Ես, որպես արցախցի եւ մտավորական, դեմ եմ այդ նախաձեռնությանը

Ես, որպես արցախցի եւ մտավորական, դեմ եմ այդ նախաձեռնությանը

Կոտայքի բնակիչ Նորայր Խաչատրյանը դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը՝ Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի կրկնօրինակը Հայաստանում կառուցելու հարցով: Այն հիշեցնենք` հանրությանն ավելի հայտնի է «Տատիկ-Պապիկ»ի հուշարձան անվամբ։ Խաչատրյանը նոյեմբերի 3-ին իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել էր, որ կառավարությունը ոչ միայն հավանություն է տվել իր առաջարկին, ավելին` նա առաջարկել էր, որ ծրագրի իրագործմանը ներգրավվեն հուշարձանի հեղինակի` ճարտարապետ- քանդակագործների ժառանգները, որպեսզի պահպանվի հեղինակային իրավունքը։ 

Արցախի «Մեսրոպ Մաշտոցի» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դեմ է այդ նախաձեռնությանը։ «Մենք ենք մեր սարերը կամ ինչպես հայտնի է՝ «Տատիկ-Պապիկ»-ը Արցախի խորհրդանիշերից է։ Այն իր մեջ պարունակում է իր արմատներին և հայրենիքին խոր արմատներով կառչած պայքարող արցախցուն։ Հուշարձանն իր տեսակով և խոհափլիոփայությամբ եզակի է և վկան է արցախցու պայքարի և պետականության վերականգնման։ Վերջերս տարածվեց մի նախաձեռնություն, որի համաձայն ցանկություն կա ՀՀ-ում ստեղծել հուշարձանի կրկնօրինակը։ Ես, որպես արցախցի եւ մտավորական, դեմ եմ այս նախաձեռնությանը։ Այն շատ բացասական նախադեպ կարող է ստեղծել»,-ասաց Ավանեսովը։ 

Հուշարձանի կրկնօրինակը չի կարող նույն էներգետիկան փոխանցել և նույն արժեքն ունենալ, ինչ բնօրինակը՝ համոզված է Ավանեսովը։ Հուշարձանի եզակիությունը պետք է պահպանվի և չունենա կրկնօրինակ։ «Կրկնօրինակ ստեղծելու փոխարեն պետք է Արցախը վերաազատագրելու հստակ ռազմավարություն մշակվի և ամրապնդվի այն գաղափարախոսությունը, որ առանց Արցախի չի կարող լինել անվտանգ հայկական պետականություն։ Որևէ տեղեկություն չունեմ՝ քննարկե՞լ են արդյոք Արցախի իշխանությունների հետ, թե ոչ։ Դիմում եմ իմ հայրենակիցներին բոլոր քայլերը ձեռնարկել, որպեսզի այս նախաձեռնությունը չիրագործվի»,- եզրափակեց Արցախի համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավարը: