Օդեսայի հայ համայնքում վեճ է եղել․ Սինանյանին չեն ցանկացել դիմավորել

Օդեսայի հայ համայնքում վեճ է եղել․ Սինանյանին չեն ցանկացել դիմավորել

Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 12-ի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը դեկտեմբերի 12-ին 8 օրով գործուղվում է Ուկրաինա։ Գործուղման նպատակը տեղի հայկական համայնքի անդամներին, գործարարներին ու մշակութային գործիչներին հանդիպելն էր։ Այն, որ Սինանյանը գործուղվելու է Ուկրաինա՝ գրել էինք դեռևս դեկտեմբերի 4-ին, նույնիսկ ներկայացրել էինք գործուղման ճանապարհային քարտեզը։ Մեզ բավականին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել Սինանյանի՝ Ուկրաինա այցից, մասնավորապես այն, որ Սինանյանին անձամբ դիմավորելու հարցով այնքան էլ ուրախ չէ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։ Իսկ այդ անբարյացակամ վերաբերմունքի պատճառն այն է, որ Սինանյանը հանդիպել է «սեպարատիստներին»՝ այդպես են անվանում այն հայերին, ովքեր անուղղակի կապեր ունեն ազգությամբ ռուսների, չեչենների հետ կամ էլ պարբերաբար հանդես են գալիս քննադատությամբ Փաշինյանի հասցեին։ Իսկ Սինանյանն արդեն հասցրել է Օդեսայում հանդիպել մի շարք այդպիսի հայերի հետ։

Մեր աղբյուրը նշեց, որ նմանօրինակ հանդիպումները չեն վրիպում նաև Ուկրաինայի հատուկ ծառայությունների աչքերից և դա հետագայում կարող է ազդել հայ-ուկրաինական հարաբերությունների վրա, չէ՞ որ Սինանյանը Փաշինյանի թիմի անդամն է։

Մեր տեղեկություններով, Վլադիմիր Կարապետյանին հենց դա էլ վրդովվեցրել է, որ Փաշինյանի քաղաքականությունը քննադատող կամ Ուկրաինա այցելության ժամանակ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հագուկապն ու բոթասներով հանդիպման գնալը քննադատող մարդկանց հետ հանդիպում է Փաշինյանի թիմից որևէ մեկը։ Ավելին, մեզ տեղեկացրին, որ եթե Երևանից հստակ հրահանգ չլիներ Սինանյանին ուղեկցելու, ապա ամենայն հավանականությամբ, դեսպանը ուղղակի ոչ կհանդիպեր Սինանյանին, ոչ էլ կուղեկցեր նրան այցի ողջ ընթացքում։

Օդեսայում հայ համայնքի ներկայացուցիչների և գործարարների միջև արդեն իսկ Սինանյանի հետ հանդիպելու թեմայով վեճ է եղել՝ ասում են, որ հայ համայնքի անդամները դեմ են եղել նրա պատվին հանդիպում կազմակերպելուն։ Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Սինանյանն այսօր Կիև է գնալու, սակայն արդեն հասցրել է հանդիպել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք Ուկրաինայում և հայ համայնքում ոչ մի վարկանիշ չունեն։ Ու չնայած որ հրամանում նշված է, որ գործարարների հետ հանդիպում է նախատեսվում՝ խոսքը չի գնում գործարաններ կամ խոշոր ձեռնարկություններ ունեցող գործարարների մասին, այլ դրանք ընդամենը մանր ձեռնարկտաիրությամբ զբաղվող մարդիկ են, ովքեր, օրինակ ունեն լավաշի թխման ցեխ կամ բաստուրմա են արտադրում։ Զարեհ Սինանյանի վերաբերյալ մեծ դժգոհության կա՝ պատմում է մեր աղբյուրը և հավելում, որ Սինանյանի այս այցի մասով օդից կախված լուրերի համաձայն, Սինանյանը ենթադրում է, որ իր պաշտոնավարման վերջին օրերն են ու որոշել է մինչ պաշտոնից ազատվելը իր օգտին որոշակի քայլեր անել։

Մասնավորապես, մեզ ասացին, որ լուրեր են պտտվում, որ Սինանյանին որոշ կազմակերպություններ գումարի դիմաց են Ուկրաինա հրավիրել՝ իրենց իմիջի բարձրացման համար, քանի որ Սինանյանը պետական ստատուս ունի։ Վերջինս էլ որոշել է օգտագործել այս առիթը։ Մեկ այլ հետաքրքիր տեղեկությունն էլ մեզ հասավ, որ Սինանյանին առաջարկել են հանդիպումներ ունենալ Ուկրաինայի նահանգապետերի, քաղաքապետերի հետ, ինչպես նաև Գերագույն Ռադայի նախագահ Ստեֆանչուկի հետ, սակայն վերջինս որևէ ձև չի արձագանքել այդ առաջարկին։ Հետևաբար, մեր զրուցակցի մոտ հարց է առաջանում, ի՞նչ հարց է լուծում Սինանյանը Ուկրաինա այցելությամբ, եթե այդ երկրի պետական իշխանության ներկայացուցիչներին չի հանդիպելու ու քննարկումներ չի ունենալու։

«Հրապարակի» հետ զրույցում Սինանյանի խոսնակը նշեց, որ Սինանյանն արդեն հասցրել է լինել Օդեսայում, Դնեպրում և Խարկովում, իսկ այսօր էլ կսկսի Կիևում իր հանդիպումների շարքը։ Հետաքրքրվեցինք, արդյոք հանդիպումները խաղաղ մթնոլորտում են անցնում, ինչին Ամալյա Կարապետյանն ասաց․«Այցը սահուն է ընթանում․ իհարկե լինում են տարբեր քննարկումներ, տարբեր դիտանկյուններ ու դիտարկումներ, բայց այցը ավելի շատ առողջ և կառուցողական մթնոլորտում է ընթանում, անախորժ իրավիճակների մասին ես տեղեկատվություն չունեմ և գիտեմ, որ որպես այդպիսին այցի ընթացքում նման բան չի եղել»։

Հետաքրքվեցինք, արդյոք առաջարկ եղել է ուկրաինացի պաշտոնյաների հետ հանդիպումների, վերջինս նշեց, որ Սինանյանի այցը համայնքային է ու առաջնային նպատակը Ուկրաինայի տարբեր քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումներն են՝ նրանք կարիքները, խնդիրները հասկանալու համար ու գրասենյակի հետ համագործակցության սպեկտրը։

«Եթե հայ համայնքին առնչվող գործառույթներ կատարող որևէ պետական գերատեսչության հետ հանդիպման անհրաժեշտություն լինի և որը կտեղավորվի հայ համայնքին առնչվող խնդիրների վերհանման և կարիքների շրջանակներում, իհարկե նման հանդիպումներ չեն բացառվում»,-ասաց Ամալյա Կարապետյանը։