊՆ-ն նամակով պատասխանել է։ Պատասխանել է՝ ասելով, որ փող չունեն։ Առայժմ։

Հիշեցնեմ, որ մոտ մեկ ամիս առաջ «Հրապարակը» հրապարակել էր մի տեսանյութ, որում երիտասարդ հայ տղամարդը պատմում էր, թե ինչ ահավոր վիճակում են  հայտնվել ինքն ու 3 մանկահասակ երեխաները ( հաշմանդամություն ունեցող մյուս երեխան էլ մոր հետ Գերմանիայում բուժվում է) ու SOS  աղաղակում պետությանը, զինվորներին, ՊՆ-ին, Նիկոլ Փաշինյանին, որ օգնեն՝ դուրս գա այդ վիճակից։ Տունը, որտեղ նրանք ապրում են, ապրելու ենթակա չէ, մի երեխան դարձել է հաշմանդամ, մյուսի «ռոյեն» բարձրացել ու ջերմում էր։

«Մեռնեմ ձեզ, մի տանջեք, մի սպանեք, ես հոգնել եմ էս պայքարից, 2018-ի նոյեմբերից մինչև հիմա պայքարում եմ, Դավիթ Տոնոյա՛ն, Ալիկ Ավետիսյանը, Աշոտ Ավետիսյանը, Գառնիկ Հայրապետյանը, Ղևոնդյանը, Աշիկը, էն մյուսը, էն մյուսը, գիտե՞ք՝ քանի՞ հոգի են Ձեզ հավատալով, Ձեր անվտանգության պետ Կարենը Սիմոնյան, նրանք էլ են ինձ խոստացել, երդվել․․․ամբողջ ռազմականը, որ վերջ, հարցը լուծվում ա․․․ ու ինչ դառավ, նրանք ինձ չեն ստել, չեն խախտել իրենց երդումը։ Նրանք ինձ չեն ստել,  Մի հոգի է ստել ու դա Դուք եք։ Կարող է՝ ասեք՝ չեմ ստել, գործը ուժի մեջ է, բայց էս ձև չեն վերաբերում ընկած զինվորին»,-այն ժամանակ ասել էր Մխիթարը։

Տեսարանը էլ ավելի սարսափելի էին դարձնում պատի տակ նստած 3 երեխաների դժբախտ հայացքները, որոնք լուռ լսում էին,թե ինչպես էր հայրը պատմում, որ պաշտպանության նախարարից մինչև Ռազմական ոստիկանության պետ տղամարդու խոսք են տվել ու անգամ երդվել, որ հարցը կլուծվի։ Բայց ոչինչ չի լուծվել, ամեն ինչ մնացել էր նույնը։ Դեռ հոկտեմբերին ՊՆ-ից եկել էին, նկարել Մխիթարի Քաղսի գյուղում գտնվող տուրը, հաշվարկներ արել ու ակտ կազմել, որ վերանորոգման պետք է 19 միլիոն դրամ կամ հազար դոլար։ Հետո եկել են շինարարները ու առաջարկել 5 հազարով՝(դոլարով) թեթև ծախսով մի թեթև վերանորեգել։ Մխիթարն էլ չի համաձայնել՝ ասելով, որ այդ գումարով 2-րդ հարկ կբարձրացնի։ «Մինչև նախարարի հրամանը չտենամ՝ ինչ պտի սարքեք էդ գումարով, ոչ մի բան։ Գնացին ու մինչև հիմա չեն եկել։ Նախարարին էլ խաբել են, թե գնացել ենք մեքենաներով, շինանյութով չի թողել աշխատի։ Ես էլ նախարարին ասացի՝ բերեք դեմ առ դեմ կանգնեցրեք, տեսնենք տենց բան երբ է եղել»։

Բայց սա եղել է հոկտեմբերին, ու դրանից հետո շատ ջրեր են հոսել։ Դրանից հետո ՊՆ -ից առաջարկել էին այդ գումարի սահմաններում տուն գտնել, կառնեն, հարցը կլուծվի։ Մխիթարը այդպիսի 2 տուն գտել էր Աշտարակի շրջանում, բայց նախարարությունը մերժել է գնել երկու տներն էլ։

Վերջին անգամ Մխիթարը խոստացել էր, որ  մարտի 17-ին գնալու է ՊՆ-ի մոտ հացադուլի։ Պետք լինի, կմեռնի, եթե այլ ելք չկա, որ պետությունը տեղից շարժվի։

