ԱՊՀ գագաթնաժողովը եւ Նոր կտակարանը

ԱՊՀ գագաթնաժողովը եւ Նոր կտակարանը

Դե ասա՝ էդ լամպերի փոշին վերցրեք, էլի… ԱՊՀ երկրների ղեկավարները խմբվել էին կլոր սեղանի մոտ, որ հենց Պուտինը մտնի, բարեւեն ու նստեն ամեն մեկն իրեն հատկացված տեղում: Տեղերը նշված էին ռուսերենով՝ Ադրբեջան, Բելառուս, Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Մոլդովա, Հայաստան…

Նշված էին նաեւ պետությունների ղեկավարների անունները: Արտգործնախարարները մի քիչ հեռվում էին խմբվել: Լավրովն ինչ-որ բան էր պատմում իր հետ պատահած արկածներից, մյուսները ծիծաղում էին…
- Ի դեպ՝ Միրզոյանն ո՞ւր է,- ծիծաղելով հարցրեց Բելառուսի արտգործնախարարը:
- Մոզամբիկում կլինի,- խայթեց Լավրովը՝ վերաթարմացնելով ծիծաղը:
Այդ պահին Պուտինը մտավ սրահ: Բոլորը ձգվեցին: Նա մոտեցավ պետության ղեկավարներին, սկսեց հերթով բարեւել:
- Խնդրեմ, պարոնայք, նստեք՝ սկսենք:
Արտգործնախարարները շտապեցին տեղ զբաղեցնել երկրորդ շարքում՝ նախագահների հետեւում: Առաջինը խոսք խնդրեց Լուկաշենկոն.
- Վլադիմիր Վլադիմիրովիչ, երբ Դուք բարեւեցիք մեզ, չզգացի՞ք, որ մի ձեռք պակաս սեղմեցիք:
- Ոչ,- ժպտաց Պուտինը,- ես բարեւելիս ձեռքերը չեմ հաշվում, դեմքերն եմ հիշում:
- Ներողություն, իսկ չզգացի՞ք, որ դեմքերից մեկը չկա: Նիկոլն է ուշանում, նկարվելիս էլ չկար: Չսպասե՞նք մի քիչ:
- Նիկոլն ո՞վ է:
- Ինչպե՞ս թե ով է, ՀՀ վարչապետը, սա էլ՝ «տաբլիչկան», նրա տեղն իմ կողքին է, իմ եւ Իլհամ Հեյդարովիչի միջեւ:
- Ախ, Նիկոլը… Նիկոլ Վովաեւիչը, հիշում եմ այդպիսի մեկին, հիշում եմ` սենց մորուքով-բանով, ռուսերենին էլ հրաշալի էր տիրապետում…
- Բայց ինչո՞ւ եք նրա մասին անցյալով խոսում, Վլադիմիր Վլադիմիրովիչ, հո բան չի՞ պատահել:
- Ալեքսանդր Գրիգորեւիչ, Դուք եկել եք ԱՊՀ գագաթնաժողովի՞ն, թե՞ Նիկոլի մասին հարցեր տալու: Կարելի է մտածել՝ տեղեկություն չունեք, որ մեր համագործակցությունում այսուհետ Իլհամ Հեյդարովիչն է ներկայացնելու Հայաստանի շահերը… Դուք թերթ չե՞ք կարդում, հեռուստացույց չե՞ք դիտում, չգիտե՞ք, որ Նիկոլն ընդունել է Իլհամ Հեյդարովիչի բոլոր նախապայմաններն ու խաղաղության պայմանագիր ստորագրել առ այն, որ Հայաստանի շահերն այսուհետ ներկայացնելու է Ադրբեջանը, իսկ ինքը զբաղվելու է ընդդիմության հարցերով:

Բոլորը դեմքով դարձան դեպի Ալիեւը: Սա, քիթը տնկած, հայացքը պտտեց մյուս ղեկավարների վրայով: Ուզում էր ասել՝ տեսա՞ք, արա, ԱՊՀ-ում սրանից հետո երկրորդը ես եմ:
- Առաջարկում եմ արագ շնորհավորել Իլհամ Հեյդարովիչին, եւ անցնենք մեր գործին,- քար լռությունը խախտեց Պուտինը, ապա շրջվեց դեպի իր թիկունքում նստած Լավրովն ու ցածրաձայն ինչ-որ բան ասաց:
Լավրովն արագ մոտեցավ դռներին եւ դռան հետեւում հերթապահող Զախարովային կարգադրեց մարդ ուղարկել Վաղարշակ Վառնազովիչի հետեւից, որ նրան բերեն գագաթնաժողովին:
- Չերեզ արտգործնախարարությո՞ւն բերենք, Սերգեյ Վիկտորովիչ,- հարցրեց Զախարովան:
- Ինչպես ուզում ես, Մարիշ, միայն թե արագ…

