«Պիտի կարողանանք հաղթանակներ տանել մեր երկրի համար»․ Ռանոսը պատրաստ է

«Պիտի կարողանանք հաղթանակներ տանել մեր երկրի համար»․ Ռանոսը պատրաստ է

Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես հայտնի է, հունիսի 8-14-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Ուելս, որտեղ հունիսի 16-ին ուժերը կչափի Ուելսի ընտրանու հետ: Հունիսի 19-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Լատվիայի հավաքականի հետ: Հայազգի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը՝ Հրանտ-Լեոն Ռանոսը, որը վերջերս տեղափոխվեց Մյունխենգլադբախի «Բորուսիա», նույնպես միացել է հավաքականի ճամաբարին ու պատրաստվում է առաջիկա խաղերին։

«Ես լավ մրցաշրջան անցկացրի իմ ակումբում «Բավարիայում»։ Երկու գոլ էլ կարողացա խփել Հայաստանի հավաքականի կազմում։ Կարծում եմ, որ հենց այդ պատճառով «Բունդեսլիգան» ներկայացնող ակումբը սկսեց հետաքրքրվել ինձնով։ Սակայն նրանք ինձ նախկինում էլ էին ճանաչում։ Բորուսիայից կապ հաստատեցին իմ գործակալների ու մարզչի հետ։ Ամեն ինչ լավ ընթացավ, նրանց կողմից լավ մտադրվածություն նկատեցի։ Ես հասկացա, որ նրանք ապագայի հիանալի նպատակներ ունեն ու ընդունեցի առաջարկը»,- ասել է Ռանոսը Երևանում։

«Հայաստանի հավաքականին առաջիկայում բարդ հանդիպումներ են ստացվում։ Այս մակարդակի բոլոր հանդիպումներն էլ իրականում բարդ են։ Մենք ամեն օր պատրաստվում ենք առաջիկա հանդիպումներին։ Օրական երկու մարզում ենք անցկացնում, փորձում հնարավորինս լավ հասկանալ միմյանց։ Պետք է լավ հանդես գանք ու կարողանանք հաղթանակներ տանել մեր երկրի համար։ Տատիկս այստեղ՝ Երևանում է ապրում։ Հենց դրա համար էլ ես հավաքից մեկ շաբաթ առաջ եկա Հայաստան։ Նա ինձ տարբեր վայրեր տարավ։ Ինձ դուր է գալիս Հայաստանը։ Ինձ դուր է գալիս եղանակը, մարդիկ, ուտելիքը։ Ամեն ինչ շատ ջերմ ու հիանալի է»,- հավելել է նա։