Զանգահարեցինք Միթարին՝ պարզելու, թե ինչ է կատարվել այս ընթացքոմ, գնացե՞լ է ՊՆ։ Պարզվում է՝ ոչ։ Պատճառն էլ արտակարգ դրությունն է։ «Սպասում ենք, մինչև տեսնենք՝ էս արտակարգ իրավիճակն ինչ է լինում։ ՊՆ-ից նամակ ուղարկեցին, քաղշին վարչությունից, որ իբրև գումար չունեն, որ գումար լինելու դեպքում նոր կգան, մի բան կանեն»,-պատմում է Մխիթարը։ Մինչ այդ նա հանդիպել է զինվորական դատախազին ու նա հաղորդել է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Գլխավոր դատախազին,  իրենց, որ տասն օր ժամկետում այդ հարցը լուծեն։ Նա էլ խնդրել է 20 օր ժամանակ, որ «տեղավորվենք», բայց հետո «ոչ մի բան»։ Հիմա Մխիթարը զանգահարում է, այդ մարդիկ ոչ խոսում են, ոչ էլ պատասխանում։

Հարցրեցինք՝ ինչպես են այս ընթացքում ապրել,ինչպե՞ս են ինքը, երեխաները։«Լավ են, պուճուր աղջիկս էր ահավոր հիվանդ, երկու շաբաթ սիստեմաներ ստացավ, տաքությունը 40 -ից չէր իջնում, հիմա՝ 4-5 օր ա,  լավ ա, մենակ չոր դեղեր է խմում ու տաքությունը թողավ»,-պատմեց հայրը։

Հարցրեցինք, իսկ բժիշկնեը  կորոնավիրուս կասկածե՞լ են, ստուգե՞լ են, թեստ արե՞լ են։ Ոչ։ Ասաց՝ չէ, ստեղ գյուղ տեղ է, ոչ անցնում են, ոչ էլ առաջարկում։«Ռայոնները քաղաք չեն, ռայոններում մի քիչ անուշադրության է մատնված, սենց ասեմ»,-մեկնաբանեց Մխիթարը։

Մխիթարը  հույս ունի, որ նախարար Տոնոյանը խոսքի տերը կլինի։ Ասաց․«Տղաս ինձ ասում է՝ պապ, ես հավատում եմ, որ Տոնոյանը խոստացել է, կանի, հրամանատար ա, դե ինքը կարծում է, թե սաղ պապայի նման են, եթե երդվում  են, անում են»։

Մխիթարին  հարցրեցինք՝ երիտասարդ մարդ է, ինչու՞ է անցել թոշակի և ինչու աշխատանք չունի։ Մխիթարն ասում է, որ 2017-ին ստիպված գնաց  թոշակի , քանի որ երեխաները մենակ էին, (հաշմանդամ կինն ու հաշմանդամ մյուս երեխան՝ Գերմանիայում են), նրանց պահող չկար։

Փնտրել է այլ աշխատանք, անգամ նման՝ քաղաքացիական հաստիքների առաջարկներ եղել են ՊՆ-ից ու Ռազմական ոստիկանությունից, բայց բ մերժել է, քանի որ 50-60 դրամանոց աշխատավարձեր են եղել։ «Մտածում էի, որ գոնե 120-130 հազար լինի, որ գնամ,գամ, ճանապարհածախս, գոնե մի 50-60 հազար մնա, որովհետև ես հո իմ համար չեմ աշխատում, ես պետք է աշխատեմ, երեխա պահեմ»,-ասում է  Մխիթարը։ Նա հիմա անհամբեր սպասում է, որ արտակարգ դրությունը ավարտվի ու գնա ՊՆ-ի մոտ ջրադուլ ու հացադուլ անի, որովհետև էլ լռելու տեղ չունի։

Ի դեպ, այս ընթացքում Մխիթարի պատմությունն իմացած ինչ-որ մարդիկ նրան 800 հազար դրամի շինանյութ՝ մի քանի մեքենա ավազ ու «շեբեն» են ուղարկել, մի լոսանջելեսաբնակ մարդ էլ Մխիթարի համար մի փոքրիկ՝ 700 քառակուսի մետրանոց  տնամերձ է գնել, որ նա այդ հողի վրա պտղատու ծառեր աճեցնի, ապրի։

Ներկայացնում ենք Մխիթարի հեռախոսի համարները կազմակեպությունների ու անհատներին, որոնք ևս հնարավոր է՝ նրան օգնելու ցանկություն ունենան։ Ներկայացնում ենք հեռախոսահամարները՝ 077-60-77-78, 043-40-77-78