Նիստը շարունակվում էր: Օրակարգում 20 հարց կար, որից զեկուցվող էր ընդամենը մեկը՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը:
- Բատկա, գուցե Բելառո՞ւսը ստանձնի այդ միջանցքի վերահսկողությունը,- Լուկաշենկոյին դիմեց Պուտինը:
Ալիեւը, որ մինչ այդ նստած էր քիթը ցից, տեղից վեր թռավ.
- Վլադիմիր Վլադիմիրովիչ… Մենք, ախր, պայմանավորվել էինք: Միջանցքը վերահսկում եք Դուք, իսկ Ձեր բացակայությամբ՝ ես: Հիմա ինչո՞ւ եք Ալեքսանդր Գրիգորեւիչին խառնում այս գործին: Նա այնքան պրոբլեմ ունի Բելառուսում, ինչքան Դուք՝ Ուկրաինայում:
- Իլհամ Հեյդարովիչ, ես հասկանում եմ Ձեզ, բայց կողքից դիտողը չի՞ ասի, որ Ռուսաստանը թաթը դնում է ամեն ինչի վրա: Մի քիչ սիրուն չի:
- Շատ էլ սիրուն է, Վլադիմիր Վլադիմիրովիչ,- խոսեց Լուկաշենկոն,- ԱՊՀ-ի համար կարեւոր է, որ այդ միջանցքը Նիկոլը չվերահսկի: Անընդհատ ոտի տակ է ընկնելու, բեռնատարներն է ստուգելու՝ ով եկավ, ինչ տարավ, ուր տարավ… Բա մեզ պե՞տք ա:
- Ես էլ եմ դա ասում, էլի,- աշխուժացավ Ալիեւը,- Դուք կվերահսկեք, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես ինչով պետք է՝ կօգնեմ Ձեզ, ձեռքի հետ էլ միջանցքի կողքերի ծաղիկ-մաղիկը կջրեմ…
Սրահի դուռը կամաց, գրեթե աննկատ բացվեց: Դռան արանքով Վաղարշակ Վառնազովիչը թեքությամբ մտավ սրահ եւ հուշիկ քայլերով մոտեցավ Լավրովին:
- Էս ի՞նչ հաշիվ ա, Սերգեյ Վիկտորովիչ,- շշնջաց Լավրովի ականջին:
- Էս ինչ հաշիվ ա, իբր չգիտես, Նիկոլն ո՞ւր ա:
- Եթե չեմ սխալվում, Միրզոյանի հետ Մոզամբիկ պիտի գնար:
- Մոզամբիկ… Մենք այստեղ «Զանգեզուրի միջանցքի» կռիվ ենք տալիս, նա Մոզամբիկ է գնո՞ւմ:
- Վա՛յ, բա ի՞նչ անեմ, Սերգեյ Վիկտորովիչ:
- Դուրս արի, զանգիր իրեն, թող շտապ հասնի: Ես կփորձեմ քննարկումը ձգել…
Վաղարշակ Վառնազովիչը որքան աննկատ եկել էր, նույնքան աննկատ էլ դուրս եկավ սրահից:
Ընդմիջում հայտարարվեց: Պուտինը հյուրերին առաջարկեց անցնել կողքի սրահ՝ մի-մի գավաթ հայկական (ադրբեջանական) կոնյակ ըմպելու եւ նորաբաց պատկերասրահով հիանալու: Արդեն կողքի սրահում նրանց սպասում էր Մարիա Զախարովան, որ նկարները ցույց տար ու մեկնաբաներ: Լավրովն աչքով արեց նրան՝ սկսիր: Զախարովան ցուցափայտն ուղղեց դեպի առաջին նկարն ու սկսեց.
- Պարոնայք, դուք, հավանաբար, գիտեք Նոր կտակարանի գործող անձանց կենսագրությունները, բայց ես ձեզ կարճառոտ կհիշեցնեմ դրանք: Եվ այսպես՝ Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հովհանին, Հովհանը ծնեց Հուդային եւ նրա եղբայրներին… Հուդայի որդին՝ Ֆարիսը, ծնեց Էսրոպին…
- Սա ի՞նչ թատերական ներկայացում է, Վլադիմիր Վլադիմիրովիչ,- Պուտինի ականջին շշնջաց Լուկաշենկոն:
- Հանգստացիր, Բատկա, մեզ պետք է ժամանակ շահել, մինչեւ Նիկոլը հասնի: Չե՞ս տեսնում, որ Ալիեւը ձեռ չի քաշում միջանցքից, անընդհատ՝ ես, հա ես… Մեր միակ հույսն այն է, որ Նիկոլի միջոցով մենք՝ ես ու դու, վերահսկենք միջանցքը, հասկացա՞ր:
- Ըմմմմմ, ահա թե ինչ: Իսկ Նիկոլը գիտի՞ այդ մասին:
- Չեմ կարող ասել, արդեն 5 տարի է՝ բացատրում եմ, իսկ ինքն ամեն անգամ վճռական պահին Մոզամբիկ է գնում…
Զախարովան դեռ պատմում էր.
- Էսրոպը ծնեց Անիկադավին, Անիկադավը ծնեց Նասոնին, Նասոնը ծնեց Սողոմոնին, Սողոմոնը ծնեց…