Հայերեն երգելը դեռեւս չի նշանակում երգել հայկական երգ

Հայերեն երգելը դեռեւս չի նշանակում երգել հայկական երգ

Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը: Հանրային հեռուստաընկերությունը որոշումն ընդունել է ներքին ընտրությամբ։ «Լադանիվա»-ն, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: Բալկանյան մեղեդիներից մինչև մալոյայի, ջազի և ռեգգիի ռիթմեր. նրանց երգերն ընդլայնում են երաժշտության սահմանները՝ մեկտեղելով հայկական ավանդական մեղեդիները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Ռեյունիոն կղզու լայնածավալ ճանապարհորդություններից ներշնչված հնչյունների հետ։ «Լադանիվա»-ի երաժշտությունը խմբի բազմաճյուղ ծագման և համաշխարհային մշակույթի նկատմամբ անհագ հետաքրքրության արտացոլումն է: «Լադանիվա» անունը ներշնչված է արտաճանապարհային ամենագնաց մեքենայի անվանումից՝ խորհրդանշելով խմբի արկածախնդիր ոգին և նրա ճամփորդությունը տարբեր մշակույթների և ավանդույթների միջով: Ժակլինը և Լուին պատահաբար են իմացել, որ իրենց հայրերը Հայաստանում և Ֆրանսիայում ապրելիս նույն մեքենան են վարել, և այդպես էլ ծնվել է «Լադանիվա»-ն: Հիմնվելով 2019 թվականին՝ «Լադանիվա»-ն միանգամից հայտնի է դարձել հիթային «Վայ աման» երգով՝ երաժշտական աշխարհ բերելով թարմ ոճ ու նորարարական մոտեցումներ: Խումբը 2023 թվականին թողարկել է իր առաջին համանուն «Լադանիվա» ալբոմը «PIAS» ֆրանսիական լեյլբլի ներքո։

«Լադանիվա»-ն ունի մեկ առաքելություն. երաժշտությամբ միավորել մարդկանց և մշակույթները: Խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ 2024»-ում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մի մեծ տոն: Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն մի քանի օրից։

«Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 7-ին (առաջին կիսաեզրափակիչ), մայիսի 9-ին (երկրորդ կիսաեզրափակիչ) և մայիսի 11-ին (եզրափակիչ): Հայաստանը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում: 

Չնայած բազում դրական արձագանքներին այնուամենայնիվ խմբի մասին հնչեցին նաև բացասական գնահատականներ, շատերն այս խումբը անվանեցին` ռաբիզ, շատերը հնդկական, իսկ շատերն էլ այն խումբը համարում են այն աստիճան պարզունակ, որ համոզված են «Լադանիվա» խումբը Եվրատեսիլ 2024-ում եզրափակից չի անցնելու: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ:

- Շուշան, հետաքրքիր է` ի՞նչ կարծիք ունես «Լադանիվա» խմբի մասին: Արդեն մի քանի օր հայ ժողովուրդը, իր դարդնուցավը թողած, ատելության եւ չարախոսության մաստեր-կլասներ է ցուցադրում՝ խմբին ուղղված:

- Երկու երգ լսեցի այս խմբի կատարմամբ` «Շաքար» և «Ժակո»: «Շաքար» երգի մեջ կային լիքը հնդկական և հրեական երաժշտության տարրեր: Գործիքավորումը` հրեական էր,  երգելաոճը հնդկական: Ձեր՝ ինձ հարցով դիմելն, առիթ հանդիսացավ, որպեսզի ծանոթանամ խմբին: Բավականին գունեղ տեսահոլովակներ ունեն, ինչպես նաև գունեղ` երգեր: Լավ տրամադրությամբ, գինովցած ու ոչ պահանջկոտ մարդու համար լավ երաժշտություն է, այսպես ասեմ` անհոգ մարդու երգեր են, թերևս մարդիկ հենց դա են փնտրում: Այսօր դրա կարիքը շատ կա, բայց ամեն դեպքում լավ կլիներ, որ հայի համար հնչեր հենց հայկական երաժշտություն։ Հայերեն երգել, դեռևս չի նշանակում երգել հայկական երգ: Գործիքավորման մեջ գերիշխում է հրեական տեմպոռիթմը, երգերի ոճականության մեջ էլ հայկական ոչինչ չտեսա: Լեզուն էր միայն հայերեն: Շատ է պատահում, որ տաքսու վարորդներին հարց եմ տալիս` թուրքակա՞ն երգ եք լսում, ինձ պատասխանում են`չէ հայկական է, այսինքն` կարծում են, եթե բառերը հայերեն են, ուրեմն երգն էլ հայկական է: Ամեն դեպքում այս խմբին քննադատողներին ես առանձնապես լուրջ չեմ վերաբերում, ի՞նչն է շատ , հայ քննադատը, ընդ որում պրոֆեսիոնալ, սիրողական, ուղղակի մելոման, բոլորն անխտիր քննադատում են ու մի՛շտ է այդպես եղել, անգամ, երբ լավ երգեր ու կատարումներ են ներկայացվել:  Եվրատեսիլի մասին վերջին տարիներին ընդհանրապես չեմ խոսում, բայց օրինակ` նախորդ տարվա` Բրյունետի կատարումը լավն էր: Ինչ վերաբերում է «Լադանիվա» խմբին, ապա քննադատել պետք չէ, քանի որ արդեն ընտրվել են: Հայաստանը ներկայացնող ցանկացած արտիստի պետք է սատարել, կռիվը պետք է նախքան ընտրությունը լիներ, բայց ես որքան հասկացա, ոչ մի ընտրություն էլ չի եղել: Եթե նման մրցույցթի ընտրությունը փակ է, ապա արդեն ազնիվ չէ: «Ժակո» երգը համարում եմ համակովկասյան երգ: Հեշտ, կրկնվող վանկեր էին, ուրախ տրամադրություն, որտեղ չկար ոչ մի հայկականություն, գեղեցիկ տեղանքից ու լեզվից բացի…. Եվրատեսիլն արվեստ չէ, բայց մեր պահանջները շատ են: Զիլ երգեր ենք ունեցել, որոնք չեն գնահատվել, որովհետև այդ պահի պահանջներին չեն համապատասխանել։ Այս անգամ չզարմանաք, եթե հայերը հաղթեն:

