Ովքեր են դուրս մղել «Աղբյուր»-ին, «Կանչ»-ին եւ «Ծիծեռնակ»-ին

Ովքեր են դուրս մղել «Աղբյուր»-ին, «Կանչ»-ին եւ «Ծիծեռնակ»-ին

Թեեւ տասնամյակներ շարունակ անխափան լույս տեսնող, իսկ այսօր արդեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության թեթեւ ձեռքով դուրս մղված «Աղբյուր», «Կանչ» եւ «Ծիծեռնակ» մանկապատանեկան հանդեսների խմբագիրների բողոքը հասավ մինչեւ Ազգային ժողով, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի,  սպորտի երիտասարդության, սփյուռքի  հարցերի հանձնաժողովն էլ մայիսի կեսերին հրավիրեց նիստ, սակայն պարզվում է, որ հանդեսներին ոչ մի լավ բան չի սպասվում։

«Աղբյուր» հանդեսի գլխավոր խմբագիր Թադեւոս Տոնոյանը մեզ հետ զրույցում նշում է, որ նիստին ներկա է եղել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ասել է, որ եղել է մրցույթ, մրցույթում էլ եղել են հաղթողներ։ 
Թադեւոս Տոնոյանը հիշեցնում է, որ 1990թ․ եղել է Գերագույն խորհրդի որոշում, համաձայն որի՝ մանկապատանեկան հանդեսները պետք է լույս տեսնեին պետական հովանավորությամբ, ինչը չի արվում։

«Մինչեւ 2019թ․ հունվարը հովանավորել են հանդեսները, հիմա չեն հովանավորում։ Նորությունն այն էր, որ փոխնախարարը տեղեկացրեց՝ իրենք որոշել են դիմել արդարադատության նախարարություն, որպեսզի պարզեն 1990թ․ Գերագույն խորհրդի նախագահության որոշման իրավազորության հարցը։ Այսինքն՝ իրենք նախօրոք դադարեցրել են հովանավորությունը, իսկ մեր պնդումներից հետո որոշել են պարզել՝ իրենք ճի՞շտ են անում, թե՞ սխալ։ Դեռ չեն պարզել։ Ես  օրերս զանգահարել եմ ԱԺ նախագահի օգնականին, հարցրեցի, թե ինչու չեն պատասխանել մեր նամակին (մենք՝ երեք խմբագիրներով պաշտոնապես նամակ էինք հղել ԱԺ նախագահին), մեկ ամիս անցել է, երկրորդ ամիսն է լրանում։  ԱԺ-ից ասացին, որ իրենք դիմել են արդարադատության նախարարություն, որպեսզի պարզեն՝ այդ որոշումը պահպանո՞ւմ է իր իրավազորությունը, թե՞ ոչ։ Եթե մինչեւ 2018թ․ պահպանել էր իրավազորությունը, ապա հիմա ի՞նչն է փոխվել»,- հարցնում է Թադեւոս Տոնոյանը։ 

Որպես փաստարկ՝ հանդեսների խմբագիրներին ներկայացվել է, որ տեղի է ունեցել մրցույթ, հանդեսներն էլ չեն հաղթել այդ մրցույթում։ Թադեւոս Տոնոյանն էլ հակադարձում է՝ այդ մրցույթը իրենց կարգավիճակի հետ կապ չունի, քանի որ Գերագույն խորհրդի որոշումը ոչ ոք դեռ անվավեր չի ճանաչել։ Ըստ նրա՝ ԱԺ-ն պետք է կայացնի նույնանման որոշում, որպեսզի այդ պարբերականները չհովանավորվեն։ 

ԱԺ-ում կայացած հանձնաժողովի  նիստի ժամանակ էլ Թադեւոս Տոնոյանը համոզվել է, որ հանդեսների հետ կապված խնդիրը որոշակիորեն  պատկերացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը՝ ի տարբերություն փոխնախարարի։ Թեւոսյանն էլ վստահեցրել է, որ ինքը կփորձի ուղիներ գտնել խնդիրը լուծելու համար։ Մանկապատանեկան հանդեսներին օգնելու հարցում շահագրգռված է նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Իսկ ահա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի, սպորտի եւ սփյուռքի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին այդպես էլ չի հաջողվել հանդիպել։ 

«Օրինակ, ինքը հարց ուղղեց՝ եթե որոշել եք դադարեցնել ֆինանսավորումը, որեւէ մոնիտորինգ արե՞լ եք, թե ոնց է վերաբերվում դրան մտավորականությունը, հասարակությունը։ Փոխնախարարն էլ փորձեց վկայակոչել նախարարին»,- ասաց մեր զրուցակիցը։ Փոխնախարարն, ի դեպ, ասել է, որ մրցույթն արդար է կայացել։ 

Թադեւոս Տոնոյանը նկատում է, որ մրցույթում երկու հաղթողները մեկ հոգու խմբագրություններ են, մեկը ներկայացրել է վեց միլիոն դրամի հայտ, իրենք էլ՝ վեց-յոթ հոգով ներկայացրել են ինը միլիոն դրամի հայտ։ Հաղթել են «Մարի», «Խատուտիկ», «Լուսապսակ»  հանդեսները։ Պարզվել է, որ «Մարի»-ն նույնիսկ առանձին ցուցափեղկեր ունի։ 
Եվ հիմա, ըստ նրա, մանկապատանեկան հանդեսների կոլեկտիվները հայտնվել են գործազուրկի կարգավիճակում։