Մարտի 1-ի թիկնոցի տակ
Երեկ լրահոսում պատահաբար տեսա, որ Փաշինյանը գաղտագողի այցելել է մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին և ծաղիկներ խոնարհել: Ոչ ոք նրա ճանապարհը չի փակել, ոչ ոք զոհերի իրավահաջորդներին ասֆալտի վրայով քարշ չի տվել: Ամեն ինչ անցել է հանգիստ և ամեն ինչից զգացվել է, որ դա բացառապես մարտի 1-ի շահառուների միջոցառում է եղել: Չեմ էլ կասկածում, որ Փաշինյանը, դիմելով զոհերին, մի քանի անգամ մտքի մեջ կրկնել է՝ ես խոնարհվում եմ ձեր առաջ, ես ծնկի եմ գալիս ձեր առաջ և այլն: Հետաքրքիր է, որ նույնիսկ ՀԱԿ-ից խանդի տեսարաններ չեն սարքել: Ի վերջո մարտի 1-ի զոհերը որքան Նիկոլինն են, երկու այնքան էլ ՀԱԿ-ինն են: Կարող էին, չէ՞, գոնե միասին այցելել գեղարվեստի տեսանկյունից այլանդակ այդ հուշակոթողին ու ձեռքերը փորի տակ ագուցած մի քանի րոպե կանգնել կողք կողքի: Բայց՝ ոչ: Նիկոլն առանձին եկավ, ՀԱԿ-ն առանձին… Անգամ Ավինյան Տիկոն, որ մարտի 1-ի հետ ընդհանրապես կապ չունի, առանձին եկավ, ու զուտ այն պատճառով, որ արարողությունները տեղի էին ունենում քաղաքապետարանի քթի տակ` անհարմար էր չգալը: Այստեղից հարցեր են ծագում՝ ինչի՞ց եք վախենում, ինչո՞ւ առաջվա շքեղությամբ չեք նշում մարտի 1-ը, չեք մեծարում օրվա հերոսներին: Նիկոլը, կարծեմ, բացահայտել էր, չէ՞, մարտի 1-ը… Ելույթներ չկա՞ն:
Լավ էր, գոնե Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում երկու բառով անդրադարձել էր օրվա խորհրդին: Չլիներ այդ գրառումը՝ կմտածեի մարտի 1-ը դադարել է հուզել ՀՀ իշխանություններին: Ալեն Սիմոնյանի գրառումն, այո, շատ հուզիչ էր, բայց խորքում հանցագործության մասին հաղորդման տարրեր էլ էր պարունակում, ինչն իմ աչքից չվրիպեց: Իսկ 2008 թվականին տակավին 28-ամյա Ալեն Սիմոնյանը գրել է. «Ամբողջ օրը եղել ենք փողոցներում. Սունդուկյանի անվան թատրոնի մոտ Գևորգի (Գևորգ Ալթունյանի՝ Էդ.Ա.) հետ այրվող Վիլիս մակնիշի ավտոմեքենա փորձեցինք մարել, հետո Նիկոլը եկավ (այն ժամանակ իրեն անձամբ չէի ճանակ չում), հետո լուսահիշատակ Վիգեն Խաչատրյանին (Վիգեն Սուրենիչին) հանդիպեցինք, և ամբողջ գիշեր կողքս էր, չէր թողնում Մյասնիկյանի արձանից առաջ գնանք»:
Պարոն Սիմոնյան, այդ ո՞ւմ Վիլիսն էր այրվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՞, թե՞ այնուամենայնիվ, ոստիկանության: Մի հատ ճշտենք էլի, այլապես Քոչարյան Անդոյի մոտ էլ հարցեր կարող են առաջանալ՝ այրվող ոստիկանական Վիլիս, այրվող Վիլիսի կողքին Նիկոլ Փաշինյան… Նիկոլը մենա՞կ եկավ, թե՞ իր նման մի քանի այլ «դալբայոբների» հետ… Այդ պահին նրանք պատահաբար խմած չէի՞ն դեռ: Օրինակ՝ կոնյակ: Վիլիսը հաստատ ինքնաբուխ չէր կարող այրվել, այնպես չէ՞: Դուք փորձում էիք մարել կրակը, ու մեկ էլ Վիլիսի հետևից Նիկոլը դուրս եկավ: Նա չասա՞ց՝ թողեք Վիլիսը վառվի…
2008 թվականի մարտի 1-ին ես 28 տարեկան չէի, բայց ես էլ էի Մյասնիկյանի արձանի մոտ և տեսա, թե ինչպես էր Վիգեն Խաչատրյանը բռնել Ալենին ու չէր թողնում Մյասնիկյանի արձանից առաջ գնալ: Ես մյուս մայթին էի, այգու մուտքի մոտ, որտեղ մի հակագեղագիտական հուշարձան է այսօր վեր խոյանում: Այգին լիքն էր նիկոլական ու տեր-պետրոսյանական ակտիվիստներով, որոնք հավաքի վայր էին ժամանել նախապես պատրաստված լոմերով ու այլ առարկաներով: Ահա թե ինչու էր Վիգեն Խաչատրյանը Ալենին պահել ու չէր թողել Մյասնիկյանի արձանից ավելի առաջ գնալ: Ակտիվիստները հո չգիտեի՞ն, որ Ալեն Սիմոնյանը մի քիչ էլ մեծանա՝ ԱԺ նախագահ է դառնալու: Գազազած մասսան այդ օրը պատրաստ էր ամեն ինչ կուլ տալու: Կարճ ասած՝ ողորմի Վիգեն Խաչատրյանին ու մեր բոլոր անցավորներին, որոնց շնորհիվ այսօր Ալեն Սիմոնյան ունենք:
Կարծիքներ