Ի՞նչ եք կարծում՝ Ալեքսանյանը չի՞ փորձել ինձ կաշառել․ Համլետ Ղուշչյան 

Ի՞նչ եք կարծում՝ Ալեքսանյանը չի՞ փորձել ինձ կաշառել․ Համլետ Ղուշչյան 

Համլետ Ղուշչյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցի հիման վրա 29.03.2019թ․ Քրեական օրենսգրքի 38-131 հոդվածով, այն է՝ մարդու առեւանգումը կազմակերպելը, հարուցվել է քրեական գործ։ Հիշեցնենք, որ Համլետ Ղուշչյանը հայտարարել էր, որ Ալեքսանյանի «Լուսաստղ» օղու մասին եթերում իր այն հայտարարությունից հետո, որ մարդ է թունավորվել, իրեն առևանգել էին, ինքն էլ Ալեքսանյանին ուղիղ ասել էր՝ «կրակի, արա»։

«Հրապարակի» հետ զրույցում Համլետ Ղուշչյանը մանրամասնեց, որ հարուցված քրեական գործով իրեն հարցաքննել են, ոստիկանությունում հարցրել են՝ ասե՞լ էարդյոք նման բան, հաղորդավարն ասել է, որ ասածների տերն է, թուղթ է ստորագրել։

«Զարմանալի է, որ հարուցել են, որովհետև այն ժամանակ, երբ ինձ առևանգել են՝ 2001-ին, էդ ժամանակ ում ասես դիմեցի, ոչ մի ընթացք չտվեցին, ո՞վ պետք է տար, Քոչարյա՞նը պետք է տար, Աղվան Հովսեփյա՞նը։ Միակ մարդը, որն ինձ օգտակար եղավ, Արմեն Երիցյանն էր՝ 6-րդ վարչության պետը, նա հասավ նրան, որ իմ բաժնեմասի գումարն ինձ վերադարձվեց, ես էլ հրաժարվեմ ու պրծնի գնա»։

Համլետ Ղուշչյանը մանրամասնեց, որ խոսքը  «Երևան» հեռուստաընկերության իր 10 տոկոս բաժնեմասի մասին է։

Հարցին, թե Սամվել Ալեքսանյանը ցուցմունք տվե՞լ է, միգուցե առերեսվե՞լ են, Ղուշչյանն ասում է․ «Չգիտեմ, նրան Աստված է պատժելու։ Ի՞նչ ցուցմունք տա, ո՞նց կարելի էր իրեն սարքել պատգամավոր, հետո իրա էդ թիկնազորով Մարտի 1-ին մասնակցեր։ Էդ տականքը, որ ինձ առևանգել էր, ասում էր՝ իմ մեջքին նախագահն է կանգնած։ Առերեսվելու մասին չեն ասել, եթե առերեսվի, ես իրա երեսին թքելու եմ»։

Ինչ վերաբերում է՝ չի՞ փորձել կաշառել, ապա Ղուշչյանը բազմանշանակ ասաց՝ ի՞նչ ես կարծում, չի՞ փորձել։