Առանց Ռուսաստանի հետ երկխոսության հնարավոր չէ կարգավորել միջազգային իրավիճակը. Մակրոն

Առանց Ռուսաստանի հետ երկխոսության հնարավոր չէ կարգավորել միջազգային իրավիճակը. Մակրոն

Առանց Ռուսաստանի հետ երկխոսության հնարավոր չէ կարգավորել միջազգային իրավիճակը: Այս մասին Մոսկվա այցի նախօրեին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ «այժմ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը երկխոսության միջոցով՝ զինված հակամարտությունից խուսափելու համար»։

«Վերջին շրջանը հաստատեց, որ եթե մենք հրաժարվում ենք երկխոսությունից, ապա անհնար է որևէ հակամարտություն լուծել: Այդպիսին էր եվրոպացիների ընտրությունը, երբ կանցլեր Մերկելի հետ միասին առաջարկեցինք ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողով անցկացնել»,- ասել է Մակրոնը Փարիզի Le Journal du Dimanche շաբաթաթերթին տված հարցազրույցում:

«Չէ՞ որ այս դեպքում մենք թույլ ենք տալիս ուրիշներին խոսել մեր անունից և այլևս չենք կարող նպաստել մեր հավաքական անվտանգությանը»,- ասել է նա։

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերն ամենալուրջ հետևանքները կունենան: