Մանանեխ՝ ՄԻԵԴ-ի տված ճաշից հետո

Մանանեխ՝ ՄԻԵԴ-ի տված ճաշից հետո

Հետաքրքիր մետամորֆոզների ժամանակներում ենք ապրում։ Ընդդիմությունը դարձավ իշխանություն, բայց ընդդիմադիր հռետորաբանությունը չմոռացավ։ Պետական պաշտոնյաները, որոնք իշխանության պատժիչ գործիքներն էին, այսօր պաշտպանում են նրանց, ում վրայով նախկինում հավեսով ու ապօրինաբար «անցել են»։

Մարտի 1-ի գործով դատապարտված քաղաքացիներին հալածած, ապօրինի մեղադրանքներ պաշտպանած մարմինը՝ Գլխավոր դատախազությունը, այսօր սրբագրում է իր երբեմնի պահվածքը։ Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Դավիթ Մաթեւոսյանի եւ Խաչիկ Գասպարյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ՝ այն նույն դատավճիռների, որոնք հենց ինքն էլ պաշտպանում էր։ Այսօր պահանջում է Դավիթ Մաթեւոսյանի եւ Խաչիկ Գասպարյանի վերաբերյալ դատական ակտերը բեկանել եւ նրանց արդարացնել։ Դատախազությունը նրանց ժամանակին մեղադրում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Մաթեւոսյանի գործով դատախազությունը դատարան էր բերել 2 ոստիկանի, որոնք միակ վկաներն էին։ Ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանի դատավարությունն ընդհանրապես զավեշտ էր։ Էրեբունու ոստիկան-վկան այս գործով եկել էր դատարան ու ասել, որ իրեն ծեծողի դեմքը չի հիշում, հիշում է միայն բեղերը։ Մաթեւոսյանը մեկուկես տարի անցկացրեց կալանավայրում, իսկ Գասպարյանը դատապարտվել է պայմանական։

Մաթեւոսյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 10-ին վճիռ հրապարակեց, որով խախտված է ճանաչել ազատ հավաքներին մասնակցելու եւ արդար դատաքննության նրա իրավունքը։ Գասպարյանի գործով դեռ ՄԻԵԴ վճիռ չկա, բայց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է, որ սա քիչ է, եւ ինքը եւս պետք է ուսումնասիրություններ կատարի այս գործերով։ «Պարզվել է, որ դրանցով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը․․․ պարզվել է, որ դատարանները խախտել են նաեւ ամբաստանյալների՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես՝ դատաքննության ընթացքում, առանց որեւէ լուրջ հիմնավորման, մերժվել են իրադարձություններին եւ Դ. Մաթեւոսյանին ու Խ. Գասպարյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ընթացքին ականատես մի քանի անձանց դատարան հրավիրելու եւ որպես վկա հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունները»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ։

Մարտի 1-ի գործով ժամանակին զբաղված փաստաբանները տարբեր կերպ են մեկնաբանում դատախազության պահվածքը։ Հովիկ Արսենյանը կարծում է, որ դատախազությունը պարտավոր է կրկին բացել Մարտի 1-ով դատապարտվածների գործերը։ «Պետք է կատարե՞ն Եվրադատարանի պահանջը, թե՞ ոչ։ Բայց սա վճռաբեկ բողոք է, թող կատարի։ Այո, բոլոր քաղբանտարկյալներով պետք է բողոքներ ներկայացնի։ Եթե անգամ մեկ գործով նախադեպ կա, ասենք, Մուշեղ Սաղաթելյանի գործով կամ Դավիթ Մաթեւոսյանի, ՄԻԵԴ-ը որոշել է, որ քաղաքական պատվեր է եղել, հենց մենակ այդ որոշման հիմքով չսպասելով ՄԻԵԴ-ին՝ պետք է ուսումնասիրեն բոլորի գործերը։ Շուտ պետք է անեին, շատ ձգեցին»,- ասում է նա։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որը ՄԻԵԴ-ում Մաթեւոսյանին է ներկայացրել, կարծում է, որ այս գործով վճռաբեկ դիմելու կարիք չկար։ Եթե ՄԻԵԴ-ը վճիռ ունի Ձեր պաշտպանյալի հետ կապված, մեր պետությունը դա պետք է կատարի, էլ ինչո՞ւ է դիմում դատարան։ Մեր հարցին նա պատասխանեց․ «Սա ես կարող եմ գնահատել որպես երեսպաշտական քայլ, դրսեւորում դատախազության կողմից։ Եթե դատախազությունը, պայմանականորեն ասած, Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժած անձանց խախտված իրավունքների վերականգնմամբ շահագրգիռ է, ոչ թե պետք է վճռաբեկ բողոքներ ներկայացնի այն անձանց գործերով, որոնց վերաբերյալ Եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել, կամ որոնց գործերը ՄԻԵԴ-ում գտնվում են քննության փուլում, այլ զբաղվի տասնյակ հարյուրավոր այն քաղաքացիների գործերով, որոնք չեն հասել ՄԻԵԴ։ Առաջին հերթին այդ գործերով պետք է իրենք բողոքներ ներկայացնեն, նրանց իրավունքների խախտումները ճանաչեն, նրանց պետությունը փոխհատուցում տրամադրի այս կամ այն չափով։

Անգամ եթե վաղեմության ժամկետներ են անցել, եւ սուտ ցուցմունք տված ոստիկանին, ապօրինի քննություն իրականացրած քննիչին, այդ ամենը չնկատած դատախազին չեն կարող մեղադրանք առաջադրել, գոնե գործերը պետք է հարուցվեն, կարճվեն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, ու նրանց համակարգից պետք է հեռացնեն։ Այս դեպքում ես կհամարեի, որ, այո, մենք ունենք դատախազություն, որը ճշմարտությունը բացահայտելու գործում շահագրգիռ է»։ Դատախազությունը կարեւոր անելիք ունի, ըստ նրա՝ քանի որ այն ՀՔԾ-ում Մարտի 1-ի գործով հսկողություն է իրականացնում։ Սակայն Շուշանյանը Մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցում չի նկատում ոչ մի որակական շարժ։ «Առաջին հերթին իրենք պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանեն։

Մեծ հաշվով, իրավապահ ու դատական համակարգերի գործունեության մեջ ոչ մի փոփոխություն չի եղել, դրանք նույն համակարգերն են։ Ընդամենը դատական համակարգն իրենց հնազանդեցնելու խնդիր են լուծում նոր իշխանությունները, ուրիշ ոչինչ»։