Բյուջետային «տրամաբանություններ»

Բյուջետային «տրամաբանություններ»

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2021 թվականի բյուջեի նախագծում խնդրել է ներառել նոր 15 աշխատողի հաստիք, սակայն առաջարկն ամբողջությամբ մերժվել է»,- Ազգային ժողովում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը։ Ա․ Թաթոյանը խիստ բարեկիրթ մարդ է, ուստի շտապել է ենթադրել, թե «մերժման պատճառը, հավանաբար, կապված է պատերազմական իրավիճակի հետ», չնայած ՄԻՊ գրասենյակն այդ 15 հաստիքն անհրաժեշտ է համարել «միջազգային մարմինների հետ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքն ավելի ամրապնդելու համար»։ Մենք էլ ենք կարծում, որ մերժման պատճառը պատերազմական իրավիճակն է, որը սրբագրումներ է մտցրել մեր կյանքի բոլոր բնագավառներում։ 

Սակայն խնդիրն ունի մյուս երեսը։ 

Թե մեզ համար որքա՛ն կարեւոր է հայկական երկու պետությունների ՄԻՊ գրասենյակների աշխատանքը միջազգային հարթակներում, չարժե նույնիսկ քննարկել։ Ընդսմին՝ հանրությունը հիանալի տեղյակ է թե՛ ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի, թե՛ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի  կարեւոր ու գրագետ աշխատանքին։ Նույն հանրությունը հիանալի հասկանում է նաեւ ՄԻՊ գրասենյակների կադրային բազան հզորացնելու առաջնահերթ նշանակությունը։ Մինչդեռ, ահա, պարզվում է, որ ՀՀ ֆինանսական գլխավոր փաստաթղթում՝ 2021 թվականի պետական բյուջեում, ՀՀ ՄԻՊ գրասենյակն իր կարիքներով եւ նոր իրավիճակի ստեղծած առաջնահերթություններով բոլորովին էլ «հասկացված» չէ։ Ի դեպ, մենք էլ կարող էինք ՄԻՊ առաջարկի մերժումը պայմանավորել պատերազմական իրավիճակով, եթե չխանգարեր բյուջետային մի փոքրիկ «նյուանս»։ 
Ա․ Թաթոյանի ներկայացրած 15 աշխատողի պահանջը մերժելով՝ պետբյուջեից ամենամոտավոր հաշվարկներով «խնայվել» է առավելագույնը 50 միլիոն դրամ, եթե ընդունենք, որ պահանջված 15 աշխատողներից յուրաքանչյուրի աշխատավարձը կազմելու էր, դիցուք, ամսական 300 հազար դրամ։ 

Հիմա փորձենք համադրել այս չեղած թիվը նույն պետական բյուջեում նախատեսված պաշտոնատար անձանց պարգեւատրումներին հատկացված գումարի հետ։ Ըստ հրապարակումների՝ վերջինս կազմում է ավելի քան 18 միլիարդ դրամ, որը 20 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ուղղությամբ հատկացումը։ 18 միլիարդի 20 տոկոսը կազմում է շուրջ 3․5 միլիարդ դրամ։ Եվ ի՞նչ, ստացվում է, որ, չնայած  պատերազմական իրավիճակին եւ օր-օրի աճող ահռելի ծախսերին, բյուջեից  3․5 միլիարդ դրամ լրացուցիչ հատկացվում է մի չեղած-անհայտ «ոլորտի»՝ պարգեւատրումների, իսկ, ահա, 3․5 միլիարդից 70 անգամ փոքր չափի գումար խնայվում է շատ որոշակի եւ չափազանց կարեւոր մի ոլորտի գործունեությունը կազմակերպելուն։ Նկատենք, որ ՄԻՊ գրասենյակի կադրային ակնկալված «զինումը» հենց ուղղակիորեն պատերազմական իրավիճակի թելադրանքն է, մինչդեռ նույնը չի կարելի ասել պարգեւատրումների մասին, որոնց «անհրաժեշտության» լավագույն վկայությունն ու ցուցիչը ծայր առած հանրային մեծ ընդվզումն է, համատարած պարսավանքը։ Իսկ ՄԻՊ գրասենյակի աշխատանքների ընդլայնումը եւ միջազգային հարթակներում առավել ակտիվ ներգրավվածությունը հատկապես կարեւոր են հայ դիվանագիտության ոչ արդյունավետ գործունեության ֆոնին։

Ֆինանսների նախարար Ա․ Ջանջուղազյանը, խոսելով պարգեւատրումների չափի եւ դրանց հետագա կիրարկման անբացառելի անհրաժեշտության մասին, այն կապել է ֆինանսաբյուջետային ինչ-որ «տրամաբանության» հետ, որով իբր պետք է առաջնորդվել։ Ընդ որում՝ դա այնպիսի «տրամաբանություն» է, որի վրա նույնիսկ պատերազմական իրավիճակն է անզոր եղել ազդել։ Մենք, բնականաբար, չենք վիճում մեծ ֆինանսիստի հետ, բայց նաեւ չենք կարող չհարցնել, թե նույն այդ  «տրամաբանությունն» ինչպե՛ս է թույլ տվել մերժել մի բան, որի պետական, դիվանագիտական, քաղաքական  նշանակությունն ավելի քան ակներեւ է եւ անհերքելի։

ՀԳ․ ՄԻՊ Ա․ Թաթոյանը բյուջեի կառավարիչներից չնչին մի գումար էլ է խնդրել (չնչին՝ բյուջեի «տրամաբանության» մեջ)՝ 3 միլիոն 800 հազար դրամ՝ «կենսական նշանակության ծախսերի համար»։ Այդ գումարն անհրաժեշտ է ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու համար, որոնք տեխնիկապես դյուրացնելու են ՄԻՊ գրասենյակի աշխատանքները։ Սակայն մարդը դրա հույսն էլ չունի․ «Խնդրել ենք, որ այդ գումարն անպայման ավելացնեն, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու անընդհատ կառավարության որոշումներով փորձենք հարցերը կարգավորել»։ 
Իսկ «կենսական նշանակության ծախսերի համար»  ՄԻՊ-ի խնդրածը, անտարակույս, ավելին չէ, քան շատ չինովնիկների տարեկան պարգեւատրումները։