Յամադայի «Յամահայի» առիթով

Յամադայի «Յամահայի» առիթով

Հայաստանի անկախությունը լավ չանդրադարձավ մշակութային, հատկապես երաժշտական օջախների վրա։ Այսպես, պետությունը ֆիլհարմոնիային, Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնին վճարում է աշխատավարձ եւ հոգում կոմունալ ծախսերը։ Բայց բանն այն է, որ այդ ստեղծագործական կոլեկտիվները երաժշտական են, իսկ երաժշտությունը նվագում են գործիքներով, գործիքներն էլ մաշվելու, այլ կերպ ասած՝ ծերանալու, շարքից դուրս գալու հատկություն ունեն։ Եվ 30 տարի պետությունը գրեթե ոչինչ չի արել երկրի առաջատար երաժշտական կոլեկտիվների գործիքների «պարկի» թարմացման համար։ Իսկ այդօրինակ վերաբերմունքը երբեմն հասցնում է խայտառակության, օրինակ, ճանաչված դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը հրաժարվեց իր մենահամերգից Կամերային երաժշտության ազգային կենտրոնի դահլիճում՝ ռոյալի ողբերգական վիճակի պատճառով։

Սակայն, ինչպես ասում են, ցանկացած իրավիճակից ելքեր կան, եթե դրանք լավ փնտրվեն։ Կամերային երաժշտության կենտրոնի ղեկավարությունը պարբերաբար դիմել է արտասահմանյան դեսպաններին՝ ինչ-որ բաներ «կպցնելու» համար։ Երբեմն ինչ-որ բան «կպնում» է, բայց մի անգամ կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանին եւ փոխտնօրեն Գարեգին Սարգսյանին հաջողվեց ջեք փոթ «կպցնել»։ 

Ուրեմն, 2018-ի հունիսին Հայաստան ժամանեց Ճապոնիայի նոր դեսպան Ջուն Յամադան։ Դիմում են նրան խնդրանքով՝ նվիրել «Յամահա» ռոյալ։ Պրն Յամադան, ունենալով երաժշտական կրթություն, «կուտն ուտում է»․ հատկացնում է 100 հազար եվրո, եւ վեց ամսից Կամերային երաժշտության կենտրոնի դահլիճում հայտնվում է աշխարհահռչակ «Յամահա» ֆիրմայի ռոյալը (նշեմ, որ աշխարհում այսօր կա երկու առաջատար դաշնամուրային ֆիրմա, որոնց ռոյալներն արժեն 100 հազարն անց դոլար՝ ամերիկյան «Սթեյնվեյ» եւ ճապոնական «Յամահա»)։ Մի բան էլ դեսպանն է խնդրում կենտրոնի ղեկավարությանը՝ թույլ տալ նվագել Կամերային նվագախմբի կազմում որպես վալթոռնիստ։ Մի խոսքով, «Յամահան» հասավ Երեւան, դեսպանը բարձրացավ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի բեմ՝ շարքային վալթոռնիստի կարգավիճակում նվագախմբի կազմում, եւ բոլորը երջանիկ եղան։

Լավ, Հայաստանի ղեկավարությունն ինչո՞վ է մտածել եւ մտածում շուրջ 30 տարի։ Բա որ ճապոնական դեսպանն էլ երաժշտության հանդեպ սեր չունենար ու երաժշտությունից չհասկանար, Կամերային երաժշտության կենտրոնն առանց ռոյա՞լ էր մնալու։ Հասկանում ենք, որ Հայաստանը հարուստ երկիր չէ, բայց մենք խոսում ենք այնպիսի բանի մասին, որը, նախ, մեծ գումարներ չի պահանջում, երկրորդ՝ երկրի հեղինակությանն է անմիջապես վերաբերում։ 