- Շատ ենք լսում, որ Եվրատեսիլը քաղաքական մրցույթ է, համաձա՞յն ես այս մտքի հետ:

- Այո, համաձայն եմ, քանի որ նման հսկայական երգի տոնը անցնում գնում է, իրենից հետո թողնելով մեկ երգ, կամ առհասարակ ոչ մի երգ, դա նշանակում է, որ այստեղ արվեստի մասին խոսք լինել չի կարող, այն քաղաքական մրցույթ է և չզարմանաք, եթե այս տարի հենց քաղաքական դասավորվածության բոլոր կանոններին հարիր «Լադանիվա»-ն դառնա լավագույնը: Մենք ըստ ներկայիս մարտահրավերների, ավաղ, «պետք է նայենք դեպի Արևմուտք, դեպի Եվրոպա» ու չի բացառվում, որ այս տարի հաղթող ճանաչվենք: Նույն պատմությունը եղել է Ուկրաինայում: Երգչուհին, ով կիսով չափ հայ էր, կիսով չափ ադրբեջանցի, լավ կատարում ունեցավ, հաղթեց,  քիչ մնայուն երգերից էր ու այնուամենայնիվ այդ հաղթանակը քաղաքական էր: Ամենաարվեստաշատ կատարումը Եվրատեսիլում եղել է տարիներ առաջ` Պորտուգալիայի մասնակցի
(Սալվադոր Սոբրալի մասին է խոսքը) ելույթը։

- Հայերն ինչո՞ւ են այդ մրցույթը այդքան կարևորում: Քաղաքական գործիչներից սկսած Եվրատեսիլ են քննադատաում:

- Հա՞, չգիտեմ, ես երբեք չեմ կարևորել, բայց միշտ որպես հայ եղել եմ հայ երգիչների կողքին: Երբեք կողմ չեմ եղել թուրքին և ազերուն ձայն տալուն, նույնիսկ եթե նրանց ստեղծագործությունը լինի լավը, թեև դրան հավատալն էլ դժվար է: Ինչ վերաբերում է Եվրատեսիլին լուրջ վերաբերվելուն, ապա տարիներ շարունակ  բարձրաձայնել եմ սույն հարցը։ Հանրային հեռուստատեսությունը անդամակցում է  EBU կազմակերպությանն ու ամենամյա  անդամավճարով հնարավորություն է ձեռք բերում  սույն կազմակերպության փաթեթի մեջ ներառված նախագծերը սփռել մեր եթերով, ինչի մեջ մտնում է նաև Եվրատեսիլը, այսինքն` եթե մենք ուզում ենք համաշխարհային ֆուտբոլի առաջնություններ նայել, կամ Օսկար, Grammy, այդ փաթեթի մեջ նաև մտնում է Եվրատեսիլը: Եթե անգամ մասնակցություն չունենանք, միևնույնն է, փաթեթում կա ու վճարված է։ Քննադատելը շատ հեշտ է, հասկանալ է պետք: Ես չգիտեմ ու մեծ հաշվով ինձ հետաքրքիր էլ չի, թե հիմա Հ1-ում ինչ է կատարվում, սակայն գիտեմ, որ կա հնարավորություն որևէ հայ արտիստի ներկայանալ Եվրատեսիլի մրցույթին։ Ինձ մնում է հաջողություն մաղթել այս տարի Հայաստանը ներկայացնող արտիստներին, գալիք տարիներին իսկապես հայկական բարձրաճաշակ երգարվեստ ակնդրելու ակնկալիքով։