Կանայք մայրաքաղաքից դուրս ունեն արժանապատիվ ապրուստ վաստակելու խնդիր

Կանայք մայրաքաղաքից դուրս ունեն արժանապատիվ ապրուստ վաստակելու խնդիր

Այսօրվանից մեկնարկել է կանանց միամսյակը։ Համացանցում եւ իրական կյանքում շնորհավորանքների պակաս չկա։ Ինչ խոսք, հաճելի է, սակայն կնոջ առօրյա հոգսերը դրանք չեն թեթևացնում։ Հատկապես դժվար է մարզերում գյուղաբնակ կանանց համար։ Հանրապետության՝ սոցիալապես ամենից անապահով մարզում՝ Շիրակում, կանանց խնդիրներն առավել ցայտուն են։ Hraparak.am-ի զրուցակիցն է ԲՀԿ Շիրակի մարզի  կանանց խորհրդի  նախագահ Հասմիկ Վիրաբյանը։

-Ձեր գրասենյակը բոլորովին վերջերս բացվեց։ Ի՞նչ հարց է փորձում լուծել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ մարզային կառույցից զատ կանանց խորհրդի գրասենյակ հիմնելով։

- Կուսակցության նպատակը նաեւ կնոջ սոցիալական բեռի թեթեւացումն է, որպեսզի հայ կինը ունենա նորմալ աշխատանք, արժանապատիվ կերպով վաստակի եւ կարողանա հավուր պատշաճի իրականացնել ընտանիքի մոր՝ ընտանեկան օջախի պահապանի իր առաքելությունը։

-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այդ ուղղությամբ։ Որպես արտախորհրդարանական ուժ՝ ինչքանո՞վ է դա ձեզ հաջողվելու, վստահության պակաս չեք զգում, մարդիկ առաջվանը չեն։

- Եթե կա սեփական ժողովրդի առաջ, հայրենիքի առաջ ստանձնած պատասխանատվության գիտակցում, գործելու վճռականություն, պատրաստակամություն, ապա խորհրդարանական ուժ ես, թե արտախորհրդարանական, կապ չունի, կգտնես ձեւեր, որպեսզի ժողովրդիդ տված խոստումները, քո՝ որպես քաղաքական միավորի հանդեպ ունեցած ակնկալիքներն արդարացնես:

- Լավ, որպես մարզային կառույցի ղեկավար՝ մարզում կանանց հիմնախնդիրների հետ կապված ի՞նչ դեպքերի եք առնչվել։

-Թե այս ամիսների ընթացքում ինձ հանդիպած դեպքերը հաշվի առնելով, թե դրանից առաջ՝ որպես լրագրող՝ մասնագիտական գործունեությանս ընթացքում առնչվածս դեպքերը, թե որպես գյումրեցի, կարող եմ միանշանակ ասել, որ թե մեր մարզում՝ Շիրակում, եւ թե մյուս մարզերում էլ, թերեւս, կանանց համար թիվ մեկ հիմնախնդիրը առնչվում է կյանքի սոցիալական ոլորտի հետ։ Ավելի կոնկրետ՝ առկա է օրվա հացի խնդիր։ Իսկ եթե առկա է օրվա հացի խնդիր, որքան էլ տոնական այս օրով նման թեմաներից խոսելը պատշաճ չէ, ապա կյանքը պատկերվում է ամենից մռայլ գույներով։ Կանայք մայրաքաղաքից դուրս ունեն նաեւ զբաղվածության խնդիր, արժանապատիվ ապրուստ վաստակելու խնդիր։ Տեսնում եք, բոլոր հարցերը գալիս ու հանգում են կյանքի սոցիալական ոլորտին։ Պատկերավոր ասած՝ բավական է կնոջը գնահատել, տալ նորմալ աշխատանք եւ արժանապատիվ վաստակելու հնարավորություն, նա սարեր շուռ կտա։ 
Այո, մեր մարզում խնդիրները ավելի խտացված են, գույները՝ ավելի մռայլ։ Եվ, բնականաբար, կնոջ պատասխանատվությունն էլ ավելի բազմապատկված է։ Հաշվի առեք, մեզ մոտ արտագնա աշխատանքի մեկնողները շատ են, ու կինը նաեւ ընտանիքի պահապանի պատասխանատվությունն է ստանձնում ամուսնու՝ ընտանիքի հոր եւ կերակրողի բացակայության շրջանում։ Կարող եմ ասել, որ շիրակցի կինը, գյումրեցի կինը գոյապայքարի ոլորտում մղած իր պայքարի համար արժանի է ցկյանս չեմպիոնի կոչման։ 
Վերջերս հատկապես տպավորված եմ գրասենյակ դիմած կանանցից մեկի դեպքով։ Երիտասարդ կինը մեզ էր դիմել սոցիալական օգնության խնդրանքով, բայց հատկապես տպավորիչ էր նրա պատմությունը։ Ավտոտնակում միայնակ մեծացնում է դստերը, ամուսինը հրաժարվել էր իրենցից՝ պատճառաբանելով, թե երեխան աղջիկ է։ Այնպես չէր, որ ինքը չէր աշխատում․ խանութում ամսական 40 հազար դրամով աշխատանք էր գտել, բայց եկեք խոստովանենք, որ թե մեր ժամանակավոր օգնությունը, թե նրա չնչին աշխատավարձը հարցի լուծում չեն։

-Դուք բազմազավակ մայր եք, ինպե՞ս եք համատեղում աշխատանքն ու տնային հոգսերը։ 

- Իհարկե, հեշտ չէ, բայց երևի երջանիկներից եմ, որ ունեմ կողակից, ով, ինչպես ասում են՝ սարի պես կանգնած է թիկունքիս, աջակցում է բոլոր հարցերում։ Նման աջակցության պայմաններում, հավատացեք, ամենաբարդ դժվարությունները նույնիսկ հաղթահարելի են։