Մանրամասնեմ միտքս։ Ուրեմն, Հայաստանում կա երեք սիմֆոնիկ նվագախումբ՝ ֆիլհարմոնիկը, օպերայինը եւ վերջերս ստեղծված պետական նվագախումբը։ Աշխարհի սոլիդ երկրների սոլիդ կոլեկտիվներում ընդունված է, որ բոլոր փողայինները նվագեն մեկ ֆիրմայի գործիքներով։ Դա բարձրացնում է հնչողության որակը, հակառակն անընդունելի է։ Օրինակ, պատկերացրեք ժողվարչապետի ավտոշարասյունը, բաղկացած մեկ «Ժիգուլուց», մեկ «Մերսեդեսից», մեկ «Մոսկվիչից» եւ մի քանի «Զապորոժեցից»։ Եվ ինչպիսի՞ տեսք կունենա այդ շարասյունը։ Բա որ էդքանը հասկանում են եւ ժողվարչապետի կորտեժը կազմում են նույն դասի մեքենաներից, ինչո՞ւ չեն հասկանում, որ պետական սիմֆոնիկ նվագախմբերում չի կարելի նվագել ինչով պատահի, պետք է բոլոր երաժիշտներին ապահովել նույն որակի եւ մակարդակի գործիքներով։

Կամ՝ դառնանք ռոյալներին։ Աշխարհի ցանկացած ֆիլհարմոնիկ դահլիճ չի կարող չունենալ ե՛ւ «Սթեյնվեյ», ե՛ւ «Յամահա», իսկ թե որ գործիքը կօգտագործվի՝ կորոշի կոնկրետ արտիստը։ Հիմա փորձենք հաշվել, թե ինչ կարժենա պետության համար երկրի բոլոր օջախները բարձրակարգ գործիքներով ապահովելը։ Շատ ծիծաղելի գումար՝ անգամ աղքատ պետության համար․ ընդամենը հինգ միլիոն դոլար։ Այսինքն՝ երեք սիմֆոնիկ նվագախմբի համար փողային բարձրակարգ գործիքներ գնելը 3 միլիոն (ամեն մեկին՝ 20 հատ, 50 հազար դոլարով), 1 միլիոն՝ ռոյալների համար, որոնք կբաշխվեն Կոնսերվատորիայի, ֆիլհարմոնիայի եւ կամերայինի միջեւ, եւս կես միլիոն կպահանջի ունեցած գործիքների ռեստավրացիան, կես միլիոն էլ հատկացնենք պաշտոնյաների լափին։ Ընդամենը հինգ միլիոն, եւ Հայաստանի երաժշտական օջախները կկերպարանափոխվեն առաջիկա կես դարում։ Արդյո՞ք դա մեծ գումար է։ Արդյո՞ք հնարավոր չէ հայթայթել այն, թեկուզեւ սրանց պարգեւավճարների, այլ ծախսերի հաշվին՝ փոխարենը ունենալով միջազգային մակարդակին համապատասխան կոլեկտիվներ (գործիքների առումով) եւ չամաչել արտասահմանյան արտիստներից։ Մտածելու բան է․․․

ՀԳ 1․ Կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Շահեն Շահինյանը ժամանակին հյուրընկալվել էր Աշխաբադի կոնսերվատորիայում եւ բերանը բաց հետ եկել․․․ Ասում է՝ շենքը վխտում էր «Սթեյնվեյ»-ներով։ Բա նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներն ու ղեկավարությունը թուրքմենների չափ չկա՞ն:

ՀԳ 2․ Ի դեպ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը մի քանի «заход» արել է նաեւ ամերիկյան դեսպանին։ Ապարդյուն (ամերիկյան դեսպանը մի «Սթեյնվեյի» արժեքով բարսեղյան լեւոնների միջոցով Հայաստանում առնվազն 150 ԼԳԲՏ հանրույթի արժեքների պաշտպան, պահապան ու պրոպագանդիստ կպատրաստի, դասական արվեստն ու ընդհանրապես ցանկացած իսկապես օգտավետ գործ Հայաստանի համար նրան երբեք չեն հետաքրքրել):

Արտյոմ Խաչատրյան