Կորոնավիրուսը կանցնի, իսկ հետո՞

Կորոնավիրուսը կանցնի, իսկ հետո՞

Նոր կորոնավիրուսի պանդեմիան անասելի կերպով ցնցում է համաշխարհային տնտեսության հիմքերը: Աշխարհի մանր ու մեծ պետությունները գլուխ են կոտրում՝ հնարավորինս մեղմելու սպասվելիք անխուսափելի ճգնաժամերը, եւ աննախադեպ քայլեր են ձեռնարկում՝ փրկելու իրենց էկոնոմիկան: Չնայած այս ամենին, միանգամայն համոզված եմ, որ խելացի գլուխները նույնիսկ այս իրավիճակում կարող են լուծումներ գտնել եւ քիչ վնասներով դուրս գալ անխուսափելի ճգնաժամից, իսկ որոշ դեպքերում էլ նույնիսկ ինչ-որ տեղ զբաղեցնեն ավելի շահեկան, եթե այդպես կարելի է արտահայտվել, դիրք: Քանի որ կրթությամբ տնտեսագետ չեմ, մասնագիտական խոր վերլուծություններ կամ ինչ-ինչ կանխատեսումներ անելուց ձեռնպահ կմնամ:

Բայց մեր հայաստանյան իրականությունում ապրելով, հաստատ համոզված եմ մի բանում՝ կորոնավիրուսն անդառնալի ծանր հետեւանքներ է թողնելու մեզ վրա: «Մեզ» ասածը դիտարկում եմ շատ նեղ պրիզմայով, այսինքն՝ շարքային քաղաքացիներիս վրա, ավելի ստույգ՝ բոլոր նրանց վրա, ովքեր չունեն ստաբիլ աշխատանք, միջին վարձատրությամբ աշխատանք, ներգրավված չեն պետական կառույցներում, չեն օգտվում տարատեսակ պարգեւավճարներից, հասարակ հողագործներ են, փոքր բիզնեսի ոլորտում են փորձում յոլա գնալ, մի խոսքով՝ բնակչության մեծ մասը:

Նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ ներկա փուլում կառավարության կողմից ձեռնարկվող աջակցման քայլերին, թե ում, երբվանից ու ինչքան գումարի տեսքով են աջակցելու, քանի որ ինձ համար պարզ է, որ վերը թվարկվածներիցս եւ նրանց նման շատ ու շատ այլ սուբյեկտներ ուղղակի չեն համապատասխանելու կառավարության կողմից սահմանված նշաձողին ու մնալու են «բորտից դուրս» կարգավիճակում: Մեկը գրանցված չէ, մյուսը աշխատանքից ազատվել է սահմանվածից մի օր շուտ, մեկ ուրիշը «թուղթ-թամասա» չունի, սա օրավարձով աշխատող չէ, նա հղի չէ … մի խոսքով՝ օգնությունից օգտվելու են շատ քչերը: Բայց գործազրկությունը շատ ավելի մեծ թվով անհատների գրպանների է խփում, չէ՞:

Մենք՝ հայաստանցիներս, հատուկ եմ շեշտում՝ հայաստանցիներս, առանց ազգային պատկանելության, շատ դժվարություններ ենք տեսել նորանկախ Հայաստանի պատմության բոլոր շրջափուլերում, գումարած դրան «սովետի» օրոք երկրաշարժն ու սովետական «պրեսինգը», բայց ամեն անգամ Աստծո հրաշքով, մեր համառությամբ ու կարգին ապրելու միանգամայն արդար ձգտումով կարողացել ենք ելքեր գտնել ամենավատ դրություններից: Այս անգամ եւս համոզված եմ՝ մի բան կմտածենք, բայց ափսոս, որ դրությունից դուրս գալու ելքերը շատ-շատերը տեսնելու են տարագրության, խոպանների ճամփաները բռնելով: Մեղադրե՞ս այդ մարդկանց՝ ինչի՞ համար, ի՞նչ բարոյական իրավունքով:

Արդեն հիմա են մարդիկ ճարահատյալ վաճառում կամ գրավ դնում նեղ օրվա համար կամ զավակների նշանդրեքի համար պահած ոսկեղենը, վաճառում կիսատ մնացած տան շինանյութի պաշարները, սերմացու պահված գարու կամ կարտոֆիլի մի մասը։ Մի խոսքով՝ ով ինչ ունի, կամ ում արդեն ինչ էլ պետք չի գալու: Կուտակվող վարկերը, մասնավորից վերցված տոկոսով գումարները, աստղաբաշխական կոմունալ վճարումները… հասարակ սննդի հարցը, էլ չեմ ասում՝ դեղորայքի գումար չունեն, չկա… Պրծել-վերջացել է, սպառվել է: Հայերենի այս բառի հոմանիշներն էլ այստեղ վերջացան: 

Մի խոսքով, կորոնավիրուսը կնահանջի, սահմանները կբացվեն, ու մեր հազարավոր հայրենակիցներ կբռնեն պանդխտության ճամփան: Հազար ափսոս, բայց այդպես է լինելու, քանի որ երեսուն տարում մեզ մոտ այդպես էլ չկայացան արհմիությունների եւ այլ միությունների ինստիտուտները, իրավական համակարգն ի զորու չեղավ գործատուներին պարտադրելու՝ իր աշխատակիցներին գրանցել եւ համապատասխան աշխատանքային պայմանագրեր կնքել նրանց հետ՝ պայմանագրում նշելով իրական վարձատրության չափը։ Գույքի եւ բիզնեսի ապահովագրության պրակտիկան չդարձավ մեր կյանքի սովորական մի մասը, չվերացավ հայկական դասական քցոցին ու սրանց նման էլի շատ բաներ:

Մնաց, որ հասարակ՝ միջին վիճակագրական հայաստանցին համբերատար սպասի սահմանների բացվելուն, որպեսզի, ատամները սեղմած, գնա օտարության մեջ գլուխը կախ փող աշխատելու։ Ու ամեն ամիս ծոցագրպանի ճմրթված բլոկնոտում ջնջումներ անի․ էսքանը՝ կոմունալի պարտք, էնքանը՝ հարեւանի պարտք, էս մեկը՝ վարկի պարտք, սա՝ տուգանքի պարտք… Էս երկու կոպեկն էլ պահեմ սիգարետի ու «ռոլտոնի» համար:

Կարեն ՄԵԼՅԱՆ